Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1017-11.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը լրացնել 53.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 53.1. Ընկերության բաժնետերերի ռեեստրից տվյալների տրամադրումը

1. Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ բաժնետերերի (անվանատերերի) անունը, ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը, իրավաբանական անձ բաժնետերերի (անվանատերերի) անվանումը եւ պետական գրանցման վկայականի համարը, ինչպես նաեւ այդ բաժնետերերին (անվանատերերին) պատկանող բաժնետոմսերի քանակի եւ տեսակի (դասի) վերաբերյալ տեղեկությունները բաց են եւ համապատասխան ռեեստրը վարող անձի կողմից ենթակա են տրամադրման ցանկացած անձի` նրա դիմումի հիման վրա` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմիններին տրամադրվում է անվճար, իսկ այլ անձանց` համապատասխան վճարի դիմաց, որի նվազագույն եւ առավելագույն չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Օրենքի նախագծերի փաթեթը նպատակ ունի կարգավորել մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունների թույլատրելի օգտագործման հետ կապված հարցերը: «Բաժնետիրական ընկերությունների մասին» գործող ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը չի նշում ռեեստրում նշված տեղեկատվության օգտագործման հնարավոր դեպքերը, իսկ «Արժեթղթերի շուկայի մասին» գործող ՀՀ օրենքի 98-րդ հոդվածը սահմանում է ծառայողական տեղեկության հասկացությունը եւ կարգավորում դրա հրապարակման հետ կապված հարցերը:  Նույն հոդվածի երկրորդ մասը նշում է այն տեղեկությունները,  որոնք չեն համարվում ծառայողական եւ հետեւաբար կարող են հրապարակվել: Սակայն նշված մասում չի խոսվում ընկերությունների բաժնետերերի եւ/կամ բաժնեմասերի վերաբերյալ տեղեկության մասին, ինչը ենթադրում է, որ այն  հրապարակման ենթակա չէ եւ համարվում է ծառայողական տեղեկություն: Այդ տեղեկություները կարող  են անհրաժեշտ լինել ինչպես ընկերության մյուս բաժնետերերին, այնպես էլ տվյալ ընկերությունում ներդրումների ցանկություն հայտնող շահագրգիռ երրորդ անձանց:

Միաժամանակ օրենքի նախագծով փորձ է արվում նշված տեղեկությունները բաց համարելու հետ մեկտեղ նաեւ պաշտպանել եւ արգելել բաժնետերերի անհատական տվյալներ պարունակող տեղեկությունների տարածումը: