Armenian ARMSCII Armenian
Պ-8691-10.04.2010,15.09.2010-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 151-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 151. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության կարգը

«Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերը հարուցվում են Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված անձանց հայցադիմումով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 152-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Ֆիզիկական, պաշտոնատար կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» բառերը փոխարինել «Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի)» բառերով.

2) 2-րդ մասի «Դիմումին» բառը փոխարինել «Իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) դիմումին» բառերով.

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, պետք է նաեւ ներառի`

1) հայցադիմումը ներկայացնելու համար հիմք հանդիսացած գործողությունների  կատարման վայրի եւ ժամանակի մասին տեղեկություններ.

2) հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքի դրույթները.

3) դիմողի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որը կատարել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողություն կամ չի կատարել որեւէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործը քննելիս վարչական դատարանը պարզում է, թե տեղի է ունեցել արդյոք վարչական իրավախախտման դեպքը, եւ առկա է արդյոք հայցադիմումում նշված անձի կողմից դա կատարելու փաստը, նախատեսված է արդյոք օրենքով վարչական պատասխանատվություն տվյալ իրավախախտումը կատարելու համար, ինչպես նաեւ նշանակում է կամ մերժում է նշանակել վարչական տույժ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: