Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-946-09.07.2010,06.09.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 24-ի ՀՕ-200 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 10.2 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 10.2. Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակման օր` նշվում է հունիսի 29-ին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման առարկան

Սույն նախագծի կարգավորման առարկան Հայաստանի նորանկախ պետականության պաշտպանության ու կայացման, ինչպես նաեւ Արցախի հերոսամարտում հայոց հաղթանակի համար իրենց դրական դերակատարումն  ունեցած անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա ամրագրումն է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) .

ՀՀ օրենքով ամրագված կարգով նշվում է Երկրապահի օրը` մայիսի 8-ը: Սակայն անհայտ կորած ազատամարտիկներին հարկավոր է  այլ կարգավիճակով դասակարգել, քանի որ նրանց կարգավիճակը, ըստ էության, տարբերվում է կենդանի կամ զոհված ազատամարտիկների կարգավիճակից, հետեւաբար նաեւ սխալ է նույնացումը հայրենիքի պաշտպանության համար նահատակված կամ մահացած զինվորների կարգավիճակի հետ: Անհրաժեշտ է  ՀՀ օրենսդրությամբ ու ելնելով անհայտ կորած զինվորների  վերաբերյալ Ժնեւյան կոնվենցիայի հիմնադրույթներից` «անհայտ կորած ազատամարտիկի» կարգավիճակին համապատասխան հիշատակման օր ամրագրել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2.2 Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Անհայտ կորած ազատամարտիկների օրը թե' Հայաստանի, թե' ԼՂ հանրապետությունների կառավարական ու հասարակական մակարդակներով դե ֆակտո նշվում է 2001թվականից սկսյալ: Այժմ ունենք 2000թ. հոկտեմբերի 23-ի ՀՀ Կառավարության N663 որոշումը, որով   հունիսի 29-ը սահմանված է որպես անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնպես ունի Կառավարության որոշում` ընդունված 1999թ. մայիսի 19-ին, որով հունիսի 29-ը հայրենիքի համար նահատակված եւ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: ԼՂՀ-ն սակայն սույն որոշման հիման վրա 2001թ. մայիսի 26-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն ամրագրել է «ԼՂՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածում (ԼՂՀ, ՀՕ-149): ՀՀ օրենսդրության մեջ որոշումը դեռեւս օրենքի չի վերափոխվել:

2.3. Առկա խնդիրի առաջարկվող լուծումները.

Նախագիծը նպատակ ունի ՀՀ Կառավարության գործող որոշումն ամրագրել օրենքով:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Սույն նախագծի կիրառման արդյունքում հստակեցում կմտնի անհայտ կորած ազատամարտիկների կատեգորիայի հարցում: Սույն նախագծի ընդունումը կարեւոր է անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների, ժառանգների եւ առհասարակ հասարակության համար: Նախագծի կիրառմամբ օրենքով կամրագրենք գիտակցությունն առ այն, որ հայրենիքի ու նրա շահերի պաշտպանության համար կյանքը նվիրաբերած ազատամարտիկների հանդեպ հարգալից վերաբերմունքն ու նրանց գործի հիշատակումը այսօրվա եւ վաղվա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է: Սույն  նախագծի կիրառումը նաեւ կարեւոր քայլ կլինի սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար: