Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 204.35-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 204.36-րդ հոդվածի`
1) «Նոր հանգամանքներով» բառերը փոխարինել «Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով» բառերով.
2) 3)-րդ կետը «դարձած» բառից հետո լրացնել «նոր երեւան եկած կամ» բառերով.
3) 4)-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «նոր երեւան եկած կամ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 204.37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 204.37. Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը
1. Դատարանը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, բողոքը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու կամ բողոքը վերադարձնելու մասին:
2. Դատարանը, դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն պատշաճ ձեւով ուղարկում է բողոք ներկայացրած անձին եւ գործին մասնակցող անձանց` նշելով բողոքի քննության ժամանակը եւ վայրը:
3. Դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ դատարանը կարող է միաժամանակ լրիվ կամ մասամբ կասեցնել դատական ակտի գործողությունը:
4. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվում է, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 204.36-րդ հոդվածով նախատեսված պահանջները.
2) բողոքում նշված դատական ակտի վերանայումը ընդդատյա չէ այն դատարանին, որին հասցեագրվել է բողոքը.
3) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, եւ բողոք ներկայացրած անձը միջնորդություն չի ներկայացրել դա վերականգնելու մասին.
4) մինչեւ դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.
5) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր երեւան եկած կամ նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրինագծի ներկայացումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.
1) վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում գործերի քննության կոլեգիալության սկզբունքն արդեն իսկ սահմնաված է Քաղ. դատ. օր. 19-րդ հոդվածով, ուստի նույն օրենսգրքի 204.35-րդ հոդվածում դա նշելն ավելորդ է,
2) վերանայվող 204.35 եւ 204.37-րդ հոդվածներում կան կրկնություններ, մասնավորապես` եռօրյա ժամկետում որոշում կայացնելու մասին, որը նույնպես անհրաժեշտ է վերացնել,
3) օրենսգրքի 204.36-րդ հոդվածում նշված է միայն նոր հանգամանքներով բողոքի բովանդակությունը, մինչդեռ դա հավասարապես վերաբերում է նաեւ նոր երեւան եկած հանգամանքներով բողոքին,
4) 204.35-րդ հոդվածում անհարկի նշված է, որ դատարանը պարտավոր է բողոքը քննել ողջամիտ ժամկետում, որն արդեն իսկ նշված է Քաղ. դատ. օր. 216 եւ 236-րդ հոդվածներում,
5) 204.37-րդ հոդվածում ժամկետները համապատասխանեցվել են վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում բողոքներին ընթացք տալու ժամկետներին,
6) 204.37-րդ հոդվածում կարգավորված չեն դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու սպառիչ հիմքերը, որոնք այժմ լրացվել են:
Այսպիսով, օրինագիծն ուղղված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա կրկնաբանությունները վերացնելուն եւ այն իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխանեցնելուն: