Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9991-12.10.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183  օրենքի 14-րդ հոդվածի «30000 դրամ» բառերը փոխարինել «32500 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Տեղեկանք-հիմնավորում

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունմա ն

1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է համաձայն  ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի  8-ի «Հայաստանի Հանրապետության 2009-2011  թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին»  թիվ    859-Ն որոշման, ըստ որի, 2011 թվականին նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 32500 դրամ:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ սահմանված է  աշխատաժամանակի նորմալ տեւողությամբ` շաբաթական 40 ժամ, աշխատաժամանակի կրճատ տեւողությամբ` շաբաթական 36 ժամ կամ 24 ժամ աշխատողների համար: ՀՀ Կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N201-Ն որոշմամբ սահմանված է առողջապահական, հոգաբարձության, խնամակալության, մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, կապի եւ աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի ռեժիմը, որով հիշյալ բնագավառի աշխատողների համար աշխատաժամանակի նորմալ տեւողություն է սահմանված 39, 33, 30 եւ 22 ժամերը: Վերոնշյալ կատեգորիայի աշխատողների համար նվազագույն ժամային տարիֆային դրույք ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վճարումը կարգավորող դրույթներ, որում պարապուրդի վճարման նվազագույն չափ է նախատեսված օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը: Վերը նշվածով պայմանավորված` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է սահմանել նվազագույն ժամային տարիֆային դրույքի հաշվարկման մեխանիզմը` առողջապահական, հոգաբարձության, խնամակալության,  մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, կապի եւ աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների համար:

2. Նվազագույն աշխատավարձի օրենքով ամրագրված չափը   աշխատողի համար հանդիսանում է պետության կողմից սահմանված երաշխիք:  Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ԱՄԿ 1970 թվականի հունիսի 3-ի N131 կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում  է հետեւյալը` «Նվազագույն աշխատավարձն ունի օրենքի ուժ եւ նվազեցման ենթակա չէ. այս դրույթի չկիրառումը պատասխանատու անձի կամ անձանց նկատմամբ առաջացնում է քրեական կամ այլ պատասխանատվություն»:

Հիշյալ դրույթը իրացնելու` նվազագույն ամսական աշխատավարձի օրենքով սահմանված չափը ապահովելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաեւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որի դեպքում «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված համախառն եկամտից անձնական նվազեցման չափը կհավասարվի նվազագույն ամսական աշխատավարձի` օրենքով սահմանված չափին: