Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9941-04.10.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. .«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-207-Ն օրենքի  2-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Տեղեկանք-հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման.

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ են առաջարկվել` հիմք ընդունելով ՀՀ կառավարության հիմնարար ծրագրային փաստաթղթերում ամրագրված դրույթները, մասնավորապես`

ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1207-Ն  որոշմամբ հաստատված Կայուն զարգացման ծրագրի 489, 490, 511 կետերը: Հիշյալ դրույթներով նախատեսվում է դատավորների եւ դատախազների աշխատավարձերի պարբերաբար բարձրացում` հաշվի առնելով նրանց գործունեության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման, ինչպես նաեւ նրանց համար սոցիալական երաշխիքների ապահովման սկզբունքի արդյունավետ իրացման եւ վերջին հաշվով դատավորների, դատախազների արժանապատիվ աշխատանք ապահովող աշխատավարձերի մակարդակի սահմանման անհրաժեշտությունը:

ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի քրեական, քաղաքացիական, վարչական դատարանների դատավորների պաշտոնային դրույքաչափերի   հաշվարկման մեխանիզմը սահմանված է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով, որի համար որպես ելակետային հաշվարկման հիմք է ընդունվում ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը: Վերջինս «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն կազմում էր 220000 դրամ:

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը ուժի  մեջ  է մտել 2008 թվականի  հունվարի 1-ից: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ հաշվարկվող քառորդ չափով հավելավճարի գումարի 95 %-ը, իսկ մյուս դատախազների պաշտոնային դրույքաչափերը որոշվում են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ ավելի ցածր տոկոսներ սահմանելով` կախված պաշտոնների հիերախիկ համակարգում իրենց գրաված դիրքից:
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը օրենքով սահմանելու, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի հետ կապը վերացնելու անհրաժեշտությունից ելնելով,  նպատակահարմար համարվեց գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը գործողության  մեջ  է մտել 2003 թվականի  հուլիսի 1-ից եւ մինչ 2009 թվականը դատավորների պաշտոնային դրույքաչափը փոփոխության չի ենթարկվել: Կարեւորելով Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորների աշխատավարձերի տարեկան կտրվածքով վերանայման հնարավորության ապահովումը, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դատական օրենսգրքում» սահմանված են դատավորների վարձատրությունը կանոնակարգող հոդվածներ, դատավորների պաշտոնային դրույքաչափերի որոշման համար որպես ելակետ հանդիսացող ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը առաջարկվեց սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում վերը նշված նախագծերի քննարկման ընթացքում առաջարկվեց բարձրացնել նաեւ հանրային մյուս ծառայություններում աշխատողների աշխատավարձերը, հիշյալ նախագծերը ընդունել որպես ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ եւ զուգահեռաբար 2009 թվականի ընթացքում ներկայացնել հանրային ծառայողների վարձատրության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները: Սակայն 2008 թվականին վերջին եռամսյակում վրա հասած համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված անհնար դարձավ բարեփոխումների մեկնարկը, որը ՀՀ Կառավարության քննարկմանը ներկայացված Հանրային ծառայողների վարձատրության ռազմավարության նախագծով նախատեսված էր իրականացնել երեք փուլով: Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով դատավորների եւ դատախազների աշխատավարձերի չափերը պահպանվեցին, հետեւաբար «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-206-Ն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված օրենքի գործողության ժամկետը երկարաձգեց մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը: Գործողության ժամկետի առումով նույնաբովանդակ դրույթ էր սահմանված նաեւ  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-207-Ն օրենքի 2-րդ հոդվածով: 2009 թվականին փոփոխություն կատարվեց նաեւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-207-Ն օրենքի 2-րդ հոդվածում եւ այդ օրենքի գործողության ժամկետը նույնպես երկարաձգվեց մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձին հոդվածով  ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի  եւ ՀՀ գլխավոր  դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանելու հանգամանքը, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2010 թվականի հուլիսի  8-ի «Հայաստանի Հանրապետության 2011-2013  թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին»  թիվ  859-Ն որոշմամբ սահմանված դատավորների եւ դատախազների աշխատավարձերի չափաքանակները`  առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ օրենքների ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ սահմանող դրույթները:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման եւ կայուն տնտեսական զարգացման ապահովման արդյունքում, երբ հնարավոր կդառնա իրականացնել հանրային ծառայողների վարձատրության համակարգային բարեփոխումներ, այդ շրջանակներում կվերանայվեն նաեւ դատավորների եւ դատախազների աշխատավարձերի սահմանման մեխանիզմները: