Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվական, ՀՕ-193) 33-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.
«8. Եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:»:
Հոդված 2.
Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 18-րդ բաժնի «Գործունեության այլ բնագավառներ» 7-րդ կետի 7.1-րդ ենթակետի` թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող, մինչեւ 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն 10-րդ սյունակը լրացնել «Վ» տառով, իսկ բաժնի 7-րդ կետի 7.3-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությմաբ նոր 7.3.1 ենթակետով.
գարեջրի արտադրություն |
Հոդված 3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետի 7.1 ենթակետին համապատասխան տրված լիցենզիաները լիցենզավորող մարմնի կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված գործունեության մասով ենթակա են վերաձեւակերպման ըստ գործունեության վայրի, որի համար օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:
Հոդված 4.
Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ժամկետից հետո լիցենզիայի ըստ գործունեության իրականացման վայրի վերաձեւակերպման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրք:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծով առաջարկվում է սննդամթերքի արտադրության բնագավառում խմիչքների արտադրության գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանել լիցենզավորման ենթակա գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում իրականացնելու դրույթը, այսինքն` համապատասխան գործունեության տեսակների համար ամրագրել «Վ» տառը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները կարող են ազատորեն զբաղվել նույն գործունեությամբ` ցանկացած վայրում, որի մասին լիցենզիայում որեւէ նշում չի կատարվում: Այս հանգամանքը տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը դարձնում է անվերահսկելի: Առաջարկվող լրացումը կնպաստի հարկային հսկողության, ինչպես նաեւ լիցենզավորված անձանց հաշվառման արդյունավետության բարձրացմանը, ինչը առանձնապես կարեւորվում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման եւ դրանց օգտագործման նկատմամբ հետագա հսկողության ուժեղացման համար: