ՀՈԴՎԱԾ 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի`
1) 4-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարվա, ոստիկանական մասնագիտությունների համար` առնվազն 3 տարվա, բժշկական մասնագիտությունների համար? մինչեւ 5 տարվա»,
2) 6-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված եւ (կամ) դադարեցված բարձրագույն ուսումնական հաստատությունների (կամ դրանց մասնագիտությունների) սովորողները կարող են մասնակցել պետական եւ համապատասխան մասնագիտություններով հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթացիկ եւ (կամ), ամփոփիչ ատեստավորմանը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 14-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բակալավրի կրթական ծրագրում իրականացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»,
2) 4-րդ մասի «հաշվառմամբ» բառից հետո լրացնել «` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի» բառերով,
3) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ բակալավրի կրթական ծրագրի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 17-րդ հոդվածի`
1) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Կրթությունն ընդհատած նախկին սովորողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնվելու այն կիսամյակում, որտեղ ընդհատվել է ուսումը: Առաջին կուրսի առաջին կիսամյակում վերականգնումն արգելվում է: Վերականգնման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»,
2) 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«7. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում եւ ուսանողական այլ կազմակերպություն-ներում: Ուսանողական խորհուրդների եւ ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման եւ գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսանողական խորհուրդների եւ ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդը»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության «կնքում է» բառից հետո լրացնել «մինչեւ» բառը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 21-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«7)Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության կարգի եւ գիտելիքների գնահատման միասնական համակարգի հաստատումը.»,
2) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«8) Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների շարժունության կարգի սահմանումը.»,
3) 2-րդ մասի 8-րդ կետում «հեռավար (դիստանցիոն) եւ դրսեկության (էքստեռնատի)» բառերը հանել,
4) 2-րդ մասը 8-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «9-11-րդ կետերով.
«9) Բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության եւ գիտելիքների գնահատման միասնական համակարգի ու սկզբունքների մշակումը.
10) Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) եւ վերականգնման կարգի հաստատումը.
11) Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության եւ մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգերի հաստատումը:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում «2010» թիվը փոխարինել «2011» թվով:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
<<Կրթության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> եւ <<Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պետական եւ ոչ պետական բուհերի մրցակցային դաշտի ստեղծմամբ, որը հնարավորություն կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր դիմորդների եւ ուսանողների համար: Բուհերի ընդունելության միասնական կարգի ընդունումը կապահովի պետական եւ ոչ պետական բուհերի դիմորդների հավասար իրավունքները: Դիմորդին հնարավորություն կտրվի հավասար պայմաններով մասնակցելու պետական եւ ոչ պետական բուհերի հավատարմագրված կրթական ծրագրերի ընդունելության մրցույթին:
Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողների ուսանողական խորհուրդների, ուսանողական գիտական ընկերությունների եւ ուսանողական այլ կազմակերպություն-ների ստեղծման եւ գործունեության կարգի ընդունումը ուսանողներին հնարավորություն կտա ընդգրկվելու հանրապետության կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացին, ինչպես նաեւ` ավելի ակտիվ մասնակցելու բուհական, ներբուհական, միջբուհական կյանքին: Պայմաններ կստեղծվեն ուսանողական խորհուրդներին ինտեգրվելու եվրոպական համապատասխան կառույցներին, ակտիվորեն մասնակցելու Բոլոնիայի գործընթացին:
Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների շարժունության կարգի ներդրումը պայմանավորված է Բոլոնիայի գործընթացի դրույթներով: Գործող կարգը ամբողջությամբ չի ապահովում ուսանողների փոխադրումը բուհից բուհ, մասնագիտությունից մասնագիտություն, ներբուհական, ինչպես նաեւ` արտասահմանյան բուհեր փոխադրվելու ժամանակ առաջացած խնդիրները:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) եւ վերականգնման կարգի ընդունումը պայմանավորված է ուսանողներից եւ բուհերից ստացվող բազմաթիվ դիմումներով եւ գրություններով: Կարգի ընդունումը հնարավորություն կտա հստակեցնել ուսանողների իրավունքները, հեռացման /ազատման/ եւ վերականգնման գործընթացների առկա բացթողումները, կտարանջատվի հեռացման եւ վերականգնման գործընթացները:
Հաշվի առնելով նախորդ տարիների ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների բազմաթիվ դիմում-խնդրանքները` իրենց հնարավորություն ստեղծելու պետական նմուշի դիպլոմ ստանալու հարցում, նպատակահարմար է օրենքով ամրագրել նրանց իրավունքները եւ հնարավորություն տալ մասնակցելու ոչ պետական հավատարմագրված բուհերում համապատասխան մասնագիտության ամփոփիչ ավարտական քննություններին:
Չհավատարմագրված կրթական ծրագրերից, ինչպես նաեւ` ըստ կրթական ծրագրերի լիցենզիայի գործունեությունը կասեցնելու եւ /կամ/ դադարեցնելու դեպքում, դրանցում սովորող ուսանողներին եւ շրջանավարտներին հնարավորություն կտրվի դրսեկության կարգով, ըստ մասնագիտությունների, մասնակցել պետական եւ հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթացիկ, ամփոփիչ ատեստավորմանը: