Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի`
1. 7-րդ հոդվածի երկրորդ մասի «ժա)» կետում «արտոնությունների» բառից հետո լրացնել «, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների» բառերը, իսկ «գումարների» բառից հետո` «, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների» բառերը,
2. 8-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «արտոնությունների» բառից հետո լրացնել «, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների» բառերը, իսկ «գումարները» բառից հետո` «, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկման օբյեկտում չներառելու համար համապատասխան օրենսդրական հիմքի ստեղծումն է:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ներկայումս շահութահարկով հարկման օբյեկտում չեն ներառվում միայն հարկային արտոնությունների գումարները: Խնդիրը կայանում է նրանում, որ նույն մոտեցումը ամրագրված չէ պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարների, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների մասով: Վերջինս նշանակում է, որ պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարների, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների ստացումը հարկ վճարողների մոտ շահութահարկի գծով համապատասխան հարկային պարտավորություններ են առաջացնում, ինչը կարծում ենք տրամաբանական չէ (այստեղ, թերեւս պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարներն ու տուրքերը իրենց բնույթով նման են հարկերին, քանի որ երկուսն էլ պարտադիր եւ անհատույց կարգով պետական բյուջե վճարվող գումարներ են, իսկ պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից սուբսիդիաների տրամադրումը նպատակ ունի փոխհատուցելու նվազագույն շահավետ գնից ցածր մակարդակում սահմանված սակագնով ապրանքների մատակարարումից եւ ծառայությունների մատուցումից առաջացող վնասները):
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկման առումով հարկման օբյեկտում չեն ներառվում:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարներն ու սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաներն են:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը . Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հարկ վճարողների համար կստեղծվեն պետության կողմից տրամադրվող արտոնություններից ու սուբսիդիաներից օգտվելու առավել ամբողջական հնարավորություններ: