Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-999-12.10.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածի «30000 դրամ» բառերը փոխարինել «32500 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2.   Օրենքի 2-րդ հոդվածի

1. երկրորդ պարբերության «179 դրամ» բառերը փոխարինել «196 դրամ» բառերով.

2. երրորդ պարբերության «199 դրամ» բառերը փոխարինել «218 դրամ» բառերով.

3. չորրորդ պարբերության «298  դրամ» բառերը փոխարինել «326 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակա-րարման, կապի եւ աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի առաջին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տեւողությանը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Տեղեկանք-հիմնավորում

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է համաձայն  ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի  8-ի «Հայաստանի Հանրապետության 2009-2011  թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին»  թիվ    859-Ն որոշման, ըստ որի, 2011 թվականին նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 32500 դրամ:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ սահմանված է  աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ` շաբաթական 40 ժամ, աշխատաժամանակի կրճատ տեւողությամբ` շաբաթական 36 ժամ կամ 24 ժամ աշխատողների համար: ՀՀ Կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N201-Ն որոշմամբ սահմանված է առողջապահական, հոգաբարձության, խնամակալության, մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, կապի եւ աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի ռեժիմը, որով հիշյալ բնագավառի աշխատողների համար աշխատաժամանակի նորմալ տեւողություն է սահմանված 39, 33, 30 եւ 22 ժամերը: Վերոնշյալ կատեգորիայի աշխատողների համար նվազագույն ժամային տարիֆային դրույք ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վճարումը կարգավորող դրույթներ, որում պարապուրդի վճարման նվազագույն չափ է նախատեսված օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: Վերը նշվածով պայմանավորված` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է սահմանել նվազագույն ժամային տարիֆային դրույքի հաշվարկման մեխանիզմը` առողջապահական, հոգաբարձության, խնամակալության,  մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, կապի եւ աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների համար:

2. Նվազագույն աշխատավարձի օրենքով ամրագրված չափը   աշխատողի համար հանդիսանում է պետության կողմից սահմանված երաշխիք:  Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ԱՄԿ 1970 թվականի հունիսի 3-ի N131 կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում  է հետեւյալը` «Նվազագույն աշխատավարձն ունի օրենքի ուժ եւ նվազեցման ենթակա չէ. այս դրույթի չկիրառումը պատասխանատու անձի կամ անձանց նկատմամբ առաջացնում է քրեական կամ այլ պատասխանատվություն»:

Հիշյալ դրույթը իրացնելու` նվազագույն ամսական աշխատավարձի օրենքով սահմանված չափը ապահովելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաեւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որի դեպքում «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված համախառն եկամտից անձնական նվազեցման չափը կհավասարվի նվազագույն ամսական աշխատավարձի` օրենքով սահմանված չափին: