Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10171-11.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 6.1-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«6.1) Բաժնետիրական ընկերության մասնակիցների ռեեստրը վարող անձի կողմից իր կողմից վարվող ռեեստրից «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53.1-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների տրամադրումը.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

Օրենքի նախագծերի փաթեթը նպատակ ունի կարգավորել մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունների թույլատրելի օգտագործման հետ կապված հարցերը: «Բաժնետիրական ընկերությունների մասին» գործող ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը չի նշում ռեեստրում նշված տեղեկատվության օգտագործման հնարավոր դեպքերը, իսկ «Արժեթղթերի շուկայի մասին» գործող ՀՀ օրենքի 98-րդ հոդվածը սահմանում է ծառայողական տեղեկության հասկացությունը եւ կարգավորում դրա հրապարակման հետ կապված հարցերը:  Նույն հոդվածի երկրորդ մասը նշում է այն տեղեկությունները,  որոնք չեն համարվում ծառայողական եւ հետեւաբար կարող են հրապարակվել: Սակայն նշված մասում չի խոսվում ընկերությունների բաժնետերերի եւ/կամ բաժնեմասերի վերաբերյալ տեղեկության մասին, ինչը ենթադրում է, որ այն  հրապարակման ենթակա չէ եւ համարվում է ծառայողական տեղեկություն: Այդ տեղեկություները կարող  են անհրաժեշտ լինել ինչպես ընկերության մյուս բաժնետերերին, այնպես էլ տվյալ ընկերությունում ներդրումների ցանկություն հայտնող շահագրգիռ երրորդ անձանց:

Միաժամանակ օրենքի նախագծով փորձ է արվում նշված տեղեկությունները բաց համարելու հետ մեկտեղ նաեւ պաշտպանել եւ արգելել բաժնետերերի անհատական տվյալներ պարունակող տեղեկությունների տարածումը: