Հոդված 1 . Ուժը կորցրած ճանաչել «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-67-Ն օրենքը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի ներկայացման անհրաժեշտությունը բխում է`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի միջեւ կնքված` 2010-2013 թվականների տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունների հուշագրից, համաձայն, որի Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ծխախոտի արտադրանքի եւ բենզինի ու դիզելային վառելիքի հարկման հաստատագրված վճարների համակարգը փոխարինել հարկման ընդհանուր համակարգով,
բ) Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության առջեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ներմուծվող եւ տեղական արտադրության ապրանքների համար կիրառել հարկման միատեսակ մոտեցումներ,
գ) ծխախոտի արտադրանքի հարկման բնագավառում ստեղծված իրավիճակի փոփոխության անհրաժեշտությամբ. չնայած այն հանգամանքին, որ 2009 թվականի հունվարի 30-ից ֆիլտրով ծխախոտի արտադրանքի համար սահմանված հաստատագրված վճարի չափը բարձրացվեց շուրջ 18 տոկոսով` ծխախոտի արտադրանքի ոլորտից հավաքագրվող եկամուտների ուղղությամբ կատարված վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ 2009 թվականի հունվար ամսվանից սկսած` պետական բյուջեի եկամուտները սկսել են նկատելիորեն կրճատվել:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
ա) Ներկայումս ծխախոտի արտադրանքի եւ բենզինի ու դիզելային վառելիքի հարկումն իրականացվում է հաստատագրված վճարների համակարգով: Խնդիրը կայանում է նրանում, որ հաստատագրված վճարների համակարգի կիրառությունը չի բխում հարկման արդարության սկզբունքից:
բ) Նախքան ծխախոտի արտադրանքի հարկման հաստատագրված վճարների դրույքաչափերը վերանայելը ներմուծվող եւ տեղական արտադրության ֆիլտրով ծխախոտի արտադրանքի 1000 հատիկի համար սահմանված դրույքաչափերի տարբերությունը 1500 դրամ էր, իսկ դրույքաչափերի վերանայումից հետո այն հասցվեց 1750 դրամի: Խնդիրը կայանում է նրանում, որ հաստատագրված վճարների դրույքաչափերի տարբերությունը չի բխում Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ երկրների առջեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից:
գ) ներկայումս տեղական արտադրության օղու 1 լիտի համար ակցիզային հարկը սահմանված է ոչ պակաս, քան 380 դրամ, իսկ ներմուծվող օղու 1 լիտրի համար` ոչ պակաս, քան 600 դրամ:
դ) Ներկայումս ծխախոտի արտադրանքի համար սահմանված դրույքաչափերի միջեւ եղած տարբերությունը չի նպաստում պետական եկամուտների անհրաժեշտ մակարդակի հավաքագրմանը:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է`
ա) 2011 թվականի հունվարի 1-ից բենզինը եւ դիզելային վառելիքը հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ` սահմանելով, որ բենզինի համար պետք է կիրառվի ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափ, իսկ դիզելային վառելիքի համար` ակցիզային հարկի արժեքային դրույքաչափ: Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսված է, որ դիզելային վառելիքի ներմուծումը եւ օտարումը պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկից,
բ) 2014 թվականի հունվարի 1-ից ծխախոտի արտադրանքը հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ` սահմանելով, որ ծխախոտի արտադրանքի համար պետք է կիրառվի ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափ, իսկ ավելացված արժեքի հարկը պետք է հաշվարկվի ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնից: Միաժամանակ, նախագծերի փաթեթով սահմանված է, որ ծխախոտի արտադրանք արտադրող եւ (կամ) ներմուծող չհանդիսացող անձանց կողմից ծխախոտի արտադրանքի իրացումն ազատվելու է ավելացված արժեքի հարկից,
գ) 2011 թվականի հունվարի 1-ից, նախագծով սահմանված ժամանակացույցին համապատասխան, կրճատել ծխախոտի արտադրանքի ներմուծման եւ տեղական արտադրության համար սահմանվող հաստատագրված վճարի դրույքաչափերի միջեւ եղած տարբերությունը` 2013 թվականին այն հասցնելով 1000 դրամի ծխախոտի արտադրանքի 1000 հատիկի հաշվով: Զուգահեռաբար նախատեսվում է փոքր-ինչ բարձրացնել ծխախոտի արտադրանքի համար սահմանված հաստատագրված վճարի դրույքաչափերը:
դ) 2011 թվականի հունվարի 1-ից հավասարեցնել տեղական արտադրության եւ ներմուծվող օղիների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը` զուգահեռաբար յուրաքանչյուր 250 հազար լիտր օղու ներմուծման համար սահմանելով 30 մլն. դրամ թույլտվության վճար, այնպես, ինչպես օղու տեղական արտադրություն կազմակերպելու համար ներկայումս սահմանված է պետական տուրք 15 մլն. դրամի չափով:
2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է`
ա) ծխախոտի արտադրանքի, ինչպես նաեւ բենզինի ու դիզելային վառելիքի գծով անցում կատարել հարկման առավել արդարացի` արժեքային համակարգի,
բ) ապահովել Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության առջեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը,
գ) բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե հավաքագրվող հարկային եկամուտների մակարդակը: