Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-021-09.07.2003-ՍԱ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է մարդու հիմնարար անձնական բարիք հանդիսացող հոգեկան առողջության, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմքերը, այդ իրավունքներից բխող հարաբերությունները, ինչպես նաեւ կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ հոգեկան առողջության ոլորտում միջազգային իրավունքի նորմերով եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների եւ ազատությունների իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծման գործընթացները:

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հոգեկան առողջության մասին օրենսդրությունը

Հոգեկան առողջության մասին ՀՀ օրենսդրությունը բաղկացած է ՀՀ Սահմանադրությունից, սույն օրենքից եւ օրենսդրական այլ ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 2. Օրենքի կարգավորման ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է հոգեկան առողջության պահպանման, ապահովման ոլորտի հիմնախնդիրները հոգեկան հիվանդությունների բուժման եւ վերականգնման կարգը, պայմանները, հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է պետական իրավասու մարմինների իրավունքների ու պարտականությունների շրջանակը այս ոլորտում:

Հոդված 3. Սույն օրենքի կիրառումը

Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա /այսուհետ` քաղաքացիներ/, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.

Հոգեկան խանգարումների կանխարգելման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը, Հոգեբուժական օգնություն իրականացնելու լիցենզավորման կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը;
ԳԼՈՒԽ 2

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 5. Հոգեկան առողջության պահպանման ապահովումը

Հոգեկան առողջության պահպանման գործընթացը կազմակերպում եւ իրականացնում են ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ այդ նպատակով ստեղծված հոգեկան առողջության հաստատությունները:

Հոգեկան առողջության պահպանման գործընթացին կարող են մասնակցել մասնագիտացված հասարակական միավորումները, հիմնադրամները, հոգեկան խանգարումներով տառապող անձանց եւ նրանց ընտանիքներին օժանդակող խմբերը, ինչպես նաեւ այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

Հոդված 6. Հոգեկան առողջության պահպանումը

Հոգեկան առողջության պահպանումը ներառում է`

Հոդված 7. Հոգեկան առողջության ոլորտում կանխարգելիչ աշխատանքների իրականացումը

Հոգեկան խանգարումների եւ հիվանդությունների կանխարգելման աշխատանքներն ուղղված են բնակչության հոգեկան առողջության պահպանմանը, առաջին հերթին սոցիալական ռիսկի խմբերի (երեխաներ, կանայք, ծերեր, հատուկ մասնագիտություններ եւ այլն), եւ ընդգրկում են`

- հոգեկան առողջության պահպանման սկզբունքների ներդրումը դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում, երեխաների եւ անչափահասների խնամքով, դաստիարակությամբ եւ սոցիալական վերականգնման խնդիրներով զբաղվող հաստատություններում, ինչպես նաեւ զորամասերում,

- կանխարգելմամբ զբաղվող հաստատությունների, առաջին հերթին հոգեբանական կոնսուլտացիաների, ֆիզիկական եւ հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների կարիքները հոգացող մասնագիտացված հաստատությունների ստեղծումը,

- հոգեկան խանգարումներով տառապող անձանց եւ նրանց ընտանիքներին օժանդակող խմբերին եւ հոգեկան առողջության պահպանման ոլորտում հասարակական այլ նախաձեռնություններին սատարումը,

- դաստիարակությամբ, ուսուցմամբ, սոցիալական վերականգնմամբ, սոցիալ-խորհրդատվական օգնությամբ, բժշկական օգնությամբ եւ խնամքով, ինչպես նաեւ աշխատանքի եւ հանգստի կազմակերպմամբ եւ կառավարմամբ զբաղվող անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում հոգեկան առողջության պահպանման խնդիրները ներառումը,

- հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ նախապաշարմունքի, խարանադրոշմի եւ կանխակալ կարծիքների վերափոխում եւ նվազեցում, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հնարավորությունների հավասարեցում, ինչպես նաեւ հոգեկան խանգարումների մասին ճշգրիտ տեղեկատվության տարածում եւ հասարակության կրթմանը ուղղված միջոցառումների իրականացում:

ԳԼՈՒԽ 3

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 8. Պետության երաշխիքները հոգեկան առողջության ապահովման ընթացքում

Հոգեկան առողջության ապահովման ընթացքում պետությունը երաշխավորում է.

ա/ անհետաձգելի հոգեբուժական օգնություն.

բ/ խորհրդատվական, ախտորոշիչ, վերականգնողական օգնություն եւ ծառայություն հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային պայմաններում քրոնիկ հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հոգեբուժական փորձաքննության բոլոր ձեւեր.

գ/ իրավական օգնություն.

դ/ սոցիալ-խորհրդատվական օգնություն.

ե/ հոգեկան խանգարումներով տառապող հաշմանդամների աշխատանքի տեղավորում եւ ուսուցում, վերաուսուցում, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններ.

զ/ տարերային աղետների եւ տեխնածին վթարների ժամանակ հոգեբուժական օգնության կազմակերպում.

է/ ՀՀ կառավարության կողմից սահմանված այլ արտոնություններ:

Հոդված 9. Պետության կողմից տարվող քաղաքականությունը հոգեկան առողջության եւ դրա հետ կապված սոցիալական պաշտպանության ոլորտում

Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը եւ սոցիալական պաշտպանությունն ապահովելու նպատակով, պետությունը`

- մշակում եւ իրականացնում է ՀՀ հոգեկան առողջության քաղաքականությունը՝ իրականացնելով գործառույթների բաշխում եւ ապակենտրոնացում գերատեսչությունների, մարզային եւ տեղական ինքնակառավարման մակարդակներում հոգեկան առողջության գործառույթը իրականացնող բուժական եւ սոցիալական բնույթի հաստատությունների միջեւ,

- իրականացնում է ՀՀ բյուջեով նախատեսված եւ հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ֆինանսական միջոցների բաշխումը համապատասխան ծառայություններ իրականացնող հաստատությունների միջեւ՝ անկախ դրանց սեփականության ձեւից եւ կազմակերպա-իրավական տեսակից,

- սահմանում է հոգեկան առողջության ոլորտում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության եւ ծառայության շրջանակներում իրականացվող բուժծառայությունները հիվանդանոցային եւ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության պայմաններում, ներառյալ սոցիալապես հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժումը բնակչության բոլոր խավերի համար,

- իրականացնում է հոգեկան առողջության ծառայությունների որակի կառավարումը;

- կազմակերպում է հոգեկան խանգարումներով տառապող անչափահասների հատուկ հանրակրթական եւ մասնագիտական ուսուցում,

- ստեղծում է բուժական-արտադրական միավորումներ՝ հոգեկան խանգարումներով տառապող անձանց, այդ թվում հաշմանդամների աշխատանքային բուժման, նոր մասնագիտությունների տիրապետման եւ զբաղվածության ապահովման համար,

- կանոնակարգում է պարտադիր եւ կամավոր բժշկական ապահովագրություն իրականացնող հաստատությունների գործունեության կարգը հոգեկան առողջության ոլորտում,

- ստեղծում է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն իրականացնող հաստատություններ:

Հոդված 10. Հոգեբուժական օգնության եւ սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրները

ՀՀ-ում հոգեբուժական օգնության եւ սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրներն են՝

ա/ հատկացումները ՀՀ պետական բյուջեից.

բ/ ապահովագրական հատկացումները.

գ/ անձանց վճարումները.

դ/ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները։

ՀՀ կառավարությունը պետական բյուջեով նախատեսված հատկացումներով իրականացնում է հոգեբուժական պետական նպատակային ծրագրերի շրջանականերում հոգեբուժական օգնության եւ սպասարկման երաշխավորված ֆինանսավորում հոգեբուժական օգնության եւ սպասարկման անկախ դրանց կազմակերպական-իրավական տեսակից եւ սեփականության ձեւից։

Հոգեբուժական օգնության եւ սպասարկման ֆինանսավորումն ապահովագրական հատկացումներով իրականացվում է կնքված ապահովագրական պայմանագրի համաձայն։

Անձանց կողմից անմիջական վճարումներ կատարվում են, եթե մատուցվող հոգեբուժական օգնության եւ սպասարկման տեսակների եւ ծավալների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասամբ չի իրականացվում սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» եւ «դ» կետերում նշված աղբյուրներից։

Հոդված 11. Հոգեկան առողջության ծառայություններ ստանալու ընթացքում հոգեկան խանգարումով տառապող անձի իրավունքները

Հոգեկան խանգարումներով տառապող անձինք օգտվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր իրավունքներից եւ ազատություններիցհավասար այլ քաղաքացիների հետ` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերում:

Հոգեկան առողջության ծառայություններ ստանալու ընթացքում հոգեկան խանգառումով տառապող անձը իրավունք ունի՝

ա/ հարգալից եւ մարդկային վերաբերմունքի՝ հոգեկան առողջության ծառայություն մատուցողի կողմից.

բ/ ընտրել հոգեկան առողջության ծառայություններ իրականացնողին.

գ/ ստանալ հոգեկան առողջության ծառայություններ՝ հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում.

դ/ պահանջել հոգեկան առողջության ծառայությանը դիմելու փաստի, իր առողջության վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի օրենսդրությամբ սահմանված դեպքերից.

ե/ իրազեկ լինել իր հիվանդության մասին.

զ/ հրաժարվել հոգեկան առողջության ծառայություններից, բացի սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված դեպքերից.

է/ հոգեկան առողջության մատուցվող ծառայության ձեւերի եւ տեսակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու.

սոցիալ-խորհրդատվական օգնությունից հրաժարվելու.

ը/ իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության, այդ թվում` դատական կարգով.

թ/ ստանալ իրենց հոգեկան առողջության, բուժման եւ փորձաքննության արդյունքների, բուժման մեթոդների, դրանց հետ կապված հնարավոր ռիսկերի մասին տեղեկություններ, իսկ եթե հոգեկան խանգարում ունեցող անձը անչափահաս է, ապա նրա՝ ծնողները կամ օրինական ներկայացուցիչը իրավունք ունեն ստանալու վերոհիշյալ տեղեկությունները եւ որոշում կայացնել բուժումը ընդունելու կամ դրանից հրաժարվելու մասին:

Հոդված 12. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները եւ դրանց սահմանափակումները հոգեկան առողջության հաստատություններում

Հոգեկան առողջության հաստատություններում հոգեկան խանգարումներով տառապող անձինք բացի սույն օրենքի հոդված 11-ի նշված իրավունքներից իրավունք ունեն նաեւ՝

- ստանալ հոգեբուժական օգնություն բնակության վայրին հնարավորին չափ մոտ պայմաններում,

- հրաժարվել հոգեբուժական հետազոտումից կամ բուժումից, բացառությամբ սույն օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված դեպքերի,

- ազատ հաղորդակցվելու այլ անձանց հետ, ունենալ հեռախոսից, փոստային ծառայություններից եւ այլ միջոցներից օգտվելու հնարավորություն,

- ընդունել այցելուներ,

- իրագործել քվեարկելու իրավունքը ընտրությունների ժամանակ,

- հոգեբուժական հաստատություն ընդունվելիս անմիջապես տեղեկացվել իր համար մատչելի լեզվով եւ ձեւով իր իրավունքների եւ դրանց իրականացման ձեւերի մասին ստանալ փաստաբանի օգնություն,

- առանց գրաքննության վարել նամակագրություն,

- իրագործել դավանանքի եւ կրոնական համոզմունքների ազատությունը,

- ազատ տնօրինելու իր ժամանակը,

- կրթության եւ ուսուցման,

- բողոքարկելու եւ դիմելու դատական, պետական եւ այլ մարմիններին:

Հոգեկան առողջության հաստատություններում հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց իրավունքներն իրականացնում են անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով:

Հոսպիտալացված հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները կարող են սահմանափակվել այն դեպքերում, երբ դրանց իրագործումը կարող է վնասել անձի առողջական վիճակին կամ այլ անձանց իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

Իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշումը կայացնում է բժիշկ-հոգեբույժը, համապատասխան գրառում կատարելով բժշկական փաստաթղթերում:

Անձի իրավունքները կարող են սահմանափակվել ոչ ավել, քան առողջական վիճակը կարգավորելու համար անհրաժեշտ ժամանակով:

Հիվանդի տեղափոխումը մեկ հաստատությունից մյուսը կատարվում է միայն բուժական նպատակահարմարությունից ելնելով, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

Հոգեկան առողջության հաստատությունում գտնվելու ընթացքում, հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարումով տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական սահմանափակման (գոտիներ, զսպաշապիկներ) եւ մեկուսացման միջոցներ, որոնց կիրառման մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:

Հոդված 13. Հոգեկան խանգառումներով տառապող անձանց իրավունքների ապահովումը

Հոսպիտալացումից հետո հիվանդը անմիջապես տեղեկացվում է իր իրավունքների մասին: Հոգեկան առողջության հաստատության տնօրինությունը պարտավոր է ապահովել իրավունքների իրագործումը:

Հոդված 14 Հոգեբուժական հաստատություններում հարկադրական աշխատանքի եւ աշխատանքային շահագործման արգելում

Հոսպիտալացված անձի աշխատանքը պետք է լինի կամավոր, ունենա բուժական եւ վերականգնողական բնույթ:

Հոգեբուժական հաստատությունում հոսպիտալացված անձինք չեն ենթարկվում հարկադրական աշխատանքի կամ աշխատանքային շահագործման:

Հոդված 15. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց գործունակության հետ կապված սահմանափակումները

Հոգեկան խանգարումով տառապող անձը կարող է ճանաչվել անգործունակ միայն դատարանի որոշմամբ: Դատարանի որոշման հիման վրա խնամակալության եւ հոգաբարձության մարմինը հոգեկան խանգարումով տառապող անձի նկատմամբ նշանակում է խնամակալ՝ անգործունակ ճանաչված անձի շահերը պաշտպանելու նպատակով:

Անձին անգործունակ ճանաչելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ խնամակալություն իրականացնելու կարգն ու պայմանները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ:

ԳԼՈՒԽ 4

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 16. Հոգեկան առողջության ծառայության իրականացումը

Հոգեկան առողջության ծառայությունը իրականացվում է հոգեկան առողջության հաստատությունների կողմից անկախ իրենց իրավական-կազմակերպչական տեսակից եւ ներառում է քաղաքացիների հոգեկան առողջության հետազոտումը, հոգեկան հիվանդությունների ախտորոշումը, բուժումը, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց խնամքը, նրանց բժշկական եւ սոցիալական վերականգնումը եւ աջակցությունը:

Հոդված 17. Հոգեբույժի անկախ լինելը հոգեբուժական օգնություն իրականացնելիս

Հոգեբուժական օգնություն իրականացնելիս հոգեբույժը անկախ է իր կայացրած որոշումներում եւ ղեկավարվում է ՀՀ օրենսդրութայմբ եւ բժշկական էթիկայի նորմերով:

Հոդված 18. Քաղաքացիների հոգեկան առողջության մասին տեղեկություններ տալու մասին

Քաղաքացիների հոգեկան առողջության մասին տեղեկությունները բժշկական գաղտնիք են հանդիսանում: Այդպիսի տեղեկությունները ներկայացվում են միայն հիվանդին եւ նրա օրինական ներկայացուցչին նրանց խնդրանքով կամ համաձայնությամբ, ինչպես նաեւ հոգեկան առջողջության հաստատություններին եւ ՀՀ օրենքով սահմանված դեպքերում դատարանին եւ դատաքննչական մարմիններին՝ նրանց պաշտոնական հարցման հիման վրա:

Հոդված 19. Ոչ հոգեբույժի եզրակացությունը

Անձի հոգեկան առողջության վերաբերյալ ոչ հոգեբույժի եզրակացությունը կրում է միայն նախնական բնույթ եւ չի կարող հիմք հանդիսանալ անձի իրավունքները եւ ազատությունները սահմանափակելու համար:

Հոդված 20. Հոգեբուժական զննում

Հոգեբուժական զննումն իրականացվում է անձի հոգեկան խանգարման առկայությունը որոշելու, հաստատելու, ճշտելու, գնահատելու եւ հոգեբուժական միջամտության անհրաժեշտությունը հիմնավորելու նպատակով:

Հոգեբուժական զննում իրականացնող հոգեբույժը պարտավոր է տեղեկացնել զննվողին կամ նրա օրինական ներկայացուցչին իր հոգեբույժ լինելու մասին:

Հոգեբուժական զննումն իրականացվում է հնարավորության դեպքում հետազոտվողի, իսկ անչափահասների նկատմամբ՝ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ:

Հոգեբուժական զննումը կարող է իրականացվել առանց հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, եթե անձը անմիջական վտանգ է ներկայացնում իր կյանքի կամ առողջության, ինչպես նաեւ շրջապատի համար:

Հոգեբուժական զննման տվյալները եւ եզրակացությունը գրանցվում են բժշկական փաստաթղթերում:

Հոդված 21. Հոգեկան խանգարման ախտորոշումը

Հոգեկան հիվանդության ախտորոշումը կատարվում է ՀՀ-ում գործող հիվանդությունների միջազգային դասակարգման չափանիշներին եւ ցուցումներին համապատասխան եւ չի կարող հիմնվել միայն անձի վարքի, հասարակության կողմից ընդունված բարոյական, մշակութային, քաղաքական կամ կրոնական արժեքների հետ քաղաքացու անհամաձայնության, կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառների վրա:

Նախկինում հոգեկան խանգարում ունենալու կամ այլ հոգեկան առողջության հաստատությունում գտնվելու փաստը չի կարող տվյալ պահին հոգեկան խանգարման ախտորոշման հիմք հանդիսանալ:

Հոդված 22. Հոգեկան խանգարման բուժումը

Բուժումը պետք է իրականացվի նվազագույն սահմանափակող պայմաններում եւ նվազագույն միջամտության կիրառմամբ եւ հոգեկան խանգարում ունեցող անձի առողջության կարիքներին համապատասխան:

Հոդված 23. Հիվանդանոցային հոգեբուժական օգնություն

Հիվանդանոցային օգնությունը իրականացվում է անհետաձգելի բժշկական միջամտություն պահանջող եւ ախտորոշման, հետազոտման եւ բժշկական հատուկ միջամտություններ պահանջող, ինչպես նաեւ փորձաքննությունների դեպքերում:

Հիվանդանոցային հոգեբուժական օգնությունը ցուցաբերվոմ է անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով ասհմանված դեպքերի:

Հիվանդանոցային օգնության ծավալները եւ տեւողությունը որոշվում է բժշկական ցուցումների, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված բուժական ստանդարտների հիման վրա:

Հոդված 24. Հոսպիտալացման հիմքերը

Հոգեկան առողջության հաստատություն հոսպիտալացման հիմք կարող է հանդիսանալ անձի հոգեկան խանգարման առկայությունը եւ բժիշկ-հոգեբույժի որոշումը զննում կամ բուժում անցկացնելու վերաբերյալ հիվանդանոցային պայմաններում կամ դատարանի վճիռը:

Անձին հոգեկան առողջության հաստատություն հոսպիտալացման հիմք կարող է հանդիսանալ նաեւ հոգեբուժական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը` ՀՀ օրենքներով նախատեսված կարգով եւ պայմաններում:

Հոդված 25. Հոժարակամ հոսպիտալացման հիմքերը

Հոգեկան առողջության հաստատություն հոսպիտալացումը, բացառությամբ սույն օրենքի 26 հոդվածում նշված դեպքերի, կատարվում է անձի դիմումի հիման վրա եւ իր համաձայնությամբ:

18 տարին չլրացած անչափահասի հոգեկան առողջության հաստատություն հոսպիտալացումը կատարվում է իր ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա եւ համաձայնությամբ: Ծնողներից մեկի առարկության, ծնողների կամ օրինական ներկայացուցիչների բացակայության դեպքում անչափահասի հոգեբուժական հիվանդանոցային հոսպիտալացումը կատարվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ, որը կարող է բողոքարկվել դատական կարգով: Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեկան առողջության հաստատություն հոսպիտալացում կատարվում է նրա օրինական ներկայացուցիչների խնդրանքով կամ համաձայնությամբ:

Հոսպիտալացման համաձայնությունը ձեւակերպվում է բժշկական փաստաթղթերում, որը հաստատվում է անձի կամ նրա օրինական ներկայացուցիչի եւ բժիշկ-հոգեբույժի ստորագրություններով:

Հոդված 26. Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման հիմքերը

Հոգեկան խանգարումով տառապող անձը կարող է հոսպիտալացվել հոգեկան առողջության հաստատություն, առանց իր կամ իր օրինական ներկայացուցչի համաձայնության` մինչեւ դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե իր զննումը կամ բուժումը կարող է կատարվել միայն հիվանդանոցային պայմաններում, իսկ հոգեկան խանգարումը`

ա/ անմիջական վտանգ է ներկայացնում իր կամ շրջապատի համար,

բ/ անօգնական վիճակ է առաջացնում կենսաապահովման առումով,

գ/ իր առողջությանը զգալի վնաս է հասցնում հոգեբուժական օգնության բացակայության պայմաններում:

Հոգեկան առողջության հաստատությունում ոչ հոժարակամ հոսպիտալացված անձը 48 ժամվա ընթացքում ենթակա է պարտադիր զննման հոգեբույժների հանձնաժողովի կողմից, որը որոշում է հոսպիտալացման հիմնավորվածությունը:

Այն դեպքում, երբ հոսպիտալացումը համարվում է չհիմնավորված, իսկ հոսպիտալացված անձը չի ցանկանում մնալ հոգեկան առողջության հաստատությունում, նա ենթակա է անհապաղ դուրս գրման:

Եթե հոսպիտալացումը համարվում է հիմնավորված, ապա հոգեբույժների հանձնաժողովի եզրակացությունը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է հոգեկան առողջության հաստատության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

Դատաքննության ընթացքում պարտադիր է հոգեբուժական կազմակերպության ներկայացուցչի, անձի օրինական ներկայացուցչի մասնակցությունը:

Ոչ հոժարակամ կարգով հոգեկան առողջության հաստատությունում գտնվելու ժամկետը սահմանվում է դատարանի որոշմամբ: Առաջին վեց ամսվա ընթացքում, ամիսը մեկ անգամ անձը հոգեբույժների հանձնաժողովի կողմից ենթարկվում է պարտադիր զննման՝ հետագա հոսպիտալացման հիմնավորվածությունը որոշելու նպատակով:

Հոդված 27. Ոստիկանության աշխատակիցների պարտականությունները ոչ հոժարակամ հոսպիտալացում իրականացնելիս

Ոչ հոժարակամ հոսպիտալացում իրականացնելիս ոստիկանության աշխատակիցները պարտավոր են օժանդակել բժշկական անձնակազմին ՝ իրենց լիազորությունների սահմաններում:

Հոդված 28. Բուժման համաձայնությունը

Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կատարվում է նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության հիման վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Բժիշկը պարտավոր է հոգեկան խանգարումով տառապող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին տեղեկություններ տալ հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տեւողության, ինչպես նաեւ կողմնակի ազդեցության եւ ակնկալվող արդյունքների մասին: Ներկայացված տեղեկությունների վերաբերյալ բժշկական փաստաթղթերում կատարվում է գրանցում:

Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կարող է իրականացվել առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության միայն բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման եւ ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքերում, սույն օրենքով եւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմունքներով:

Հոդված 29. Բուժումից հրաժարվելը

Հոգեկան խանգարումով տառապող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը իրավունք ունեն հրաժարվել առաջարկված բուժօգնությունից կամ դադարեցնել այն, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածում նշված դեպքերի:

Բուժումից հրաժարվող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է տեղեկացվեն հոգեբույժի կողմից բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետեւանքների մասին:

Բուժօգնություն ստանալուց հրաժարվելու եւ բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետեւանքների մասին տեղյակ պահելու փաստը արձանագրվում է բժշկական փաստաթղթերում՝ բուժօգնությունից հրաժարվող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի եւ հոգեբույժի ստորագրությամբ:

Հոդված 30. Հոգեկան առողջության հաստատությունից հիվանդի դուրս գրումը

Հոգեբուժական հիվանդանոցային հիվանդի դուրս գրումը կատարվում է նրա առողջացման եւ հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա հիվանդանոցային բուժման անհրաժեշտությունը, կամ ավարտվել են հետազոտման եւ փորձաքննության ժամկետները:

Հոգեբուժական հաստատությունում հոժարակամ կարգով գտնվող հիվանդի դուրս գրումը կատարվում է հիվանդի ցանկությամբ, բացառությամբ 26-րդ հոդվածի ա/, բ/, գ/ կետերով նախատեսված դեպքերի: Նման դեպքերում կիրառվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման 25 հոդվածի ընթացակարգը:

Ոչ հոժարակամ կարգով հոսպիտալացված հիվանդի դուրս գրումը կատարվում է հոգեբույժների հանձնաժողովի եզրակացությամբ եւ դատարանի որոշման հիման վրա:

Բժշկական բնույթի հարկադիր միջոցներ կիրառման մեջ գտնվող հիվանդների դուրս գրումը կատարվում է հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ եւ դատարանի որոշման հիման վրա:

Հոդված 31. Արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն

Բժշկական ցուցումներից ելնելով հոգեբուժական օգնությունը կարող է իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում, անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:

Արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը իրականացվում է խորհրդատվության, բուժման, վերականգնման եւ փորձաքննության ապահովման նպատակով:

Հոդված 32. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց սոցիալ-խորհրդատվական օգնության տրամադրումը

Հոգեկան խանգարումներով տառապող անձանց սոցիալ-խորհրդատվական օգնություն է տրամադրում հոգեկան առողջութայն հաստատության սոցիալական աշխատողը:

Սոցիալ-խորհրդատվական օգնությունը տրամադրվում է հոգեկան խանգարումներով տառապող անձին սոցիալական աշխատողի կողմից` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի գտնվելու վայրում:

Հոդված 33.Դատահոգեբուժական, դատահոգեբանական, համալիր փորձաքննությունը եւ բժշկական բնույթի հարկադրական միջոցները

Քրեական գործերով դատահոգեբուժական, դատահոգեբանական, համալիր փորձաքննությունը եւ բժշկական բնույթի հարկադրական միջոցները իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված հիմունքներով եւ կարգով:

Դատահոգեբուժական, դատահոգեբանական, համալիր փորձաքննությունը եւ բժշկական բնույթի հարկադրական միջոցներն իրականացվում են հոգեբուժական հաստատություններում, որոնց ցանկը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Հոգեբուժական հաստատություններում մնալու ողջ ընթացքում անձի իրավունքներն ու ազատությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

Հոդված 34. Զինվորական ծառայության պիտանիության որոշելու հոգեբուժական փորձաքննության կարգը

Զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելու համար հոգեբուժական փորձաքննության կարգը եւ հիմունքները սահմանվում են ՀՀ «Զինապարտության մասին» օրենքով:

Հոդված 35. Անձի բժշկա-սոցիալական հոգեբուժական փորձաքննության կարգը

Հաշմանդամության հարցը որոշելու համար հոգեբուժական փորձաքննության կարգը եւ հիմունքները սահմանվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով եւ բժշկա-սոցիալական փորձաքննությանը վերաբերվող այլ իրավական նորմատիվ ակտերով:

Հոդված 36. Բուժման նոր մեթոդների կիրառումը հոգեկան առողջության ոլորտում

Կլինիկական փորձարկումները, փորձարարական բուժումը եւ հոգեբուժական վիրաբուժությունը կարող են իրականացվել միայն բուժման նպատակով, հոգեկան խանգարումով տառապող անձի գիտակցված, գրավոր համաձայնությամբ եւ օրենքով նախատեսված համապատասխան անկախ մարմնի համաձայնությամբ:

Հոդված 37. Հոգեկան առողջության հաստատության այլ մասնագետների երաշխիքները

Հոգեկան առողջության ծառայություններ իրականացնող բժշկական եւ այլ անձնակազմի իրավունքները սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հոդված 38. Պատասխանատվությունը հոգեբուժական օգնության եւ հոգեկան առողջության ծառայությունների իրականացման ընթացքում

Հոգեուժական օգնություն եւ հոգեկան առողջության ծառայություն իրականացնելու ընթացքում անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում մեղավոր ճանաչված անձինք ենթակա են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 39. Հոգեբուժական օգնության եւ հոգեկան առողջության ծառայությունների իրականացման հետ կապված գործողությունների բողոքարկումը

Հոգեկան առողջության հաստատությունում հոգեբույժի կամ այլ մասնագետի գործողությունները կարող են բողոքարկվել իրավապահ կամ դատական մարմինների:

Բողոքը կարող է ներկայացվել հոգեկան խանգարում ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից՝ օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 40. Հոգեկան առողջության մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը

Հոգեկան առողջության մասին օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 41. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: