ՀՈԴՎԱԾ 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 169-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 169. Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը
Առանց պետական գրանցման (բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, եթե անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը հասցված վնասը կազմել է uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հինգհարյուապատիկը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեuնապատիկի չափով:
Սույն հոդվածի համաձայն պետությանը հասցված վնասի հաշվարկում ներառվում է նաեւ լիցենզավորման համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Վարչական Իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում» եւ «Լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում» առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն արդյունավետ, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու ապօրինի ձեռնարկատիրության եւ կեղծ ապրանքների արտադրության, ինչպես նաեւ դրանց իրացմանն ուղված գործունեության դեմ:
Ներկայիս պրակտիկայում նմանատիպ հակաօրինական գործունեություների դեմ իրավական դաշտը բավականին թույլ է եւ հնարավորություն է ընձեռում օրենքի խախտման դեպքում չնչին տուգանքների շնորհիվ ազատվել պատասխանատվությունից, ընդ որում որոշ դեպքերում վնասի չափը հաշվարկելիս պետությանը հասցված վնասի մեջ հաշվի չի առնվում այն գումարը, որը նմանատիպ գործունեություն իրականացնելու համար լիցենզիայի տրամադրման դեպքում գումարներ կբերեր պետական բյուջե:
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է հստակեցնել օրենսդրությունը հետեւյալ փոփոխությունների եւ լրացումների միջոցով, որով «Լիցենզիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության ընդունումը ենթադրում է տվյալ գործունեության տեսակի համար լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում, ինչպես նաեւ «Վարչական Իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» եւ «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի» համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխություններով հստակ սահմանվում է, որ պետությանը հասցված վնասի հաշվարկման դեպքում պարտադիր հաշվի է առնվում նաեւ չվճարված պետական տուրքի գումարը: Այս ամենը թույլ կտա առավել հստակ կիրառել պատիժը եւ կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: