ՀՈԴՎԱԾ 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի`
1) 11-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.»,
2) 14-րդ պարբերությունում «հանձնաժողովի կողմից հաստատված հիմնարար փաստաթուղթը, որով կանոնակարգվում են» բառերը փոխարինել «հանձնաժողովի կողմից հաստատված իրավական ակտերը, որոնցով կանոնակարգվում են» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերությունում «արտադրության,» բառից հետո լրացնել «հաղորդման,» բառով:
ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետեւ` նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը կայանում է հետեւյալում.
1. Նախագծի առաջին հոդվածում ճշգրտվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի (այսուհետեւ` օրենք) 4-րդ հոդվածում բերված սահմանումները` մասնավորապես «շուկայի կանոններ» հասկացության սահմանման մեջ առաջարկվում է հիմնարար մեկ փաստաթուղթը փոխարինել շուկան կարգավորող իրավական ակտերով, այսինքն այնպես` ինչպես ներկա դրությամբ գոյություն ունի: Նույն հոդվածում «Հանձնաժողով» հասկացության բացված տեսքը նույնպես համապատասխանեցվել է ներկայումս գործող Հանձնաժողովի անվանման հետ:
2. Նախագծի 2-րդ հոդվածը նախատեսում է էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարի լիցենզիայի պայմանների մեջ մտցնել նաեւ հաղորդման գործառույթը: Սույն լրացման համար հիմք է հանդիսանում այն փաստը, որ էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցը գտնվում է էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարի օպերատիվ վարույթի ներքո եւ վերջինս է իրականացնում էլեկտրաէներգիայի հաղորդման գործառույթի համակարգային պլանավորումն ու կոորդինացումը:
3. Համաձայն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի` ՀՀ կառավարությունը օրենքը ընդունելուց հետո 6 ամսյա ժամկետում պետք է ջրի հաշվարկային քանակի երկարաժամկետ ապահովման երաշխիքներ տրամադրեր հիդրոէլեկտրակայններում էլեկտրական էներգիայի արտադրության համար: Այդ երաշխիքների տրամադրումը ՀՀ կառավարության կողմից անիրատեսական է, քանի որ բնության քմահաճույքներից կախված ջրի հաշվարկային քանակները տատանվելու են տարեց տարի, ուստի դրանք կարող են դիտվել բացառապես որպես հաշվարկային քանակներ: Այդ իսկ պատճառով առաջարկվում է օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը ուժը կորցրած ճանաչել: