Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9763-15.09.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության (7 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-79) օրենքի 8-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «ակցիզային հարկի» բառերից հետո լրացնել «հաշվարկման ու վճարման» բառերը,

2) 3-րդ մասի «ամսվա 15-ը» բառերը փոխարինել «ամսվա 20-ը ներառյալ» բառերով, իսկ «համապատասխան տարածքային հարկային տեսչություն են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձեւով» բառերը փոխարինել «յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, համապատասխան հարկային տեսչություն ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ`  հարկային մարմնի  սահմանած ձեւով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետում «հաշվետու ժամանակաշրջանի» բառերը փոխարինել «եռամսյակի» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է հաշվետվությունների քանակությունների կրճատման եւ հաշվետվությունների ներկայացման համար միասնական ժամկետների սահմանման հետ:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ գործող օրենքով ՀՀ-ում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացնել ակցիզային հարկի հաշվարկ եւ վճարել ակցիզային հարկը: Ակցիզային հարկը վճարվում եւ ակցիզային հարկի հաշվարկները ներկայացվում են մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ակցիզային  հարկ  վճարողները ակցիզային հարկի հաշվարկ պետք է ներկայացնեն յուրաքանչյուր եռամսյակի համար: Եռամսյակի համար ներկայացվող հաշվարկներում տվյալները պետք է լրացվեն ամսական կտրվածքով: Ակցիզային հարկի հաշվարկի ներկայացման ժամկետ է սահմանվում մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է ակցիզային հարկի վճարման ժամկետ սահմանել յուրաքանչյուր ամսվա համար` մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը: