Հոդված 1. <<Աուդիտորական գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի 4-րդ հոդվածում`
1. <<աուդիտ իրականացնող անձ>> հասկացությունը շարադրել հետեւյալ խմբարությամբ.
<<աուդիտ իրականացնող անձ` աուդիտորական կազմակերպությունը.>>,
2. հանել <<անհատ աուդիտոր` աուդիտորական ծառայություններ իրականացնող անհատ ձեռնարկատերը.>> բառերը:
Հոդված 2. Օրենքը 4-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1-րդ հոդվածով.
<<Հոդված 4.1. Փոխկապակցված անձինք
1. Սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
ա) նրանցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) քսան եւ ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները.
բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) եւ/կամ մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձեւով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.
գ) նրանցից մեկի խորհրդի նախագահը, խորհրդի նախագահի տեղակալը, խորհրդի անդամը, վարչության նախագահը, վարչության անդամը, գործադիր տնօրենը, մասնագիտական աշխատանքների գծով նրա տեղակալը, մասնագիտական ստորաբաժանման ղեկավարը, հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու անձը, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, անդամը կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը կամ նման այլ մարմինների անդամը (այսուհետ` կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ), ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որեւէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.
դ) նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
2. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միեւնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
3. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է?
ա) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.
բ) օրենքով չարգելված այլ ձեւով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
գ) տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:
4. Սույն օրենքի իմաստով միեւնույն ընտանիքի անդամ են համարվում երեխան, ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները, ինչպես նաեւ ամուսնու երեխան, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`
1. 2-րդ մասի <<գ>> կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<գ) ակտիվների եւ (կամ) պարտավորությունների եւ (կամ) իրավաբանական անձի բաժնետոմսի (փայի, բաժնեմասի եւ այլ մասնակցության) գնահատում.>>:
2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<4. Աուդիտորական ծառայություն չի կարող իրականացնել`
ա) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը տվյալ աուդիտի ենթարկվող անձին մատուցել է սույն հոդվածի երկրորդ մասի <<ա>>, <<գ>>, <<դ>> կամ <<ե>> կետերում նշված ծառայությունները կամ կատարել է այդ մասերով նախատեսված աշխատանքները` տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար.
բ) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).
գ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).
դ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձին փոխկապակցված անձ.
ե) աուդիտորը` իրեն փոխկապակցված անձանց մոտ.
զ) աուդիտորական կազմակերպությունը` իրեն փոխկապակցված անձանց մոտ:>>:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
<<Աուդիտի եւ հարակից ծառայությունների փաստաթղթավորումը պարտադիր իրականացվում է հայերեն լեզվով, բացառությամբ աշխատանքային փաստաթղթերի` աուդիտ իրականացնող անձի ներքին կանոնակարգերով սահմանված դեպքերում: Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<է>> կետով նախատեսված հսկողությունն իրականացնող անձանց պահանջով` աուդիտ իրականացնող անձը պարտավոր է ողջամիտ ժամկետում տրամադրել աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հայերեն թարգմանված տարբերակները:>>:
Հոդված 5 . Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<Հոդված 15. Ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունը
1. Սույն օրենքի իմաստով ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունն այն աուդիտորական եզրակացությունն է, որը կազմվել է առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու կամ փաստաթղթավորում իրականացնելու, ինչպես նաեւ այն եզրակացությունը, որը հակասում է աուդիտի ենթարկվող անձի կողմից ներկայացված եւ աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի բովանդակությանը:
2. Աուդիտորական եզրակացությունը ոչ հավաստի է ճանաչվում լիազորված մարմնի որոշմամբ: Լիազորված մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն դեպքերը, որոնք չեն ազդում աուդիտորական եզրակացության հավաստիության վրա:>>:
Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագրից հանել <<Աուդիտորը,>> բառը:
Հոդված 7 . Օրենքի 17-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում`
1. 1-ին մասի <<ե>> կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<ե) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա>> կամ <<բ>> կետերով սահմանված պայմանների առկայության դեպքում հրաժարվել աուդիտորական ծառայությունների իրականացումից եւ վաղաժամկետ լուծել պայմանագիրը կամ հրաժարվել աուդիտորական կարծիք արտահայտելուց` աուդիտի ստանդարտներին համապատասխան.>>:
2. 2-րդ մասը <<բ>>կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր <<բ.1>> կետով.
<<բ.1) ապահովել սույն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանումը:>>:
3. 2-րդ մասի <<գ>> կետից հանել <<կամ 19-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա>> կամ <<բ>> կետերով>>բառերը:
4. 2-րդ մասը <<գ>> կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր <<գ.1>> կետով.
<<գ.1) oրենքով սահմանված դեպքերում աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմնին տաս աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտադիր աուդիտի դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել հրաժարվելու պատճառների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:>>:
5. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր <<թ>>, <<ժ>> եւ <<ժա>> կետերով.
<<թ) ապահովել պայմաններ լիազորված մարմնի համապատասխան աշխատակիցների, այդ թվում` լիազորված մարմնի կողմից ներգրավված մասնագետների համար սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<է>> կետով նախատեսված հսկողությունն իրականացնելու համար եւ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն եւ փաստաթղթեր, այդ թվում` գաղտնիք կազմող, որոնք անհրաժեշտ են համոզվելու համար, որ աուդիտ իրականացնող անձն աուդիտն իրականացրել է աուդիտի ստանդարտներին համապատասխան.
ժ) ունենալ ինտերնետային կայք, որում լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով պետք է հրապարակի պահանջվող տեղեկատվությունը.
ժա) գործադիր տնօրենի, ինչպես նաեւ առկայության դեպքում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, խորհրդի անդամների եւ նախագահի (այսուհետ` կազմակերպության ղեկավար) փոփոխություն կատարելու համար ստանալ լիազորված մարմնի հաստատումը` հավուր պատշաճության չափանիշներին կազմակերպության նոր ղեկավարի համապատասխանության վերաբերյալ:>>:
Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.
<<3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ճանաչվել օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է իրավասություն վերապահվել լիազորված մարմնին` նաեւ սահմանելու միջազգային ճանաչում ունեցող այն կառույցների ցանկը, ում կողմից անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը ճանաչվում է:>>:
Հոդված 10 . Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում <<, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական>> բառերը փոխարինել <<երկու>> բառով:
Հոդված 11. Օրենքի 24.1-րդ հոդվածում`
1. 1-ին մասի <<բ>> կետում <<կեղծ>> բառը փոխարինել <<ոչ հավաստի>> բառերով:
2. 2-րդ մասում <<<<ա>>, <<բ>>, <<գ>> եւ <<ե>> կետերով>> բառերը փոխարինել <<<<ա>>, <<գ>> եւ <<ե>> կետերով>> բառերով:
3. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.
<<3. Սույն հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով նախատեսված հիմքով վկայականի գործողության դադարեցման դեպքում անձին թույլատրվում է աուդիտորների որակավորման քննությանը մասնակցել միայն վկայականի գործողությունը դադարեցվելուց հինգ տարի հետո:>>:
Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածում`
1. 1-ին մասում <<որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած աուդիտորը, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպությունը` անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձեւից, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների, եթե կազմակերպության>> բառերը փոխարինել <<որպես փակ բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցված իրավաբանական անձը, եթե միաժամանակ>> բառերով:
2. 1-ին մասի <<ա>> կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<ա) կազմակերպությունն ունի առնվազն ՀՀ կառավարության կողմից սահմանված քանակի աշխատող աուդիտորներ.>>:
3. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` <<գ>> կետով.
<<գ) կազմակերպության ղեկավարը բավարարում է ՀՀ կառավարության կողմից սահմանված հավուր պատշաճության չափանիշներին:>>:
4. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
<<Պայման ապահովելու առումով հաշվի չեն առնվում այն աուդիտորները, որոնք համատեղությամբ աշխատում են այլ գործատուի մոտ, բացառությամբ գիտական, մանկավարժական բնույթի աշխատանքներ կատարելու դեպքերի:>>:
5. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.
<<3. Աուդիտորական կազմակերպության ղեկավար չի կարող լինել.
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը.
բ) դատավճռով ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված անձը.
գ) անձը, որը չի բավարարում ՀՀ կառավարության կողմից սահմանված հավուր պատշաճության չափանիշներին.
դ) անձը, որը լիցենզիա ստանալու համար դիմում (հայտ) ներկայացնելու օրվա դրությամբ քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:>>:
Հոդված 13. Օրենքը 26-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 26.1-րդ եւ 26.2-րդ հոդվածներով.
<<Հոդված 26.1. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը
1. Լիցենզիա ստանալու համար, սույն օրենքի 26-րդ հոդվածով լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները (այսուհետ` հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`
ա) հայտ, որտեղ նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, գրասենյակի հասցեն, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն եւ կապի այլ միջոցները (առկայության դեպքում), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ լիազորված մարմնի կողմից պահանջվող այլ տվյալներ,
բ) իրավաբանական անձի, ինչպես նաեւ իրավաբանական անձի հիմնադիր (մասնակից) հանդիսացող իրավաբանական անձի կանոնադրության (այդ թվում` հիմնադիրների (մասնակիցների) բաժնեմասերի վերաբերյալ տեղեկատվությունը) եւ պետական գրանցման վկայականի պատճենները (օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` համապատասխան հիմնադիր փաստաթղթերի եւ պետական գրանցման փաստաթղթի պատճենները),
գ) իրավաբանական անձի լիցենզիայի պայմանները ապահովող ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն քանակի աշխատող աուդիտորներին աշխատանքի ընդունելու փաստը հաստատող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրի եւ/կամ հրամանի պատճենները), ինչպես նաեւ սոցիալական ապահովության քարտի պատճենը (առկայության դեպքում),
դ) իրավաբանական անձի լիցենզիայի պայմանները ապահովող աուդիտորների որակավորման վկայականների պատճենները,
ե) սույն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը,
զ) իրավաբանական անձի հաստատած` ՀՄԴ-ի կողմից հրապարակված որակի վերահսկողության միջազգային ստանդարտի (ստանդարտների) պահանջներին համապատասխանող որակի ներքին վերահսկողության կարգը, ինչպես նաեւ հայտարարություն այն մասին, որ իրավաբանական անձի որակի ներքին վերահսկողության կարգը համապատասխանում է ՀՄԴ-ի կողմից հրապարակված որակի վերահսկողության միջազգային ստանդարտի (ստանդարտների) պահանջներին,
է) ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով հավուր պատշաճության չափանիշներին կազմակերպության ղեկավարի համապատասխանությունը որոշելու համար պահանջվող փաստաթղթերը,
ը) լիազորված մարմնի կողմից սահմանված ձեւով, ցանկով, կարգով եւ պայմաններով կազմակերպության ղեկավարի, հիմնադիրների (մասնակիցների), լիցենզիայի պայմանները ապահովող աուդիտորների եւ փոխկապակցված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ,
թ) սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման պայմաններին եւ պահանջներին համապատասխանությունը պարզելու համար անհրաժեշտ լիազորված մարմնի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված փաստաթղթերը լիազորված մարմին մուտք լինելուց հետո 30 օրվա ժամկետում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման նպատակով լիազորված մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով) քննում է դրանք եւ կայացնում է որոշում` հայտատուին լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջվելու կամ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով լիցենզավորող հանձնաժողովի որոշմամբ վերոնշյալ ժամկետը կարող է կասեցվել: Կասեցման ժամկետը չի կարող 10 օրից ավել լինել: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո հայտի քննարկումը վերսկսելու որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչեւ կասեցումն ընկած օրերի եւ մեկամսյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:
Հոդված 26.2. Լիցենզիա ստանալու հայտի մերժումը
1. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել աուդիտորական ծառայությունների իրականացմամբ.
դ) հայտատուն չի համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին.
ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիազորված մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ քան 30 օրվա ժամկետում: Սույն օրենքի 26.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիցենզավորող հանձնաժողովի կողմից 30-օրյա ժամկետը կասեցվելու դեպքում` այդ ժամկետը սույն մասով սահմանված ժամկետի մեջ չի հաշվարկվում:
3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ եւ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում լիազորված մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:
5. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը լիազորված մարմնի կողմից ուղարկվելու օրվանը հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր կամ չի վերացնում ներկայացված փաստաթղթերում կամ նյութերում առկա թերությունները: Փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ լիազորված մարմինը նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
6. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:>>:
Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<Հոդված 27. Լիցենզիայի գործողության կասեցումը
1. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, ինչպես նաեւ`
ա) սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<բ>> եւ <<բ.1>> կետերի պահանջներից որեւէ մեկը խախտվելու դեպքում,
բ) սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որեւէ մեկը խախտվելու դեպքում, եթե աուդիտ իրականացնող անձը այդ մասին տեղեկացրել է լիազորված մարմնին` խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում.
գ) սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա>> կետի համաձայն տուգանքի կիրառումից հետո 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը երրորդ անգամ թույլ տալու դեպքում.
դ) սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի <<բ>>կետի համաձայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջը խախտելու հիմքով տուգանքի կիրառումից հետո 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը երրորդ անգամ թույլ տալու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի <<ա>> կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը լիազորված մարմնի կողմից կասեցվում է վեց ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որեւէ մեկը խախտվելու օրվանից:
Սույն մասով նախատեսված կասեցումը վերացած է համարվում համապատասխան խախտումը վերացնելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը լիազորված մարմնին ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից:
4. Սույն հոդվածի 1-ին մասի <<գ>> եւ <<դ>> կետերով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցվում է 6 ամիս ժամկետով:>>:
Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածում`
1. 1-ին մասի <<ա>> կետում <<կեղծ>> բառը փոխարինել <<ոչ հավաստի>> բառերով:
2. 1-ին մասի <<զ>>կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<զ) աուդիտ իրականացնող անձի նկատմամբ սույն օրենքի 31.3րդ հոդվածի 2-րդ մասի <<ա>>, <<բ>> եւ <<դ>> կետերով սահմանված պատասխանատվություն կիրառելուց հետո երեք տարվա ընթացքում երրորդ անգամ նույն հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տրվելու դեպքում:
3. 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<Սույն հոդվածի 1-ին մասի <<ա>> կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված աուդիտորական եզրակացությունը սույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ոչ հավաստի ճանաչվելու վերաբերյալ լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:>>:
4. 3-րդ մասում <<<<ա>>, <<բ>> եւ <<գ>>>> տառերը փոխարինել <<<<գ>> եւ <<ե>>>> տառերով:
5. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4-րդ մասով.
<<4. Սույն հոդվածի 1-ին մասի <<ա>> եւ <<բ>> կետերով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձը, ինչպես նաեւ դրա որեւէ հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ) կողմից հիմնադրված առեւտրային կազմակերպությունն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց հինգ տարի հետո:>>:
Հոդված 16. Օրենքի 30-րդ հոդվածում`
1. 1-ին մասի <<է>> կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<է) կազմակերպում եւ իրականացնում է հսկողություն` աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների, մասնագիտացված կառույցի, աուդիտորների վարքագծի նորմերի պահպանման, ինչպես նաեւ <<Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ: Հսկողության ընթացքում կարող են ներգրավվել մասնագիտացված կառույցի եւ (կամ) աուդիտորական կազմակերպու-թյունների ներկայացուցիչներ, մասնագետներ` լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով,>>:
2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր <<է. 1>> եւ <<է. 2>> կետերով.
<<է.1) հրապարակում է oրենքով սահմանված դեպքերում աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում աուդիտ իրականացնող անձից ստացված տեղեկատվությունը (հրաժարվելու պատճառները) մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ ինտերնետում,
է.2) հրապարակում է աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը ինտերնետում:>>:
3. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.
<<3. Լիազորված մարմինը` աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ (կամ) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<գ.1>> կետով նախատեսված պարտադիր աուդիտին վերաբերող ծանուցում ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից սահմանված կարգով անցկացնում է լսումներ, հրավիրելով` աուդիտ իրականացնող եւ աուդիտի ենթարկվող անձանց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ շահագրգիռ այլ անձանց: Եթե լսումների արդյունքում պարզվում է, որ աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ (կամ) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու որոշումը պայմանավորված է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված աուդիտի ենթարկվող անձի պարտականությունների չկատարման հետ, ապա լիազորված մարմինն իրավասու է իր որոշմամբ`
ա) հանձնարարել աուդիտ իրականացնող անձին` վերսկսել աուդիտորական ծառայությունների մատուցումը եւ (կամ) ուժը կորցրած ճանաչել աուդիտորական ծառայությունների պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին որոշումը.
բ) հանձնարարել աուդիտի ենթարկվող անձին` ապահովել սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները:
Սույն մասի <<ա>> եւ <<բ>> կետերով նախատեսված հանձնարարականները լիազորված մարմնի կողմից պետք է միաժամանակ տրվեն, ընդ որում, լիազորված մարմնի որոշումը կարող է ներառել աուդիտ իրականացնող անձի կամ աուդիտի ենթարկվող անձի կողմից հանձնարարականի կատարման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման հաջորդականություն:
Աուդիտի ենթարկվող անձի կողմից սույն մասով նախատեսված հանձնարարականը չկատարելու դեպքում լիազորված մարմինը կարող է այդ անձի նկատմամբ կիրառել եւ գանձել տուգանք` հինգ միլիոն դրամի չափով:
Սույն մասը չի տարածվում բանկերի, վարկային կազմակերպությունների, վարկային բյուրոների, դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպությունների, վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, գրավատների եւ հաշվետու թողարկողների վրա:>>:
Հոդված 17. Օրենքի 31.1-րդ հոդվածի <<ա>> կետում <<վերացնելու>> բառից հետո լրացնել <<եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու>> բառերով:
Հոդված 18. Օրենքի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<2. Նախազգուշացումը նախատեսում է թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու եւ այդ մասին լիազորված մարմնին գրավոր տեղեկացնելու եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարական:>>:
Հոդված 19. Օրենքի 31.3-րդ հոդվածում`
1. 2-րդ մասում <<100 000>> եւ <<150 000>> թվերը փոխարինել <<200 000>> թվով, իսկ <<300 000>> թիվը փոխարինել <<600 000>> թվով:
2. 2-րդ մասի <<դ>>կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<դ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<գ>> կամ <<գ.1>> կետերով սահմանված պահանջները` յուրաքանչյուր խախտման (կետի) համար` 500 000 դրամի չափով, իսկ լիցենզիայի բացակայության դեպքում աուդիտորական ծառայություններ իրականացնելու դեպքում` օրենքով սահմանված չափով եւ կարգով.>>:
3. 2-րդ մասի <<ե>> կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
<<ե) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<է>> կետով սահմանված պահանջը` յուրաքանչյուր չգրանցած պայմանագրի համար 400 000 դրամի չափով, յուրաքանչյուր այլ տեսակի խախտման համար` 200 000 դրամի չափով.>>:
4. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր <<թ>> կետով.
<<թ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<ժ>> կետով սահմանված պահանջը` 200 000 դրամի չափով:>>:
5. 3-րդ մասում <<2 տարվա>> բառերը փոխարինել <<3 տարվա>> բառերով:
Հոդված 20. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը անհատ ձեռնարկատեր հանդիսացող աուդիտորներին տրված լիցենզիաները գործում են սույն օրենքի հրապարակումից հետո վեց ամիս, որից հետո դրանց գործողությունը համարվում է դադարեցված:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը մինչեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն քանակից պակաս աշխատող աուդիտոր ունեցող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարության կողմից աշխատող աուդիտորների նվազագույն քանակը սահմանելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում իրենց լիցենզիաները համապատասխանեցնել սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիցենզավորմանը ներկայացվող պահանջներին:
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն քանակից պակաս աշխատող աուդիտոր ունեցող աուդիտորական կազմակերպությունների կողմից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամանակահատվածում լիցենզավորմանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանեցվելու դեպքում դրանց լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված եւ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:
5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված անհատ ձեռնարկատեր հանդիսացող անհատ աուդիտորների կողմից աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:
6. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը գործում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կազմակերպության ղեկավարի հավուր պատշաճության չափանիշների եւ դրանց համապատասխանությունը որոշելու կարգը ուժի մեջ մտնելուց հետո:
7. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են դիմել լիազորված մարմին` կազմակերպության ղեկավարի նկատմամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը ապահովելու նպատակով` ՀՀ կառավարության կողմից կազմակերպության ղեկավարի հավուր պատշաճության չափանիշների եւ դրանց համապատասխանության որոշելու կարգը ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
8. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունների կողմից սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված պահանջը չապահովելու դեպքում դրանց լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված եւ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:
9. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ պարբերությամբ եւ 13-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետով սահմանված` ինտերնետային կայք ունենալու եւ լիցենզիա ստանալու համար ներկայացվող հայտում կայքի հասցեն նշելու մասին պահանջները եւ սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատժամիջոցը ուժի մեջ են մտնում լիազորված մարմնի կողմից սահմանված կարգը հրապարակվելու օրվանից վեց ամիս հետո:
<<Աուդիտորական գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) 1-ին, 6-րդ, 7-րդ հոդվածներով, 8-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ պարբերությամբ եւ 12-րդ հոդվածով ներկայացված փոփոխությունները առաջարկվել են հաշվի առնելով աուդիտորական ծառայությունների առանձնահատուկ բնույթը` տարբեր ոլորտների հետ առնչվելու եւ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտության, ինչպես նաեւ այդ ոլորտներում մասնագիտական բազմակողմանի գիտելիքներ ունեցող մասնագետներ պահանջվելու տեսանկյունից: Մասնավորապես, որակյալ մասնագիտական ծառայությունների իրականացում ապահովելու նպատակով աուդիտորական կազմակերպությունները ստեղծում են մեթոդաբանական, որակի վերահսկողության, մասնագետների պարբերաբար վերապատրաստման եւ հետեւողական կատարելագործման համակարգեր: Նման համակարգերի ստեղծումը առավել իրատեսական է կազմակերպություններում: Միաժամանակ նախագծի 12-րդ հոդվածի առաջին մասով ներկայացված փոփոխությամբ հստակեցվում է աուդիտ իրականացնող անձանց` աուդիտորական կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձեւը:
Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կնպաստեն աուդիտի ստանդարտների կիրառման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ աուդիտորական ծառայությունների որակի բարձրացմանը:
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքում (այսուհետ` օրենք) սահմանել <<Փոխկապակցված անձինք>> հասկացությունը, որը հնարավորություն կտա իրական դարձնել աուդիտ իրականացնելու անկախության պահանջի նկատմամբ հսկողությունը:
Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է աուդիտ իրականացնող անձի գործունեության սահմանափակումները լրացնել նաեւ այն դեպքերով, երբ աուդիտ իրականացնող անձի կողմից տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար տվյալ սուբյեկտի մոտ իրականացվել են նաեւ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի <<դ>> եւ <<ե>> կետերով նախատեսված ծառայությունները, այն է` հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում, կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն: Փոփոխությունը բխում է աուդիտ իրականացնող անձի պրոֆեսիոնալ պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքների, մասնավորապես, անկախության սկզբունքի պահանջներից: Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ եթե աուդիտ իրականացնող անձը տվյալ կազմակերպությունում հաշվետու ժամանակաշրջանում իրականացնում է վերոնշյալ ծառայություններից որեւէ մեկը (որոնք լայն մասշտաբի եւ խորը վերլուծություն ու գնահատում են ենթադրում), տվյալ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացումը որոշ առումներով կհակասի աուդիտորի անկախության սկզբունքներին:
Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը բխում է <<Լեզվի մասին>> ՀՀ օրենքի պահանջներից, բացի այդ պայմանավորված է գործնականում աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ լիազորված մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքում ծագած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ` աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի կազմումը օտար լեզվով` առանց հայերենով զուգակցելու, էական բարդություններ է առաջացնում ստուգումն իրականացնելիս:
Նախագծի 5-րդ հոդվածով եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է աուդիտորական եզրակացությունը ոչ հավաստի ճանաչելու լիազորությունը վերապահել լիազորված մարմնին, որը, ինչպես նաեւ նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններով առաջարկվող փոփոխությունները լիազորված մարմնի կողմից աուդիտորական ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության մեխանիզմն առավել գործուն դարձնելու, լիազորված մարմնին վերապահված վերահսկողական լիազորությունները ավելի լիարժեք, ժամանակին եւ արդյունավետ իրականացնելու նպատակ են հետապնդում:
Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերով, ինչպես նաեւ դրանից բխող օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնելու աուդիտորի գործողությունները օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա>> եւ <<բ>> կետերով սահմանված (աուդիտի ենթարկվող անձի կողմից աուդիտի շրջանակների սահմանափակման) դեպքերում, միաժամանակ ապահովելու աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պատճառների հրապարակայնությունը: Բացի այդ, նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում են վերոնշյալ պայմանների առկայության դեպքում լիազորված մարմնի կողմից իրականացվելիք գործողությունները:
Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող լրացումը բխում է Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով կազմակերպված (թե օտարերկրյա պետությունների, թե Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից) քննությունների արդյունքում որակավորված աուդիտորներին տրված մասնագիտական որակավորման փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու, ինչպես նաեւ օրենքի դրույթները <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:
Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի գործունեության դադարեցմամբ:
Նախագծի 11-րդ եւ 15-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նախատեսվել են հաշվի առնելով ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն տալու հիմքով վկայականը կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքերում պատասխանատվությունը խստացնելու, աուդիտորական գործունեության լիցենզավորման բնագավառում խիստ կանոններ կիրառելու եւ աուդիտորների պատասխանատվության զգացումը բարձրացնելու անհրաժեշտությունը:
Նախագծի 12-րդ հոդված 3-րդ եւ 5-րդ մասերով առաջարկվում է որպես լիցենզավորման պայման սահմանել կազմակերպության ղեկավարի` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով հավուր պատշաճության չափանիշներին համապատասխանությունը, միաժամանակ հստակ սահմանվում են աուդիտորական կազմակերպության ղեկավար լինելու իրավունք չունեցող անձինք: Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն խիստ վերահսկել աուդիտի ոլորտ մտնող սուբյեկտներին:
Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվող լրացումների նպատակն է սույն նախագծով լիցենզավորմանը ներկայացվող նոր պահանջները հաշվի առնելով ամբողջական դարձնել լիցենզիա ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը եւ տեղեկատվությունը, ինչպես նաեւ հստակեցնել լիցենզիա ստանալու հայտի մերժման դեպքերը:
Նախագծի 14-րդ հոդվածով լրացվել են լիցենզիայի կասեցման դեպքերը աուդիտ իրականացնող անձանց կողմից շարունակական խախտումների դեպքում, մասնավորապես, առաջարկվում է 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող որոշ խախտումներ (առանց որակավորում ունեցող աուդիտորի մասնակցության աուդիտ իրականացնելու, ինչպես նաեւ աուդիտորական եզրակացությունը եւ (կամ) կազմված լինելու դեպքում` աուդիտորական հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չպահպանելու դեպքերում) երրորդ անգամ թույլ տալու դեպքում` 6 ամսով կասեցնել լիցենզիայի գործողությունը: Առաջարկվող փոփոխությունները աուդիտ իրականացնող անձանց պատասխանատվությունը բարձրացնելու եւ իրենց պարտականությունները ավելի հետեւողական կատարելու նպատակ են հետապնդում:
Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող լրացումներով լիազորված մարմնին նոր լիազորություններ են տրվում, մասնավորապես oրենքով սահմանված դեպքերում աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում աուդիտ իրականացնող անձից ստացված տեղեկատվությունը (հրաժարվելու պատճառները) մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ ինտերնետում հրապարակելու, աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը ինտերնետում հրապարակելու համար:
Նախագծի 17-րդ եւ 18-րդ հոդվածներով առաջարկվող լրացումները նախատեսվել են հաշվի առնելով որպես պատասխանատվության միջոց` նախազգուշացումը եւ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականի գործնականում կիրառման նախադեպերը: Այդ իմաստով թույլ տված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու պահանջը առաջարկվում է լրացնել այդ մասին լիազորված մարմնին գրավոր տեղեկացնելու պահանջով:
Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է օրենքով նախատեսված տուգանքների նվազագույն չափը սահմանել 200.000 դրամ` ներկայիս 100.000 եւ 150.000 դրամի փոխարեն, իսկ ներկայիս 300.000 դրամ չափի տուգանքները սահմանել 600.000 դրամ: Հոդվածի 1-ին, 5-րդ մասերով առաջարկվող փոփոխությունները աուդիտ իրականացնող անձանց կողմից իրենց պարտականությունների ավելի հետեւողական կատարման նպատակ են հետապնդում: Հոդվածի 2-րդ մասով սահմանվում է պատժամիջոց աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում հրաժարվելու պատճառների մասին աուդիտ իրականացնող անձի կողմից լիազորված մարմնին տաս աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտադիր աուդիտի դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում չտեղեկացնելու դեպքում: Հոդվածի 3-րդ մասով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է գրանցամատյանը չլրացնելու եւ ոչ ճիշտ լրացնելու դեպքերի համար կիրառվող տուգանքի չափերը տարանջատելու անհրաժեշտությամբ: Հոդվածի 4-րդ մասով առաջարկվող լրացումով սահմանվում է պատժամիջոց սույն նախագծով աուդիտ իրականացնող անձանց համար սահմանված նոր պարտականությունը չկատարելու համար, մասնավորապես ինտերնետային կայք ունենալու պահանջը չապահովելու համար: