Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1027-19.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Ուժը կորցրած ճանաչել «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «գ.1», «ը», «ժ», «ժե», «ժը» եւ «ի» ենթակետերը, 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածի «բ» ենթակետը, 40-րդ հոդվածի նախավերջին կետը, 41-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաեւ 4.1-րդ, 4.2-րդ, 9-րդ, 11-րդ, 16-րդ եւ 16.1-րդ գլուխները:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ա) ավտոտրանսպորտային գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետությունում ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) եւ (կամ) թեթեւ մարդատար ավտոմեքենաներով իրականացվող ուղեւորափոխադրումը.»:

Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոկանգառների վրա, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:


Հիմնավորում

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ներկայումս հաստատագրված վճարների հարկման օբյեկտ համարվող գործունեության որոշ տեսակներ հարկման ընդհանուր համակարգ կամ արտոնագրային վճարների համակարգ տեղափոխելն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող օրենսդրության համաձայն, գործունեության շուրջ 16 տեսակներ հարկվում են հաստատագրված վճարների համակարգում: Խնդիրը կայանում է նրանում, որ հաստատագրված վճարների համակարգի պարագայում հարկերը հաշվարկվում են ոչ թե գործունեության արդյունքների հիման վրա, այլ ուղղակի գործունեության տվյալ տեսակով զբաղվելու համար: Հետեւաբար, հարկման հաստատագրված վճարների համակարգը արդարացի համարվել չի կարող:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է թվով 7 գործունեության տեսակներ (հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն, բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն, ավտոկանգառների գործունեություն (ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր տեղադրված լինելու դեպքում), արդյունագործական ձկնորսության գործունեություն, համակարգչային խաղերի կազմակերպման գործունեություն, բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպման գործունեություն, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն) հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ կամ արտոնագրային վճարների համակարգ` կախված գործունեության տեսակից եւ իրացման շրջանառության ծավալներից (Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախագծերի փաթեթում ներառված` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ սույն նախագծի ընդունման պարագայում ներկայումս հաստատագրված վճարների հարկման օբյեկտ համարվող գործունեության որոշ տեսակներ (թեթեւ մարդատար ավտոմեքենաներով (տաքսի-ավտոմեքենաներով) ուղեւորափոխադրում, համակարգչային խաղերի կազմակերպման գործունեություն, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն) տարեկան իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի) 6 մլն. դրամը չգերազանցելու պարագայում կհամարվեն արտոնագրային վճարի հարկման օբյեկտ):

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան գործունեության որոշ տեսակների հարկման համակարգն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ գործունեության որոշ տեսակներ կտեղափոխվեն հարկման առավել արդար համակարգ, որի պարագայում նշյալ գործունեության տեսակներով զբաղվելու համար վճարվող հարկերի մեծությունը կախվածության մեջ կդրվի համապատասխան գործունեության վերջնական արդյունքներից:

Միաժամանակ, նախագծի ընդունումը գործունեության որոշ տեսակներ իրականացնող եւ շրջանառության փոքր ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռի անցում կատարելու հարկման արտոնագրային վճարների համակարգ` դրանով իսկ պարզեցնելով եւ թեթեւացնելով հարկային հաշվառման ընթացակարգերն ու կրճատելով հարկային մարմինների հետ շփումները: