Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1007-28.10.2010-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2003 թվականի հոկտեմբերի 21-ի, ՀՕ-23-Ն, այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը «իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը» բառերից հետո լրացնել «` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության եւ սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Պաշտպանը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ կետերով.

«7) դիմել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ առկա իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ ստանալու նպատակով.

8) հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ: Հաղորդումն ստացած վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձը պարտավոր է հաղորդման կապակցությամբ կայացված որոշման մասին տեղեկացնել Պաշտպանին որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պաշտպանի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափին: Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի համար օրենսդրությամբ նախատեսված կարգով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Պաշտպանի պաշտոնն առնվազն մեկ սահմանադրական ժամկետ զբաղեցրած` 65 տարին լրացած անձին տրվում է կենսաթոշակ` Սահմանադրական դատարանի նախագահի կենսաթոշակի համար օրենսդրությամբ նախատեսված կարգով: Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:

5. Պաշտպանն իր լիազորությունների ավարտից հետո իր համաձայնությամբ վերականգնվում է  մինչեւ Պաշտպանի պաշտոնում ընտրվելը զբաղեցրած նախկին պաշտոնում, իսկ, եթե դա հնարավոր չէ, ապա իր համաձայնությամբ նշանակվում է համարժեք պաշտոնում:»:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այuուհետ նաեւ` Պաշտպանի աշխատակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որում իրականացվում է պետական ծառայություն` «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը» (այuուհետ նաեւ` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն) անվանմամբ:

2. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը» Սահմանադրությամբ եւ սույն օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:

3. Մարզերում կարող են ստեղծվել Պաշտպանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ:

4. Հիմնարկի հիմնադրին եւ կառավարման մարմնին վերապահված լիազորություններն իրականացվում են Պաշտպանի կողմից:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23.1-րդ հոդվածով.

«Հոդված 23.1. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

1. Պաշտպանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, պետական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները պետական ծառայողներ են:

2. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենքին:

3. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածելիս`

1) «դատական ծառայություն»` ենթադրում է «Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն».

2) դատական դեպարտամենտի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանի աշխատակազմի ղեկավարը.

3) դատարանների նախագահների խորհրդին եւ Վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանը.

4) այն լիազորությունները, որոնք իրականացվում են Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից` դատարանների նախագահների խորհրդի եզրակացության հիման վրա, իրականացնում է Պաշտպանը միանձնյա:»:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 մասով.

«2.1. Պաշտպանի աշխատավարձը հաշվարկվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2 մասով.

«2.2. Պաշտպանի աշխատակազմի աշխատավարձի ամսական ֆոնդը որոշվում է դատական ծառայողների աշխատանքի վարձատրության բազային դրույքաչափի 3.6-ապատիկի եւ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց թվաքանակի արտադրյալով: Դատական ծառայողների աշխատանքի վարձատրության բազային դրույքաչափի ավելացման դեպքում բազային դրույքաչափի ավելացված մասի նկատմամբ 3.6 գործակցի փոխարեն կիրառվում է 1.2 գործակիցը:»:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Uույն oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

3. Պաշտպանի աշխատակազմի կանոնադրությունը, Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքացուցակը ենթակա են հաuտատման uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամuվա ընթացքում:

4. Uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկրորդ ամսվա ամսի 1-ից Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողներ:

5. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկրորդ ամսվա ամսի 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեuված չեն:

6. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաuտումն անցկացվում է uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցերորդ ամuվա ամuի 1-ից:

7. Վերապատրաuտում անցած Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների գործունեության առաջին գնահատումն անցկացվում է uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` յոթերորդ ամuվա ամuի 1-ից:

8. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության դաuային աuտիճանները ենթակա են շնորհման Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողների առաջին վերապատրաuտման եւ գործունեության գնահատման արդյունքում մինչեւ uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` իններորդ ամuվա ամuի 1-ը:

9. Մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային uտաժի եւ փորձի հետեւյալ չափանիշները.

ա) Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային uտաժ.

բ) Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ.

գ) Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ:

10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Պաշտպանին, պաշտոնում չորս տարվա ստաժից ելնելով, վճարվում է հավելավճար` Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի 8 տոկոսի չափով: 2011 թվականի հունվարի 1-ից Պաշտպանին, տվյալ պաշտոնում ստաժից ելնելով, հավելավճարը հաշվարկվում եւ վճարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացվում է ի կատարումն Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2008թ. նոյեմբերի 21-ի որոշմամբ հաստատված: Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակներում 2009-2011 թթ. իրականացվելիք գերակա խնդիրների եւ առաջնահերթ միջոցառումների ցանկի «Իրավական բնույթի գործողությունների խումբ» բաժնի 16-րդ կետի:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպաաակաուղղված են այս հաստատության ամրապնդմանը` «Ազգային կառույցների մասին» Փարիզյան սկզբունքների հաշվառմամբ:

1. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հիմնվել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով եւ ի կատարումն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարաավորություննեոի 2004 թվականին: Տվյալ կառույցին վերաբերող ՀՀ օրենքի հիմքում դրվել են մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող ազգային կառույցների վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից երաշխավորված սկզբունքները, որոնք մշակվել եւ ընդունվել են 1993 թվականին Փարիզում եւ հայտնի են «Փարիզյան սկզբունքներ» անվանումով:

Նկատի ունենալով` «որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային կառույցներին վերաբերվող Փարիզյան սկզբունքներով հատկապես կարեւորված է նման կառույցների անկախությունը պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից, ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով ամրագրվել է. «Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ մարմնի կամ պաշտոնատար անձի»:

Մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող ազգային կառույցի լիարժեք անկախության անհրաժեշտությունը թելադրված է այն խնդիրներով, որոնք ենթակա են լուծման տվյալ կառույցի միջոցով: Պաշտպանը, համաձայն ՀՀ օրենքի, «իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը» (հ. 2):

Սա նշանակում է, որ Պաշտպանի վերահսկողությունից չի կարող դուրս մնալ պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ մարմին կամ պաշտոնատար անձ, ինչը չի երաշխավորվում, եթե այս կամ այն չափով Պաշտպանը կախում կունենա տվյալ մարմնից կամ պաշտոնատար անձից:

Նկատի ունենալով, որ իր խնդիրներն ու ֆունկցիաները Պաշտպանը չի կարող միայնակ իրականացնել, օրենքը Պաշտպանին եւ իր աշխատակազմին դիտում է որպես մեկ միասնական ազգային կառույց, ամրագրելով նրանց անկախության երաշխիքները:

Այդուհանդերձ, նախորդ տարիների աշխատանքային փորձի ընդհանրացումը եւ վերլուծությունը հիմք է տափս պնդելու, որ Պաշտպանի եւ իր աշխատակազմի գործունեության` օրենսդրությամբ նախատեսված երաշխիքները բավարար չեն ազգային կառույցի արդյունավետ գործունեության ապահովման համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը հասարակության մեջ ժողովրդավարության սկզբունքների անշեղ իրացման գործում« նախագծով առաջարկվում են նոր մոտեցումներ` ուղղված այս ինստիտուտի հետագա զարգացմանը:

Մասնավորապես, ներկայացվող նախագծի ընդունմամբ.

ա/ կհսաակեցվեն Պաշտպանի գործունեության սկզբունքները.

բ/ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության դրույթներին.

գ/ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի եւ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի համագործակցության: Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից թիվ 14 արձանագրությունով նախատեսված իրավական կարգավորման փորձի հաշառմամբ սահմանվում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ դատական համակարգի փոխգործակցության կառուցակարգեր.

դ/ կհստակեցվեն Պաշտպանի եւ նրա աշխատակազմի գործունեության սոցիալական երաշխիքները.

ե/ կհստակեցվեն Պաշտպանի աշխատակազմի եւ աշխատակազմի աշխատակիցների իրավական կարգավիճակը:

Օրենսդրական նախաձեռնությունը մշակելիս նկատի ենք ունեցել միջազգային իրավական փորձը:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ: