Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1025-16.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի նոյեմբերի 27, ՀՕ-193-Ն) 8-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր` «ժգ» ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ.

«ժգ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանի գրանցման  համարը.»

Հոդված 2. Հոդված 8-ում ավելացնել նոր` 8.1. մաս հետեւյալ բովանդակությամբ.

«8.1. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը եւ սննդային հավելումները, որոնք ունեն տարա եւ փաթեթավորում, պետք է իրացվեն միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«UՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող օրենքների նախագծերի նպատակն է պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, բարձրացնել արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ uպառողների վuտահությունը, կանխել թյուրիմացության մեջ նրանց գցող գործոնները, պաշտպանել արտադրողների եւ ներմուծողների իրավունքները,  տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել արդարացի մրցակցային պայմաններ: Նախագիծը կնպաստի որպեսզի շուկայում տնտեսվարողները չնմանակեն եւ/կամ չկեղծեն միմյանց արտադրանքները, ինչպես նաեւ կնպաստի հասարակությունում մտավոր սեփականության նկատմամբ հարգանքի մշակույթի ձեւավորմանը:

Օրենքի նախագծով սահմանված մեխանիզմների պրակտիկ կիրառումը ապահովելու նպատակով միաժամանակ առաջարկվել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն վարչական տուգանքներ կիրառելու մեխանիզմներով պաշտպանել ինչպես սպառողների իրավունքները, այնպես էլ ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար արդարացի մրցակցային պայմաններ՝ զերծ պահելով միմյանց ապրանքները կեղծելու կամ նմանակելու հնարավորությունից:

Օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետը (01.01.2012թ.) տնտեսվարողներին հնարավորություն է տալիս զերծ մնալ նյութական կորուստներից, ինչպես նաեւ թույլ է տալիս ունենալով բավականաչափ ժամկետ նախապատրաստվելու օրենքի կիրառությանը՝ դիմելու եւ գրանցելու իրենց ապրանքային նշանները (գործընթացի առավելագույն ժամկետը ութ ամիս է) եւ փոխելու ապրանքների փաթեթավորումները: