Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-183-08.12.2003-ՊԻ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 169.4 հոդվածը(Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման եւ աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը) ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենսգրքի169.6 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 169.6. Առեւտրի եւ սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը

Առեւտրի եւ սպասարկման ոլորտում աշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմաված կարգով անվանաքարտ չկրելը գործատուի համար`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 169.7 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 169.7. Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման եւ աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը

Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման եւ աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 169.8հոդվածի`

ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գործատուի կողմից օրացուցային տարվա ընթացքում առնվազն 2 անգամ օրենքով սահմանված ժամկետում աշխատավարձ չհաշվարկելը եւ (կամ) օրենքով սահմանված ժամկետից հետո 15 օրվա ընթացքում աշխատավարձ չվօարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ չհաշվարկված կամ հաշվարկված եւ չվճարված աշխատավարձի մեկ քարորդի չափով, բայց ոչ ավելի հինգ հարյուր հազար դրամից:»:

բ) երկրորդ մասի սանկցիայում «մեկ երկրորդի չափով» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ավելի մեկ միլիոն դրամից» բառերով:

Հոդված 5 . Օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին պարբերությունից հանել «169.4» թիվը:

Հոդված 6. Օրենսգրքի 242-րդ հոդվածը լրացնել «94.1-րդ» թվից հետո լրացնել «169.4-րդ» թվով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի շտկել օրենսգրքում առկա համարակալման թերությունը, փոփոխություններ առաջացնող հոդվածներում իրատեսական դարձնել իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերը, ինչպես նաեւ գործատուների համար սահմանել պատասխանատվություն վարձու աշխատողի կողմից անվանաքարտ չկրելու համար: