Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 302-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն օրենսգրքի 305-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչեւ դատական ակտն ընդունելը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 305-րդ հոդվածի երկրորդ մասի «132» թիվը փոխարինել «131» թվով:
Հոդված 3. Օրենսգրքի 305-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Uույն oրենuգրքի 123-129-րդ, 131-134.1-րդ եւ 140-րդ հոդվածներով uահմանված տուգանքը նշանակելու մաuին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքը վճարելու դեպքում տուգանքի չափը կրճատվում է հիսուն տոկոսով, բացառությամբ տուգանքի ժամկետը տարաժամկետելու դեպքի: Տուգանքը տարաժամկետելու դիմումում uահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո` 30 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը կրկնապատվում է, իսկ 60 oրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման:
«Սույն հոդվածի երրորդ մասում նշված հոդվածներով սահմանված տուգանքը չվճարվելու դեպքում տուգանքի գումարի բռնագանձման համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է 60-oրյա ժամկետը լրանալուց հետո` 120 oրվա ընթացքում, դիմել դատարան:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հիմնական նպատակը Օրենսգրքի 305-րդ հոդվածով նախատեսված վարչական տոգանքի վճարման ապահովմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումն է: Մասնավորապես, առաջարկվող փոփոխությունները նպատակ ունի շահագրգռել իրավախախտում կատարած եւ օրենքով սահմանված կարգով տուգանված անձանց` վարչական տուգանքը վճարել հնարավորինս սեղմ ժամկետներում` գործը չհասցնելով դատական ատյանին: Մյուս կողմից` անհրաժեշտ է հստակեցնել եւ որոշ համաչափություն ապահովել տուգանքի եւ դրա նշանակման նպատակի կամ մոտիվացիայի միջեւ, քանի որ նման համաչափության բացակայությունը հանգեցնում է նշանակված տուգանքների համատարած չվճարմանը, եւ արդյունքում` ժամկետանց պարտավորությունների կուտակմանը:
Այս կապակցությամբ նախագծով առաջարկվում է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել իրավախախտում կատարած եւ օրենքով սահմանված կարգով տուգանված անձանց համար` տեղում կամ 3 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում տուգանքի չափը 50 տոկոսով կրճատելու, 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկելու, 60 oրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկելու եւ միայն այդ տուգանքի վճարումից չարամտորեն խուսափողների նկատմամբ կիրառել դատական կարգով տուգանքի բռնագանձման մեխանիզմը, այդ կերպ դատարանին հնարավորություն ընձեռելով վճարման ժամկետ uահմանել առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ տուգանքը վճարել մաu առ մաu` նույն ժամկետում, uահմանելով տուգանքի վճարման ժամանակացույց: Այս դեպքում է, որ հաշվի է առնվում վարչական պատասխանատվության առանցքային` արդարության, կատարված արարքին համապատասխան պատասխանատվության միջոցի համաչափության, տույժի անհատականացման եւ տարբերակման սկզբունքները, քանի որ տուգանքը, որպես տույժի տեսակ` պատասխանատվության միջոց կիրառվում է նպատակ ունենալով կանխել ինչպես իրավախախտողի, այնպեu էլ այլ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը եւ ոչ թե գումարի հավաքագրումը:
Միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզվել է, որ Իսպանիայում եւ Եգիպտոսում տեղում վճարելու դեպքում տուգանքը կրճատվում է 50 տոկոսով:
Ֆրանսիայում տուգանքը տեղում կամ 24 ժամվա ընթացքում վճարելու դեպքում այն կրճատվում է 30 տոկոսով, մինչդեռ օրենքով սահմանված 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում այն ավտոմատ ավելանում է` նշանակալի չափով, իսկ տուգանքի որոշումը փոստով ստանալու պահից 7 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը ավելանում է հետեւյալ համաչափությամբ` 7 օր հետո վճարելու դեպքում ավելանում է 50 տոկոսի չափով, իսկ 30 օր հետո` եռապատկվում է:
Գերմանիայում տուգանքը տեղում կամ 3-7 բանկային օրվա ընթացքում վճարելու դեպքում այն 30-ից 50 տոկոսով իջեցվում է, իսկ մեկ ամիս եւ ավելի չվճարելու դեպքում 2-3 անգամ ավելանում է:
Որոշ պետություններում Բելգիա, Իսրայել, Իսպանիա, ԱՄՆ տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու համար նախատեսվում է տրանսպորտային միջոցի բռնագրավում` որպես գրավ եւ տուգանային հրապարակում այն պահպանելու համար որոշակի վճար, իսկ Ճապոնիայում` վարորդական իրավունքի զրկում: