Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9761-15.09.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 66-րդ հոդվածի առաջին մասում`

1) առաջին նախադասությունում «5-ից» բառը փոխարինել «20-ից» բառով,

2) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է տարին մեկ` հաջորդ տարվա փետրվարի 20-ից ոչ ուշ, սահմանված ձեւով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմնին` անցած տարում ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված եւ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին (ամսական կտրվածքով):»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից եւ կիրառվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 21.01.2010թ. N 97-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակներում եւ նպատակ ունի միասնականացնել հարկ վճարողների կողմից  շահութահարկի հաշվարկման եւ վճարման ընթացակարգը, ներկայացվող հաշվետվությունների եւ հարկի վճարման ժամկետները:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին (30.06.1997թ., ՀՕ-155) համապատասխան Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ են վճարում ՀՀ ռեզիդենտները եւ ոչ ռեզիդենտները: Ի տարբերություն ՀՀ ռեզիդենտների, որոնք իրենց շահութահարկը հաշվարկում են ինքնուրույն` հարկային մարմիններ ներկայացվող շահութահարկի հաշվարկի հիման վրա, Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանման միջոցով (մասնաճյուղ, ներկայացուցչություն) գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից շահութահարկի հաշվարկումը կատարում է հարկային տեսչության մարմինը` ոչ ռեզիդենտի կողմից ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հիման վրա: Հարկային մարմնի կողմից հարկի հաշվարկումը, ըստ էության կրում է ձեւական բնույթ, քանի որ հայտարարագիրը ամբողջությամբ լրացվում է ոչ ռեզիդենտի կողմից եւ հարկային մարմինը, հիմք ընդունելով այդ թվային մեծությունները (առանց այդ թվային մեծությունների վերահսկման որեւէ հնարավորության), կատարում է մաթեմատիկական գործողություն` հարկվող շահույթը բազմապատկելով 20%-ով:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտներին (որոնք չունեն Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանում /մասնաճյուղ, ներկայացուցչություն/) վճարվող եկամուտներից շահութահարկի պահումը եւ բյուջե վճարումը կատարում են եկամուտ վճարողները (հարկային գործակալները): Վերջիններս, համաձայն նույն օրենքի, պարտավոր են ներկայացնել հարկային տեսչության մարմիններ ամփոփ հաշվարկներ` ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված եւ բյուջե վճարված շահութահարկի մասին: Այդ  հաշվարկների ներկայացման եւ հարկի վճարման ժամկետները տարբերվում են հարկային, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների  օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի ներկայացման եւ վճարման ժամկետներից, ինչը բարդություններ է ստեղծում է հարկ վճարողների համար` տարբեր հաշվետվությունները տարբեր ժամկետներում լրացնելու եւ ներկայացնելու առումով:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Օրենքի նախագծով առաջարկվում է վերապահել Հայաստանի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանման միջոցով (մասնաճյուղ, ներկայացուցչություն) գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտներին ինքնուրույն հաշվարկել իրենց շահութահարկը, իսկ  հարկային գործակալների համար սահմանել հաշվարկների ներկայացման եւ հարկի վճարման` հարկային գործակալների համար սահմանված միասնական ժամկետներ:

2. Կարգավորման առարկան, իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի կարգավորման առարկան է ստեղծել Հայաստանի գործարար միջավայրում բարենպաստ պայմաններ` Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտների հարկման, ոչ ռեզիդենտներին վերաբերվող հայտարարագրերի, հաշվարկների լրացման եւ ներկայացման միասնականացման առումով: