Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1825-08.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի թիվ ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4 հոդվածի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի կիրառման առումով ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է առաջանում նաեւ սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում»:

Հոդված 2. Օրենքի 7 հոդվածում՝

ա) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման կամ հանրապետության տարածքում մաքսային եւ հարկային հսկողության, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ եւ պահանջներ»,

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 3-րդ կետ.

«3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը դրանց ձեռքբերման օրվան հաջորդող մինչեւ 90-րդ օրը լրանալը չվերադարձնելու կամ տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից սահմանված կարգով հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին եւ տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ»:

Հոդված 3. Օրենքի 8 հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 8-րդ կետ.

«8. Սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշերի վերադարձման ժամկետը լրանալու կամ տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաջրջանային մաքսատան կողմից դրոշմանիշերը հետ չընդունվելու ամսվան հաջորդող ամսվա մինչեւ 15-ը:

Վնասված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով տարածքային հարկային տեսչություններ կամ տարածաշրջանային մաքսատներ վերադարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:

Ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային եւ մաքսային մարմինների կողմից` հարկ վճարողի պահանջով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

ԱՏԳ ԱԱ-2203 ծածկագրին դասվող ապրանքների մասով սույն օրենքի 2 հոդվածի «ա)» ենթակետն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:

Սույն օրենքի 2 հոդվածի «բ)» ենթակետի դրույթները տարածվում են 2004 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված դրոշմանիշերի նկատմամբ:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Օրենքի նախագծով առաջարկվում է՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրավասություն վերապահել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների համար սահմանելու իրացման քանակների հաշվառման կարգ եւ պահանջներ,

բ) օրենսդրորեն ամրագրել չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի հետ վերադարձման ժամկետ, ինչպես նաեւ սահմանված կարգով դրոշմանիշերը չվերադարձնելու դեպքերի համար այդ ապրանքների թվին համապատասխան ակցիզային հարկը հաշվարկելու եւ վճարելու դրույթը:

Նշված առաջարկությունների ներկայացումը պայմանավորված է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման եւ ակցիզային դրոշմանիշերի օգտագործման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությամբ: