ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում ավելացնել նոր ենթակետ հետեւյալ բովանդակությամբ`
«դ) ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող եւ ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի եւ միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար, սույն մասի «ա» կետում նշված դրույքաչափերը հաշվարկվում է` արտանետումն ընդունող ջրային ռեսուրսում` լրացուցիչ աղտոտվածություն (որը չի գերազանցում ջրօգտագոչծման թույլտվությամբ սահմանված թույլատրելի սահմանային արտահոսքը) առաջացնելու չափով»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին
ՀՀ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ղեկավարվելով ՀՀ ջրային օրենսգրքի 77-րդ հոդվածի վերջին մասով ամրագրված` բնապահպանական վճարների սահմանման հիմքերի 2-րդ կետի պահանջներով, համաձայն որի այդ վճարների սահմանման հիմք է հանդիսանում կեղտաջրերի տեսակը եւ ազդեցության աստիճանը ջրային ռեսուրսների վրա:
Ըստ էության ջրային օրենսգրքի նշված դրույթի պահանջը ամբողջովին համապատասխանում է եւ կիրառելի է այն դեպքերի համար, երբ կեղտաջրերը /ջրային ռեսուրս թափվող աղտոտված ջրեր - ՀՀ ջրային օրենսգիրք հոդված 1/ թափվելով ջրային ռեսուրս չեն աղտոտում այն եւ որեւէ բացասական ազդեցություն չեն թողնում նրա վրա:
Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի հոդված 1-ի` ջրային ռեսուրսի աղտոտում է համարվում ջրային ռեսուրսի ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների ուղղակի եւ անուղղակի փոփոխումը, որի պատճառով այն դառնում է`
1) նվազ պիտանի այն օգտակար նպատակի համար, որը տրամաբանորեն կարելի է ակնկալել դրա օգտագործմամբ, կամ`
2) վնասակար կամ հնարավոր` մարդկանց բարեկեցության, առողջության կամ անվտանգության, ջրային կամ ոչ ջրային օրգանիզմների, ջրային ռեսուրսների որակի կամ հատկությունների համար:
«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ կետով ամրագրված է ջրի ազգային քաղաքականության ապահովման մի սկզբունք, համաձայն որի «աղտոտողն է վճարում»:
ՀՀ ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի 23-րդ կետով ամրագրված է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման, օգտագործման եւ պահպանության մի սկզբունք, համաձայն որի աղտոտված ջրերի մաքրման ծախսերի փոխհատուցումն է աղտոտողի կողմից:
Այսպիսով, համադրելով վերոնշյալ օրենսդրորեն ամրագրված դրույթները, կարելի է միանշանակ հետեւություն անել, որ բնապահպանական վճարները` ջրային ռեսուրսների մասով, պետք է գանձվեն, դրանք աղտոտելու համար եւ այն պետք է բավարար լինի աղտոտված ջրերի մաքրման ծախսերը ապահովելու համար:
Ընդհանուր առմամբ, գոյություն ունեն էկոլոգիական տեսանկյունից մաքուր գործունեության տեսակներ, որոնց զարգացման եւ լայնածավալ կիրառման խթանման նպատակով, տարբեր երկրներում կառավարությունն այդ տնտեսվարող սուբյեկտների համար սահմանում է ֆինանսական եւ այլ արտոնություններ:
Ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում, ձկնաբուծությունը համարվում է էկոլոգիապես մաքուր գործունեություն: Ջրային ռեսուրսի արդյունավետ օգտագործման եւ պահպանության առումով այն նունպես համարվում է էկոլոգիապես մաքուր:
Փաստորեն, ջրօգտագործման մասով այդ տնտեսություններում տեղի չի ունենում ջրսպառում, ձուկը աճեցվում է ջրային միջավայրում, ջրային ռեսուրսի պահպանության մասով վերցված եւ օգտագործված ջրի նկատմամբ տեղի չի ունենում աղտոտում, ավելին` ձկնաբուծական ջրամբարները ինչ-որ տեղ կատարում են պարզարանների դեր /այդ է վկայում ջրօգտագործման եւ ջրահեռացման նորմավորմանը վերաբերվող մի շարք գրականություններ եւ մեթոդական ուղեցույցեր/:
ՀՀ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով վերը նշված էկոլոգիական հիմնավորումները եւ նպատակ ունենալով զարգացնելու հանրապետությունում ձկնաբուծական գործունեությունը: