Հոդված 1.
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Այս դեպքում վարձու աշխատողների կողմից վճարված սոցիալական վճարները համարվում են նաեւ իրենց կողմից հաշվարկված սոցիալական վճարներ, որոնք կարող են ճշտվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործատուից ստանալուց հետո:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Մինչեւ հաշվետու տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու եւ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում անհատ ձեռնարկատերը պարտավոր է տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնել եւ պետական գրանցման վկայականը ժամանակավոր հանձնել լիազոր մարմին ոչ ուշ, քան` մեկնելուց մեկ ամիս առաջ: Հայտարարագրով հաշվարկված սոցիալական վճարի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո` հնգօրյա ժամկետում:»:
2) 4-րդ մասի վերջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն`
«Լիազոր մարմին ներկայացրած տեղեկությունում հետագայում սխալներ հայտնաբերելու դեպքում գործատուն լիազոր մարմին կարող է ներկայացնել ճշտված տեղեկություն:».
3) 6-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Ապահովադիրների` լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից 2 ամuից ավելի ուշացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք (նաեւ ստուգման ակտով)` վճարման ենթակա սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոuի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ սոցիալական վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարին, իսկ 15 օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ: Նշված տուգանքի հաշվարկումը դադարում է սոցիալական վճարի հաշվետվությունը (հայտարարագիրը) լիազոր մարմին ներկայացնելու պահից կամ սոցիալական վճարների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությանն ուղղված ստուգումը ներառող ստուգման ավարտից:».
4) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1 հոդվածով`
«Հոդված 6.1. Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառումը
1. Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառման համար լիազոր մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
2. Սոցիալական վճարների պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ սոցիալական վճարների պարտավորություններից ավել վճարված գումարները հաշվառվում են դրամներով (առանց լումաների): Լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում եւ այլ փաստաթղթերում, ինչպես նաեւ հարկային մարմնի կողմից տրվող տեղեկանքներում եւ այլ փաստաթղթերում սոցիալական վճարների պարտավորությունների եւ հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ապահովադրի լուծարման դեպքում սոցիալական վճարների մինչ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ գերավճարները անտեսվում են:
3. Սոցիալական վճարների պարտավորությունները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի նվազագույն ամսեկան գումարները) հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով` անկախ հայտարարագրերի (հաշվետվությունների) ներկայացման ամսաթվից:
4. Որեւէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված ապահովադրի համար` պետական գրանցման) պահից եւ ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Լիազոր մարմին հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ` ապահովադրի լուծարման կամ ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչեւ այդ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրերի (հաշվետվությունների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հայտարարագրերից (հաշվետվություններից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարագիր (հաշվետվություն), իսկ մյուսները` ճշտված հայտարարագիր (հաշվետվություն):
5. Ապահովադրի լուծարման դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ եւ լուծարային հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ), եթե այդ հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ապահովադիրը որեւէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Ապահովադրի կողմից միջանկյալ եւ (կամ) լուծարային հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որեւէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հայտարարագրեր (հաշվետվություններ), որոնք չեն համարվում ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):
6. Ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ) եւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):»:
Հոդված 4. Օրենքի հավելված 1-ում`
1) 3-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.3 կետով`
«3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, ապահովադրի կողմից Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաuտացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե ապահովադրի կողմից կոնկրետ չի նշվել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա սոցիլական վճարների պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` սոցիալական վճարի գումարները, տույժերը, տուգանքները:».
2) 4-րդ բաժնում`
ա. 4.1 կետը «տույժ» բառից հետո լրացնել «եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությունով սահմանված դեպքերում տուգանք» բառերով,
բ. 4.2 կետը «տույժերը» բառից հետո լրացնել «(տուգանքները)» բառով,
գ. 4.4 կետը «տույժեր» բառից հետո լրացնել «(տուգանքներ)» բառով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերը մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 24.12.2009թ. ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասինե N1523-Ն որոշման N1 հավելվածով հաստատված` ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագրի 27-րդ կետի:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Հարկային մարմնում հարկային եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, ինչպես նաեւ առանձին օրենքներով նախատեսված տուգանքների պարտավորոթյունները հաշվառվում են անձնական հաշվի քարտերում, որոնց ձեւը սահմանված է ՀՀ ԿԱ ՀՊԾ 25.07.2003թ. N 03/20-Ն հրամանով: Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակում խնդիրներն են անձնական հաշվի քարտի էլեկտրոնային եղանակով վարման առումով հարկային հաշվառման հստակեցումն ու պարզեցումը:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Ներկայացվող փաթեթով առաջարկվում է`
անձնական հաշվի քարտերի (այդ թվում` հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդին կատարված մասհանումների համար` հատուկ անձնական հաշվի քարտերի) վարման պահանջ սահմանել գործող բոլոր օրենքներով, որտեղ նախատեսվում են պարտավորություններ բյուջեի նկատմամբ,
հստակեցնել անձնական հաշվի քարտերում պարտավորությունների հաշվառման չափման միավորը (որպես չափման միավոր առաջարկվում է օգտագործել դրամը` այլապես հնարավոր չի լինելու հաշվարկել տույժերը եւ 5% տուգանքը, միաժամանակ` լուծարման գործընթացը ապահովելու համար առաջարկվում է անտեսել մինչ 100 դրամ պարտավորությունները եւ գերավճարները),
հարկային մարմիններ ներկայացվող ցանկացած փաստաթղթերի համար, որոնք հիմք են հանդիսանում պետական բյուջեի հետ պարտավորություների հաշվառման համար, նախատեսել որոշակի ձեւ (այսինքն` բացառել կամայական ձեւով դրանց ներկայացումը),
այն հարկատեսակների եւ վճարատեսակների համար, որոնց մասով հարկային մարմին ներկայացվող հաշվարկների ուշացման դեպքում նախատեսվում են տուգանքներ, հստակցնել դրանց հաշվարկման կարգը (ստուգումից հետո չշարունակել տուգանքների հաշվարկումը եւ սահմանել տուգանքների հաշվարկման հստակ ժամկետ),
սահմանել «հաշվետու ժամանակաշրջան» հասկացությունը այն հարկատեսակների եւ վճարատեսակների համար, որոնք նախատեսում են հարկային մարմին հաշվարկների ներկայացումը,
հստակեցնել ավել վճարված գումարների հաշվին պարտավորությունների մարման հերթականությունը` ոչ նպատակային վճարումների կամ հաշվանցումների դեպքում (առաջարկվում է առաջնային մարել հարկի, պետական տուրքի կամ այլ վճարի գումարը, ապա տույժերը եւ տուգանքները, իսկ տուգանքներից` առաջնային մարել կրկնապատկվող տուգանքները),
հստակեցնել, որ ստուգման արդյունքներով առաջադրված գումարների նկատմամբ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում տույժեր չեն հաշվարկվում,
հստակեցնել լուծարման գործընթացը (չհաշվարկել լուծարման գործընթացում գտնվող անհատ ձեռնարկատերերի նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարների ամսական գումարները, սահմանել հարկային մարմին ներկայացվող լուծարային հաշվարկների կարգավիճակը),
նախատեսել սկզբնական գրանցումներից հետո անձնական հաշվի քարտերի եւ հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդին կատարված մասհանումների համար վարվող հատուկ անձնական հաշվի քարտերի միջեւ գումարների տեղաշարժերը միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
նախատեսել էլեկտրոնային հարկային հաշիվների կիրառումը` վերացնելով անճշտությւոնները եւ բացառելով տարընթերցությունները:
2. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան հարկային հաշվառման հստակեցումն ու պարզեցումն է:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման եւ հարկային հաշիվների էլեկտրոնային կիրառման հետ կապված ծագած հարցերը: