Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի 1-ին հոդվածի «30000 դրամ» բառերը փոխարինել «45000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գործավարձով եւ ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը uահմանել`
աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 269 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 299 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 447 դրամ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջարկության անհրաժեշտությունը պայմանավորվում է հետեւյալ հանգամանքներով.
Համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 30000 դրամ, սակայն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի առաջին երկու եռամսյակների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընթացիկ տարվա հենց սկզբում` հունվար-մարտ եռամսյակում, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 40234.2 հազար դրամի, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 25957.6 հազար դրամ: 2010թ. հունվար-հունիս հաշվետվության արդյունքներով պարզվել է, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 41052.4 հազար դրամի, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 26485.4 հազար դրամ:
Նշված փոփոխության համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված վերոգրյալ ցուցանիշները, ինչպես նաեւ` «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի երրորդ կետը (ընդունված` 16.03.2004թ. ՀՕ-53) եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «ա» ենթակետի պահանջները, որոնք մասնավորապես ներկայացված են այսպես.
«Նվազագույն աշխատավարձի մակարդակի սահմանման ժամանակ հաշվի են առնվում ազգային գործելակերպին ու պայմաններին համապատասխան եւ ընդունելի այն գործոնները, որոնք ներառում են աշխատողների եւ նրանց ընտանիքների պահանջմունքները` հաշվի առնելով երկրում ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակը, կենսապահովման նվազագույն ծախսերը, սոցիալական նպաստները եւ սոցիալական այլ խմբերի կյանքի համեմատական մակարդակը»:
Սույն օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում աղքատության կրճատմանը եւ սոցիալական արդարության հաստատմանը: