Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-955-23.07.2010,28.10.2010-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 76-րդ հոդվածի 4-րդ մասում «104-րդ հոդվածի երկրորդ մասով» բառերից հետո լրացնել «132-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով, 132.2-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենսգրքի 132-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 132. Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը

1. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

6) ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ  առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ  առանց դրա:

4. Սույն հոդվածում, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածում շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձեւերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության  կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:»:

5. Սույն հոդվածով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից տուժած անձն ազատվում է իր կողմից կատարված ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել` իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում եւ այդ արարքները կատարել է հարկադրանքի ներքո:

Հոդված 4 .Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 132.1-րդ հոդվածը:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 132.2-րդ հոդվածով.

«Հոդված 132.2. Երեխայի կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը

1. Շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ  առանց դրա:

2. Նույն  արարքը, որը կատարվել է`

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) պաշտոնեական դիրքը օգտագործելով,

4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

5) առեւանգման միջոցով,

6) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

7) ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ  առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ  առանց դրա:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 132.3-րդ հոդվածով.

«Հոդված 132.3. Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը

1. Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է ծառայությունից օգտվողի համար եւ եթե հանցագործություն կատարած անձի արարքում բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված
հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) ակնհայտ անչափահասի նկատմամբ,

2) հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ,

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

4) երկու կամ ավելի անձանց նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3.Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին տուժողի մասին կամովին տեղեկություններ հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:»:

Հոդված 7. Օրենսգրքի 165-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «առավելագույնը երեք տարի» բառերը փոխարինել` «մեկից հինգ տարի» բառերով:

2) 2-րդ մասում` «առավելագույնը երեք տարի» բառերը փոխարինել` «երկուսից վեց տարի» բառերով:

3) 3-րդ մասում` «երկուսից յոթ տարի ժամկետով» բառերը փոխարինել` «երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով:

4) 4-րդ մասում` «հինգից յոթ տարի ժամկետով» բառերը փոխարինել` «հինգից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 166-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 166. Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է` ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն`

պատժվում է ազատազրկմամբ? երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք`

1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 166.1-րդ հոդվածով.

«Հոդված 166.1. Երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը

1. Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պարբերաբար ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե
բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից   չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2.Նույն արարքը, որը կատարվել է` ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք`

1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 10. Օրենսգրքի 167-րդ հոդվածում`

1) 1-ին մասում` «կամ երեխային փոխելը» բառերից հետո լրացնել` «եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության
հատկանիշները`» բառերը:

2) Ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերը:

Հոդված 11. Օրենսգրքի 168-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 168. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը եւ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը

1. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը եւ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ

3) ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,

4) կեղծ որդեգրում կատարելու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ  տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ  առանց դրա:»:

Հոդված 12. Օրենսգրքի 261-րդ եւ 262-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 261. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը

1.Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը, եթե բացակայում է սույն օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչեւ երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

1. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,

4) ակնհայտ հղի կնոջը նկատմամբ,

5) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ  առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ  առանց դրա:

Հոդված 262. Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը

1. Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որեւէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով` պոռնկությամբ զբաղվելուն այլ ձեւով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչեւ երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,

4) ակնհայտ հղի կնոջը օգտագործելով,

5) երկու կամ ավելի անձանց օգտագործելով,

6) անչափահասին օգտագործելով,

7) հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 13. Օրենսգրքի 263-րդ հոդվածում`

1) Վերնագրում եւ 1-ին մասում «տարածելը» բառերից առաջ հանել «ապօրինի» բառը, ինչպես նաեւ «պատրաստելը» բառից հետո լրացնել «եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները`» բառերը,

2) 2-րդ մասից հանել «Պոռնկագրական բնույթի համակարգչային ծրագրերի, կինոյի կամ տեսաֆիլմերի նյութերի, պատկերների կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաների ստեղծմանն անչափահասներին մասնակից դարձնելը, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 14.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: