Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ ՀՕ-155 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4 հոդվածի 1-ին կետի «բացառությամբ Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների» բառերը փոխարինել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների` բյուջետային հատկացումների եւ ամբողջությամբ բյուջե փոխանցվող եկամուտների մասով» բառերով:
Հոդված 2 . Օրենքի 13 հոդվածի՝
ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը՝ ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, եւ
1) եթե այդ ծասերը չեն գերազանցում հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով,
2) եթե այդ ծասերը գերազանցում են հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան հինգ տարվա ընթացքում: Այն դեպքում, երբ հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է հինգ տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են այդ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում»:
բ) 4-րդ կետում «հայտանիշների» բառից հետո լրացնել «եւ (կամ) չափերի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 16 հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժգ» ենթակետով՝
«ժգ) վարկերի եւ փոխառության դիմաց վճարվող տոկոսների՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային տոկոսադրույքի կրկնակի չափը գերազանցող մասը:»:
Հոդված 4. Օրենքի 25 հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունում «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ կազմակերպությունների միացման, միաձուլման եւ վերակազմավորման ձեւով վերակազմակերպման դեպքերի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 401 հոդվածում «բնակչությանը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության քաղաքային եւ գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում ( կառավարում) իրականացնող անձանց» բառերը:
Հոդված 6. Օրենքի 47 հոդվածի՝
ա) 2-րդ կետի առաջին պարբերությունում «չափով» բառից հետո լրացնել «, բայց ոչ պակաս, քան նախորդ ամսվա ընթացքում ակտիվների իրացումից եւ ծառայությունների մատուցումից հաշվեգրման մեթոդով հաշվարկված եկամտի եւ նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով՝ հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության 1 տոկոսի չափով (կանխավճարի նվազագույն չափ), բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի» բառերով, նույն կետի երկրորդ պարբերությունում «եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «կետով նախատեսված դեպքի» բառերով, իսկ երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագներ կիրառող հարկ վճարողների, ինչպես նաեւ թանկարժեք քարերի մշակման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար շահութահարկի կանխավճարների կատարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,
բ) 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
գ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Շահութահարկի կանխավճարներ չեն կատարում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները՝ շահութահարկի վճարումից ազատված եկամուտների մասով:»,
դ) 5-րդ կետի առաջին նախադասությունում «գումարից ոչ պակաս չափով» բառերը փոխարինել «գումարի չափով, բայց ոչ պակաս սույն հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունով սահմանված կանխավճարի նվազագույն չափը» բառերով,
ե) 6-րդ կետում առաջին նախադասության «ինքնուրույն» բառից հետո լրացնել «՝ ոչ պակաս, քան սույն հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունով սահմանված կանխավճարի նվազագույն չափով» բառերը.
զ) 8-րդ կետում «համաձայն բառից հետո» լրացնել «, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի» բառերը, իսկ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը կանխավճարի նվազագույն չափով հաշվարկված տարեկան գումարից պակաս լինելու դեպքում հաշվետու տարվա կանխավճարի նվազագույն չափով հաշվարկված գումարի եւ փաստացի շահութահարկի գումարների տարբերությունը ենթակա է հաշվանցման միայն հետագա հաշվետու տարիների համար առաջացող շահութահարկի պարտավորությունների հաշվին եւ ենթակա չէ վերադարձման (այդ թվում՝ կազմակերպության լուծարման դեպքում):»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 6 հոդվածն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:
Մինչեւ պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագներ կիրառող հարկատուների, ինչպես նաւեւ թանկարժեք քարերի մշակման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար շահութահարկի կանխավճարների կատարման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվելը հարկատուները շահութահարկի կանխավճարները կատարում են 2003 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող կարգով եւ չափով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է՝
ա) վերանայել շահութահարկի կանխավճարների հաշվարկման մոտեցումները՝ դրանով իսկ կանխավճարների կատարման համահավասար պայմաններ ապահովելով բոլոր հարկատուների (վնասով եւ շահույթով աշխատող) համար: Առաջարկվում է կանխավճարների ամսեկան նվազագույն չափը սահմանել հարկ վճարողի նախորդ ամսվա ակտիվների իրացումից եւ ծառայությունների մատուցումից հաշվեգրված եկամտի եւ հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության 1.0 տոկոսի չափով:
Առաջարկվում է պահպանել շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող հարկ վճարողների համար շահութահարկի նվազեցմանը համամասնորեն կանխավճարների գումարները նվազեցնելու արտոնությունը (օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններ, ազատ տնտեսական գոտու կազմակերպիչներ եւ շահագործողներ), ինչպես նաեւ նաեւ կանխավճարների կատարումից ազատել գյուղատնտեսական գործունեություն իրականացնող հարկ վճարողներին: Նատեսվում է նաեւ, որ պետության կողմից հաստատված սակագներ կիրառող ոլորտներում կանխավճարների կատարման առանձնահատկությունները պետք է սահմանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
բ) սահմանել հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ծախսերի հաշվառման նոր կարգ, որը կկարգավորի լրիվ կամ մեծամասամբ ամորտիզացված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ծախսերի մեծությունը համախառն եկամտից նվազեցնելու հարցը:
Գործող օրենսդրությամբ, երբ լրիվ ամորտիզացված կամ ամորտիզացման վերջին տարում հիմնական միջոցի վրա կատարվում են կապիտալ ծախսեր, դրանք ճանաչվում են ծախս՝ ամբողջությամբ նվազեցվելով տվյալ տարվա համախառն եկամտից: Տվյալ դեպքում իմաստազրկվում է կապիտալ եւ ընթացիկ ծախսերի դասակարգումը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը փոքր է այդ ակտիվների տնտեսական օգտագործման ժամկետից. արդյունքում առաջանում է համախառն եկամտից նվազեցվող ծախսերի ուռճացում: Այդ պատճառով առաջարկվում է հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը նվազեցնել ոչ պակաս 5 տարում, եթե դրանք գերազանցում են հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը: Նախատեսվում է նաեւ մինչեւ 5 տարի ժամկետ ունեցող հիմնական միջոցների համար կապիտալ ծախսերը նվազեցնել ամորտիզացիոն ժամկետում,
գ) կանոնակարգել ոռոգման եւ խմելու ջրի մատակարարման ամբողջ շղթայում շահութահարկը դրամարկղային մեթոդով հաշվարկելու մոտեցումները: Առաջարկվում է այդ մոտեցումները վերապահել նաեւ ջրամատակարարման միջանկյալ օղակներում կատարվող մատակարարումներին,
դ) վերացնել օրենքում տեղ գտած հակասությունները, անհստակությունները: