Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5952-01.09.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-193, 27 հունիսի 2001 թվականի) 46-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունում «պատասխանատվություն» բառից հետո ավելացնել «` ներառյալ լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցումը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ եւ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վարչական Իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում» եւ «Լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում» առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն արդյունավետ, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու ապօրինի ձեռնարկատիրության եւ կեղծ ապրանքների արտադրության, ինչպես նաեւ դրանց իրացմանն ուղված գործունեության դեմ:

Ներկայիս պրակտիկայում նմանատիպ հակաօրինական գործունեություների դեմ իրավական դաշտը բավականին թույլ է եւ հնարավորություն է ընձեռում օրենքի խախտման դեպքում չնչին տուգանքների շնորհիվ ազատվել պատասխանատվությունից, ընդ որում որոշ դեպքերում վնասի չափը հաշվարկելիս պետությանը հասցված վնասի մեջ հաշվի չի առնվում այն գումարը, որը նմանատիպ գործունեություն իրականացնելու համար լիցենզիայի տրամադրման դեպքում գումարներ կբերեր պետական բյուջե:

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է հստակեցնել օրենսդրությունը հետեւյալ փոփոխությունների եւ լրացումների միջոցով, որով «Լիցենզիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության ընդունումը ենթադրում է տվյալ գործունեության տեսակի համար լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում, ինչպես նաեւ «Վարչական Իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» եւ «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի» համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխություններով հստակ սահմանվում է, որ պետությանը հասցված վնասի հաշվարկման դեպքում պարտադիր հաշվի է առնվում նաեւ չվճարված պետական տուրքի գումարը: Այս ամենը թույլ կտա առավել հստակ կիրառել պատիժը եւ կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: