Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1015-04.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118, այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «31» կետով.

«31) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքները.»:

Հոդված 2. Օրենքի 24.1 հոդվածի առաջին պարբերությունում «2012» թիվը փոխարինել «2011» թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավելացված արժեքի հարկի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

«Ավելացված արժեքի հարկի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասի» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի «Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը հավանություն տալու եւ ռազմավարությունից բխող առանձին միջոցառումների իրականացումն ապահովելու գործողությունների մասին»  N1291-Ն որոշումից:

Ավելացված արժեքի հարկի մասով եվրոպական երկրների օրինակով միջազգային փորձը վկայում է, որ ոռոգման ծառայությունների մատուցման նկատմամբ Եվրոպական համայնքն առավել հակված է կիրառելու ԱԱՀ-ի նվազեցված կամ զրոյական դրույքաչափ: Այս մոտեցումը հիմնականում որդեգրել են եվրոպական այն երկրները, որտեղ ջրամատակարարման կամ ոռոգման ծառայությունները մատուցվում են պետության, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պատվիրակմամբ` հանրային ծառայություններ մատուցողների կողմից եւ ծառայությունների մատուցման հիմքում գերակայում է հանրային շահը` առեւտրային շահի նկատմամբ:

Ակնհայտ է, որ ՀՀ-ում եւս ոռոգման ծառայությունների մատուցման առումով գերակայում է հանրային շահը` առեւտրային շահի նկատմամբ, նկատի ունենալով, որ ոռոգման ծառայությունների գերակշիռ մասը բաժին է ընկնում ՋՕԸ-ներին, որոնք միավորում են շուրջ 200 հազար ջրօգտագործող անդամների: Այս առումով ԱԱՀ-ի կիրառման իմաստով ոռոգման ծառայությունները ԱԱՀ-ից ազատելու կամ դրանց նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելը հիմնավոր է եւ արդարացի:

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը ներկայումս զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում եւ առաջիկա տարիներին եւս մտադիր է շարունակել այդ աջակցությունը: Նկատի ունենալով, որ ՋՕԸ-ների ընթացիկ ծախսածածկման մակարդակը շուրջ 50 տոկոսի սահմաններում է, ներկայումս գործող հարկային օրենսդրության պայմաններում ՋՕԸ-ների կողմից վճարվող ավելացված արժեքի հարկը, փաստորեն, ամբողջովին վճարվում է պետական ֆինանսական աջակցության միջոցներից: Ավելին, գործող օրենսդրության ճիշտ կիրառման դեպքում ՋՕԸ-ների մոտ վճարման ենթակա ԱԱՀ չպետք է առաջանա եւ պետական աջակցության ծավալներն այդ առումով պետք է համարել գերագնահատված:

Վերջապես, ներկայումս ՀՀ-ում բուսաբուծության արտադրանքի գերակշիռ մասը` ավելի, քան 99 տոկոսը բաժին է ընկնում ոչ առեւտրային կազմակերպություններին, որոնց միջին տարեկան շրջանառությունը զգալիորեն ցածր է ԱԱՀ չհարկվող շեմից: Այդպիսով, ներկայումս բուսաբուծության ոլորտը գրեթե ամբողջովին փաստացի ազատված է ԱԱՀ-ից:

Ելնելով վերը ներկայացվածից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ ԱԱՀ-ի նվազեցված դրույքաչափի կիրառման նորմ` ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտնում ՋՕԸ-ների կողմից մատուցվող ոռոգման ծառայություններն ազատել ԱԱՀ-ից` սկսած 2011 թվականից:

Շահութահարկի մասով ներկայումս, չնայած այն հանգամանքին, որ ՋՕԸ-ները աշխատում են զգալի վնասներով, այնուհանդերձ, հարկային հաշվառման սխալների պատճառով ստիպված են վճարել շահութահարկ: Գերազանցապես, դա, հետեւանք է ՀՀ կառավարության կողմից հաստատված դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձեւավորման, դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման եւ դուրս գրման կարգի ոչ ճիշտ կիրառման: Արդյունքում ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է ոռոգման ոլորտում շահութահարկի մասով գոյություն ունեցող արտոնությունը վերացնել:

Վերը նշված նախագծերի ընդունումը կնպաստի ոռոգման ոլորտի բարեփոխումների շարունակմանը, ինչպես նաեւ ոլորտի կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: