ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է արյան, դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության որակի եւ անվտանգության հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքով սահմանվում են`
1) արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման հիմնական սկզբունքները,
2) արյան եւ դրա բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման հիմնական սկզբունքները,
3) դոնորների, ռեցիպիենտների, բժշկական կազմակերպությունների եւ ոլորտի այլ կազմակերպությունների իրավունքները եւ պարտականությունները,
4) արյան կամ դրա բաղադրամասերի որակի եւ անվտանգության ապահովման հիմնական սկզբունքները:
3. Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում արյան, դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման առանձնահատկություններ:
ՀՈԴՎԱԾ 2. Oրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները
1) արյան բաղադրամաս ` ֆիզիկական մեթոդներով արյունից անջատված ցանկացած բաղադրամաս,
2) արյան դոնոր ` 18 տարին լրացած, արյունատվության հակացուցում չունեցող անձ, ով կամովին հանձնում է արյուն կամ արյան բաղադրամասեր,
3) արյան եւ արյան բաղադրամասերի դոնորություն ` դոնորի կողմից կատարվող արյան կամ արյան բաղադրամասերի հանձնում,
4) դոնորության գործընթաց ` արյան, արյան բաղադրամասերի եւ արյան պատրաստուկների պահանջարկը ապահովելու նպատակով դոնորության քարոզչություն, դոնորների ընտրություն, դոնորական արյան հավաքագրում, հետազոտում, դոնորական արյան բաղադրամասերի ստացում, պահպանում, տեղափոխում եւ տրամադրում այլ կազմակերպություններին,
5) արյան դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների համակարգ ` բժշկական եւ ոչ բժշկական կազմակերպությունների ցանց, որոնք ընդգրկված են մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացում,
6) փոխներարկումային բժշկական օգնություն ` արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում բժշկական մասնագիտական գործունեության տեսակ, որը ներառում է դոնորական արյան բաղադրամասերի պահպանումը եւ դոնորական արյան բաղադրամասերի փոխներարկումը,
7) արյան պատրաստուկներ ` պլազմայից ստացված կենսաբանական նյութեր,
8) արյան ռեցիպիենտ ` բուժական նպատակով արյան բաղադրամասեր ստացող անձ,
9) դոնորի իմունացում ` օտար հակածնի ներարկում դոնորին` հատուկ ախտորոշիչ կամ բուժական հատկություններով օժտված արյան բաղադրամասերի ստացման նպատակով,
10) արյան ռեեստր ` արյան դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ արյան բաղադրամասերի պաշարների, փոխներակումային բարդությունների տեղեկատվական համակարգ,
11) փոխներարկումային բարդություններ ` ցանկացած բարդություն, որն առաջանում է ռեցիպիենտի մոտ` կապված արյան բաղադրամասերի փոխներարկման հետ,
12) լիազոր մարմին ` առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին,
13) դոնորի տեղեկացված համաձայնություն ` բուժանձնակազմի կողմից դոնորին հասկանալի լեզվով վերջինիս արյուն կամ արյան բաղադրամաս վերցնելու նպատակի եւ գործընթացի, դրա արդյունքում օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունների, անվտանգության միջոցառումների, հնարավոր ռիսկերի, իրավունքների եւ պարտականությունների մասին տեղեկատվություն տրամադրվելու դեպքում վերջինիս դոնորության վերաբերյալ կամավոր համաձայնություն,
14. ռեցիպիենտի տեղեկացված համաձայնություն ` ռեցիպիենտին արյան բաղադրամասեր փոխներարկելու նպատակի եւ գործընթացի, դրա արդյունքում օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունների, անվտանգության միջոցառումների, հնարավոր ռիսկերի մասին բուժանձնակազմի կողմից ռեցիպիենտին հասկանալի լեզվով տեղեկատվություն տրամադրելու դեպքում ռեցիպիենտի կամավոր համաձայնություն:
ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին
1.Արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, սույն օրենքից բխող իրավական ակտերից եւ իրավական այլ ակտերից:
2.Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության կարգավորման այլ նորմեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված նորմերը:
ՀՈԴՎԱԾ 4. Արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում բժշկական մասնագիտական գործունեության տեսակները
1.Արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում բժշկական մասնագիտական գործունեության տեսակներն են`
1) Արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպում.
ա.դոնորների ընտրություն եւ բժշկական հետազոտում,
բ. դոնորական արյան կամ դրա բաղադրամասերի հավաքագրում,
գ. դոնորական արյան կամ դրա բաղադրամասերի հետազոտում,
դ. արյան բաղադրամասերի պատրաստում,
ե.արյան բաղադրամասերի պահպանում.
զ. արյան բաղադրամասերի երկարատեւ պահպանում.
է.արյան բաղադրամասերի տեղափոխում եւ տրամադրում այլ ստորաբաժանումներին կամ կազմակերպություններին` փոխներարկման կամ արյան պատրաստուկների արտադրման նպատակով:
2) Փոխներարկումային բժշկական օգնություն.
ա. դոնորական արյան բաղադրամասերի պահպանում,
բ. դոնորական արյան բաղադրամասերի ընտրություն եւ փոխներարկում:
2.Արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպման եւ փոխներկումային բժշկական օգնության տեսակների շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանվում են սույն օրենքով եւ լիազոր մարմնի հրամանով:
ԳԼՈՒԽ 2
ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ եւ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 5. Մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները
1. Արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի պետական կարգավորումն ու վերահսկողությունը,
2) աստիճանական անցումը արյան եւ դրա բաղադրամասերի անհատույց կամավոր դոնորության,
3) հավաքագրված արյան եւ արյան բաղադրամասերի որակի եւ անվտանգության ապահովումը,
4) արյան եւ արյան բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը,
5) արյան դոնորների, ռեցիպիենտների, ինչպես նաեւ արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մեջ նեգրավված բուժաշխատողների առողջության պահպանման եւ իրավական երաշխիքների ապահովումը,
6) փոխներարկումային բժշկական օգնության հասանելիության ապահովումը,
7) Հայաստանի Հանրապետությունում արյան, արյան բաղադրամասերի եւ արյան պատրաստուկների անհրաժեշտ քանակության ապահովումը, ներառյալ արտակարգ իրավիճակներում:
8) Հայաստանի Հանրապետությունում սեփական ուժերով անհրաժեշտ արյան պաշարների ապահովումը:
Հոդված 6. Մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`
1) արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը,
2) արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության ազգային ծրագրի (այսուհետ` արյան ազգային ծրագիր) հաստատումը,
3) արյան եւ արյան բաղադրամասերի արտահանման եւ ներմուծման կարգի հաստատումը,
4) արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման, օգտագործման եւ տրամադրման կարգի հաստատումը,
5) արյան եւ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման կարգի հաստատումը,
6) փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի հաստատումը.
7) արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի հաստատումը
8) արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման կարգի հաստատում:
Հոդված 7. Մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում լիազոր մարմնի լիազորությունները
1. Մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են`
1) արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը,
2) արյան ազգային ծրագրի մշակումը եւ ներկայացումը կառավարության հաստատմանը,
3) օրենքով սահմանված կարգով արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության եւ որակի ապահովման պետական վերահսկողությունը,
4) փոխներարկման համար անհրաժեշտ քանակության արյան եւ արյան բաղադրամասերի պլանավորումը, ապահովումը, ներառյալ արտակարգ իրավիճակներում,
5) դոնորի կողմից արյուն կամ արյան բաղադրամաս հանձնելու հաճախականության հաստատումը,
6) դոնորության համար հակացուցումների ցանկի հաստատումը,
7) դոնորի իմունացման կարգի հաստատումը,
8) դոնորին տրվող տեղեկատվական թերթիկի, համաձայնության եւ դոնորի առողջության վերաբերյալ հայտարարագրի ձեւերի հաստատումը,
9) դոնորի բժշկական հետազոտությունների ցանկի եւ հետազոտությունների իրականացման կարգի հաստատումը,
10) արյան եւ դրա բաղադրամասերի, արյան նմուշի հետազոտության ցանկի եւ հետազոտությունների կարգի հաստատումը,
11) փոխներարկվող արյան բաղադրամասերի համատեղելիության որոշման կարգի հաստատումը,
12) արյան, դրա բաղադրամասերի շրջանառության ոլորտում բժշկական փաստաթղթերի ձեւերի ու դրանց լրացման կարգերի հաստատումը,
13) արյան եւ արյան բաղադրամասերի պաշարների հավաքագրման եւ պահպանման կարգի հաստատումը,
14) արյան ռեեստրի վարումը
Հոդված 8. Մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները
1. Արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են.
1) արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրագործման ապահովումը,
2) արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության պետական ծրագրի իրականացմանն աջակցելը,
3) օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների շրջանակում իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպություններում արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը:
Հոդված 9. Արյան եւ դրա բաղադրամասերի գովազդը
Արգելվում է արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության առեւտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը:
Հոդված 10. Արյան ազգային ծրագիրը
1.Արյան ազգային ծրագիրը հաստատվում է կառավարության կողմից, որով սահմանվում են`
1) արյան անհրաժեշտ պաշարների հավաքագրման մեթոդներն ու եղանակները,
2) արյան եւ դրա բաղադրամասերի անվտագության եւ որակի ապահովմանն ուղղված միջոցառումները,
3) արյան դոնորության քարոզչությանն ուղղված միջոցառումները,
4) փոխներարկումային բժշկական օգնության անվտանգության եւ որակի ապահովմանն ուղղված միջոցառումները,
5) արյան ծառայության զարգացմանն ուղղված միջոցառումները,
6) արյան ծառայության համար անհրաժեշտ կադրերի, սարքավորումների, նորագույն մեթոդների ապահովմանն ուղղված միջոցառումները,
7) արյան եւ դրա բաղադրամասերի շրջանառության տեղեկատվական համակարգի (արյան ռեեստրի) վարմանն ուղղված միջոցառումները.
8) անհրաժեշտ քանակությամբ անվտանգ, արդյունավետ եւ որակյալ արյան եւ դրա բաղադրամասերի ապահովմանն ուղղված այլ միջոցառումներ.
9) արտակարգ իրավիճակներում արյան եւ արյան բաղադրամասերի ապահովմանն ուղղված միջոցառումներ,
10) արյան պատրաստուկների արտադրության զարգացմանն ուղղված միջոցառումներ:
ԳԼՈՒԽ 3
ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԸ
Հոդված 11. Արյան ռեեստրի վարումը
1.Արյան ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման եւ օգտագործման կարգը հաստատում է կառավարությունը:
2.Արյան ռեեստրում դոնորների վերաբերյալ գրանցված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք եւ կարող են տրամադրվել արյան դոնորությամբ եւ փոխներարկմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություններին սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով:
3.Արյան ռեեստրում գրանցված դոնորների մոտ շրջապատի համար վտանգավոր հիվանդության կամ վարակակրություն հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը` հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար:
4.Արյան ռեեստրում գրանցված բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները կարող են այլ անձանց տրամադրվել օրենքով նախատեսված դեպքերում:
Հոդված 12. Արյան ռեեստրում գրանցվող տեղեկատվությունը
1. Արյան ռեեստրում հավաքագրվում եւ գրանցվում է հետեւյալ տեղեկատվությունը.
1) արյան դոնորությամբ եւ փոխներարկմամբ զբաղվող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը.
2) դոնորին վերաբերվող տեղեկատվությունը.
3) արյան դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության ընթացքում առաջացած բարդությունները եւ կողմնակի երեւույթների վերաբերյալ տեղեկատվությունը
4) արյան դոնորությամբ եւ փոխներարկմամբ զբաղվող կազմակերպություններում առկա արյան եւ դրա բաղադրամասերի պաշարների վերաբերյալ տեղեկատվությունը.
5) արյան եւ դրա բաղադրամասերի խոտանման եւ դրա հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը (արյան եւ դրա բաղադրամասերի պահպանման ժամկետների լրանալու, անվտանգության ցուցանիշներին չհամապատասխանելու դեպքերում),
6) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ տեղեկատվություն.
ՀՈԴՎԱԾ 13. Արյան ռեեստր տեղեկատվության տրամադրումը եւ ստացումը
1.Արյան դոնորությամբ եւ փոխներարկմամբ զբաղվող կազմակերպությունները պարտավոր են համակարգչային ցանցով միացված լինել արյան ռեեստրի հետ:
2.Արյան դոնորությամբ եւ փոխներարկմամբ զբաղվող կազմակերպությունը պարտավոր է արյունը վերցնելու, փոխներարկելու կամ խոտանելու օրը սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը եւ այն ներկայացնել ռեեստր:
3.Արյան դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության նպատակով արյան ռեեստրին համակարգչայաին ցանցով միացված կազմակերպությունները կարող են կառավարության կողմից սահմանված կարգով ռեեստրից ստանալ տեղեկատվություն:
ԳԼՈՒԽ 4.
ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 14. Արյան դոնորության սկզբունքները
1. Մարդու արյան դոնորությունը կամավոր գործողություն է:
2. Արյան դոնոր կարող է լինել 18 տարին լրացած, բժշկական զննություն անցած եւ դոնորության հակացուցում չունեցող յուրաքանչյուր գործունակ անձ` բժշկի պատճառաբանված եզրակացության հիման վրա:
3. Մարդու համար նախատեսված բժշկական նպատակներով օգտագործվող արյունը կարող է վերցվել միայն մարդուց:
4. Արյան դոնորից արյուն կամ դրա բաղադրամասեր վերցնելը թույլատրելի է միայն դոնորի առողջությանը վնաս չպատճառելու դեպքում:
5. Արյան դոնորը կարող է արյուն կամ արյան բաղադրամաս հանձնել ոչ շուտ, քան լիազոր մարմնի կողմից սահմանված հաճախականությամբ:
6. Արյան դոնորության ընթացքում որեւէ խտրականություն` կախված uեռից, ռաuայից, մաշկի գույնից, էթնիկական կամ uոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամաuնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ uոցիալական բնույթի այլ հանգամանքներից:
ՀՈԴՎԱԾ 15. Արյան դոնորի իմունացումը
Արյան դոնորի տեղեկացված համաձայնությամբ ցանկացած հակածինով իմունացումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 16. Արյան դոնորության քարոզչություն
1. Արյան դոնորության քարոզչությունը համակարգվում եւ իրականացվում է լիազոր մարմնի կողմից պետական ծրագրին համապատասխան: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կամ կազմակերպությունները համաձայնությամբ կարող են ներգրավվել լիազոր մարմնի կողմից իրականացվող արյան դոնորության քարոզչությանը:
2.Զանգվածային լրատվամիջոցները, ոչ պետական, հասարակական, կրոնական եւ այլ կազմակերպությունները կարող են մասնակցել արյան դոնորության քարոզչության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը:
3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները սեփական նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ աջակցում են արյան դոնորության քարոզչությանն ուղղված միջոցառումներին:
ՀՈԴՎԱԾ 17. Դոնորին տրամադրվող տեղեկատվություն եւ համաձայնության ստացում
1.Արյան դոնորության գործընթացը սկսելուց առաջ արյան դոնորին պետք է իրեն հասկանալի լեզվով տեղեկատվություն տրամադրվի արյուն կամ արյան բաղադրամաս վերցնելու նպատակի եւ գործընթացի, դրա արդյունքում օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունների, անվտանգության միջոցառումների, հնարավոր ռիսկերի, իրավունքների եւ պարտականությունների մասին՝ վերջինիս տրամադրելով տեղեկատվական թերթիկ:
2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը եւ տեղեկատվական թերթիկը ստանալուց հետո դոնորը տալիս է գրավոր համաձայնություն եւ լրացնում է իր առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիր:
3.Սույն հոդվածով նախատեսված արյան դոնորին տրվող տեղեկատվական թերթիկի, համաձայնության եւ դոնորի առողջության վերաբերյալ հայտարարագրի ձեւերը հաստատվում են լիազոր մարմնի կողմից:
ՀՈԴՎԱԾ 18. Արյուն կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգը
1.Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով նա անցնում է անվճար բժշկական հետազոտություն, որը իրականացվում է բժշկի (բժիշկների) կողմից` լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:
2.Արյան հավաքագրման դեպքում լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ քանակությամբ արյուն է վերցվում, պիտակավորվում եւ ուղարկվում հետազոտության:
3.Փոխհատուցվող դոնորից արյուն վերցնելու կամ արյան բաղադրամասերի հավաքագրման դեպքում կարող է իրականացվել արյան նմուշի հետազոտություն լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով եւ հակացուցումների բացակայության դեպքում` վերցվել անհրաժեշտ քանակությամբ արյուն կամ արյան բաղադրամաս: Այս դեպքում դոնորը արյան հետազոտման եւ վերցման ամբողջ գործընթացում պետք է մնա բժշկական կազմակերպության` բժշկական անձնակազմի հսկողության ներքո:
ՀՈԴՎԱԾ 19. Արյան հետազոտությունը
1.Արյան կամ դրա բաղադրամասերի հավաքագրման դեպքում արյունը պարտադիր կարգով հետազոտվում է` արյան եւ դրա բաղադրամասերի անվտանգությունը ապահովելու նպատակով:
2.Լիազոր մարմինը հաստատում է արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, հետազոտությունների իրականացման կարգն ու հետազոտությունների մեթոդները:
ՀՈԴՎԱԾ 20. Արյան բաղադրամասերի պատրաստում
Արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով կարող են անջատվել բաղադրամասեր կառավարության կողմից սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 21. Արյան կամ դրա բաղադրամասերի պահպանում
1.Արյան եւ դրա բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով դրանց պահպանումը իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հատուկ ջերմային եւ անվտանգության պայմաններում:
2.Արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպում կամ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող լիցենզավորված անձինք պարտավոր են սույն հոդվածով նախատեսված կարգով իրականացնել արյան եւ դրա բաղադրամասերի պահպանում:
ՀՈԴՎԱԾ 22. Արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխում
1.Արյան եւ դրա բաղադրամասերի տեղափոխումը իրականացվում է ապահովելով վերջիններիս որակական եւ անվտանգության ցուցանիշների անփոփոխությունը:
2.Արյան եւ դրա բաղադրամասերի տեղափոխումը իրականացվում է հատուկ սարքավորումների եւ/կամ տրանսպորտի միջոցով` ապահովելով սառցային շղթան:
3.Արյան եւ դրա բաղադրամասերի տեղափոխումը իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով :
Հոդված 23. Դոնորական արյան պատրաստուկների արտադրությունը եւ շրջանառությունը
1.Արյան պատրաստուկների արտադրությունը իրականացվում է օրենքով սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպությունների կողմից:
2.Արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները կառավարության կողմից սահմանված կարգով որպես հումք օգտագործում են արյան բաղադրամասերը, որոնք ստացվում են դոնորական արյունից եւ/կամ ընկերքից:
3.Արյան պատրաստուկների արտադրության գործընթացը եւ շրջանառությունը կարգավորվում է «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով
Հոդված 24. Արյան կամ դրա բաղադրամասերի խոտանում
1.Ժամկետանց կամ անվտանգության ցուցանիշներին չհամապատասխանող արյունը կամ դրա բաղադրամասերը խոտանվում են բժշկական թափոնների համար սահմանված կարգով:
2.Առողջապահության ոլորտի կառավարման մարմնի թույլտվությամբ, ժամկետանց արյունը կարող է օգտագործվել կրթական, իսկ անվտանգության ցուցանիշներին չհամապատասխանող արյունը նաեւ գիտահետազոտական, ախտորոշիչ թեստ-համակարգերի արտադրման նպատակներով:
Հոդված 25. Դոնորի իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը
1.Դոնորն իրավունք ունի.
1) մինչ արյունատվությունը լիարժեք տեղեկատվություն ստանալ արյունատվության գործընթացի, դոնացիայի հետ կապված հնարավոր բարդությունների, դոնորական արյան հետազոտման կարգի, դոնորի իրավունքների, պարտականությունների եւ դոնորին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ,
2) տեղեկատվություն ստանալ բժշկական եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին,
3) ստանալ արյունատվության ընթացքում պատճառած առողջական վնասի դիմաց փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով,
4) արյունատվությունից ինքնաբացարկ, ինչպես նաեւ արյունատվությունից հետո արյունը կամ արյան բաղադրամասերը օգտագործման համար ոչ պիտանի հայտարարելու` առանց պատճառների պարզաբանման,
5) պահանջել իր արյունատվության վերաբերյալ գաղտնիության ապահովում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի,
2. Դոնորը պարտավոր է հայտնել իր նախկինում կրած կամ տվյալ պահին առկա հիվանդությունների եւ վարքագծային գործոնների վերաբերյալ (ծխախոտ, ալկոհոլ օգտագործելը եւ դրա հաճախանականութունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն)նյութերի գործածություն եւ դրա հաճախականությունը) պահանջվող տեղեկությունները:
3. Դոնորը պատասխանատվություն է կրում իր առողջական վիճակի եւ վարքի վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու կամ աղավաղելու համար, եթե արդյունքում պատճառվել կամ կարող էր պատճառվել վնաս ռեցիպիենտի առողջությանը` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 26. Դոնորին տրվող արտոնությունները
1.Դոնորի բժշկական հետազոտումը արյունատվությունից առաջ իրականացվում է անվճար եւ նրան տրվում է արյունատվությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ, որի ձեւը հաստատում է լիազոր մարմինը:
2.Արյունատվությունից հետո կենսաբանական եւ էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դոնորին տրամադրվում է սնունդ:
3.Օրենքով կարող են սահմանվել դոնորին տրվող այլ արտոնություններ:
ԳԼՈՒԽ 5
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. Արյան բաղադրամասերի փոխներարկման հիմնական սկզբունքները
1.Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է միայն բուժական նպատակներով:
2. Արյան փոխներարկումային բժշկական օգնությունը կարող է կիրառվել հիվանդի առողջության վերականգնման եւ (կամ) կյանքի փրկության նպատակով:
3.Արյան փոխներարկումային բժշկական օգնությունը իրականացվում է բժշկի կողմից կամ միջին բուժաշխատողի կողմից` բժշկի հսկողության ներքո:
4.Արյան բաղադրամասերի փոխներարկումն իրականացվում է` կանխարգելելով փոխներարկումային բարդությունների առաջացումը:
5.Փոխներարկումը թույլատրվում է միայն ռեցիպիենտի տեղեկացված համաձայնությամբ:
6.Արյան բաղադրամասերի փոխներարկումն առանց ռեցիպիենտի տեղեկացված համաձայնությամբ թույլատրվում է, եթե ռեցիպիենտի կյանքը վտանգված է եւ.
1) նրա ֆիզիկական կամ հոգեկան վիճակը թույլ չի տալիս տրամադրել տեղեկացված համաձայնություն,
2) փոխներարկումային բժշկական օգնության համար համաձայնությունը հնարավոր չէ ստանալ նրա օրինական ներկայացուցչի կողմից:
7.Ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի տեղեկացված համաձայնության բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ. փոխներարկումային բժշկական օգնության վերաբերյալ որոշումը, ելնելով հիվանդի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում? բժշկի կողմից` համապատասխան գրառում կատարելով բժշկական փաստաթղթերում:
Հոդված 28. Արյան բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության իրականացումը
1.Արյան բաղադրամասերի փոխներարկումային բժշկական օգնության իրականացման անհրաժեշտության դեպքում ռեցիպիենտի առողջության պահպանման նպատակով նա անցնում է բժշկական հետազոտություն եւ փոխներարկվող արյան բաղադրամասերի համատեղելիության որոշման հետազոտում, որը իրականացվում է բժշկի (բժիշկների) կողմից` լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով:
2.Փոխներարկումային բժշկական օգնության նպատակով մարդուն ներարկվում է դոնորական արյունից ստացված արյան բաղադրամասեր:
3.Արգելվում է մարդուն փոխներարկել սահմանված կարգով չստուգված կամ ժամկետանց կամ անվտանգության պայմաններին չհամապատասխանող արյան բաղադրամասեր:
4.Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը սահմանվում է կառավարության կողմից:
5.Փոխներարկումային բժշկական օգնության իրակացման ընթացքում կատարվում է համապատասխան գրառում բժշկական փաստաթղթերում:
6.Յուրաքանչյուր փոխներարկումային բժշկական օգնության հետեւանքով առաջացած բարդության վերաբերյալ կատարվում է համապատասխան գրառում բժշկական փաստաթղթերում եւ գրավոր հաղորդագրություն է ներկայացվում արյան ռեեստր:
Հոդված 29. Ռեցիպիենտի իրավունքները
1.Ռեցիպիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը իրավունք ունեն.
1) մինչ արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացումը ստանալ լիարժեք եւ հավաստի տեղեկատվություն փոխներարկման գործընթացի եւ դրա հետ կապված հնարավոր բարդությունների, ինչպես նաեւ` փոխներարկումից հրաժարվելու դեպքում, իր առողջական վիճակի վատացման աստիճանի վերաբերյալ,
2) հրաժարվել փոխներարկումից, բացառությամբ կյանքի համար անմիջական վտանգի դեպքում: Փոխներարկումից հրաժարվելը ձեւակերպվում է գրավոր`ռեցիպիենտի ստորագրությամբ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում,
3) ստանալ փոխներարկման ընթացքում պատճառած առողջական վնասի դիմաց փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով,
4) պահանջել իրեն մատուցված ծառայությունների եւ իր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության ապահովում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ԳԼՈՒԽ 6
ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
Հոդված 30. Արյան եւ դրա բաղադրամասերի արտահանումը
1. Արյան բաղադրամասերի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դուրս թույլատրվում է
1) Հայաստանի Հանրապետության կարիքների համար արյան պատրաստուկների ստացման կամ պատրաստուկների հետ փոխանակման նպատակով.
2) բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող պացիենտին փոխներարկելու նպատակով.
3) արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաեւ լիազոր մարմնի հավանությանը արժանացած միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում:
2. Արյան բաղադրամասերի արտահանումը կարող է թույլատվել միայն Հայաստանի Հանրապետության կարիքների համար արյան բավարար քանակի առկայության դեպքում:
3. Հայաստանի Հանրապետությունից արյան եւ դրա բաղադրամասերի արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 31. Արյան եւ դրա բաղադրամասերի ներմուծումը
1. Արյան եւ դրա բաղադրամասերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով եւ պայմաններով, լիազոր մարմնի թույլտվությամբ, հետեւյալ դեպքերում.`
1) արտակարգ իրավիճակներում հանրապետության ներքին պաշարների անբավարարության դեպքում.
2) բացառիկ դեպքերում հանրապետության ներքին պաշարների անբավարարության դեպքում:
ԳԼՈՒԽ 7
ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 32. Մարդու արյան դոնորություն եւ փոխներակումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների համակարգը
1.Հայաստանի Հանրապետության արյան դոնորություն եւ փոխներակումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների համակարգը ներառում է,
1) արյան ազգային կենտրոնը,
2) արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները,
3) փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները,
4) արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները:
Հոդված 33. Արյան ազգային կենտրոնի իրավասությունը մարդու արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում
1.Արյան ազգային կենտրոնը իրավաբանական անձ է, որի գործունեության հիմնական ուղղություններն են.
1) մասնակցություն արյան ազգային ծրագրի իրականացմանը.
2) մասնակցություն մարդու արյան ու արյան բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության քաղաքականության նախագծի մշակմանը, քաղաքականության ներդրմանը եւ դիտարկմանը,
3) կառավարության կողմից սահմանված կարգով պետական պաշարների պահպանումը,
4) արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններին կազմակերպչամեթոդական օգնության ցուցաբերում, մասնագիտական խորհրդատվության իրականացում,
5) լիազոր մարմնի հանձնարարությամբ` արյան դոնորական եւ փոխներարկումային ծառայությունների բնագավառում մասնագիտական դիտարկումների իրականացում,
6) արյան բաղադրամասերի տարեկան պաշարների պլանավորում եւ ներկայացում լիազոր մարմնին` հաստատման,
7) անհատույց կամավոր դոնորության քարոզչության միջոցառումների տարեկան ցանկի մշակում, ներկայացում լիազոր մարմնին` հաստատման եւ մասնակցություն իրականացմանը,
8) լիազոր մարմնի հանձարարությամբ արյան ռեեստրի վարում,
9) oրենսդրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացում:
Հոդված 34. Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները
1.Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական կազմակերպություն կամ դրա ստորաբաժանումներ են, որոնք իրականացնում են հետեւյալ գործառույթները կամ դրանց մի մասը`
1) դոնորական արյան բաղադրամասերի պահպանում եւ փոխներարկման նախապատրաստում,
2) դոնորական արյան բաղադրամասերի տրամադրում բժշկական կազմակերպության այլ ստորաբաժանումներին` օգտագործման համար,
3) ոչ պիտանի արյան բաղադրամասերի խոտանում,
4) արյան եւ արյան բաղադրամասերի դոնորության վերաբերյալ բժշկական փաստաթղթերի վարում,
5) դոնորական արյան եւ դրա բաղադրամասերի տեղափոխում,
6) դոնորական արյան եւ դրա բաղադրամասերի պաշարների ստեղծում, հետազոտում եւ պահպանում,
7) դոնորական արյան եւ դրա բաղադրամասերի տրամադրում այլ ծառայություններին եւ կազմակերպություններին` փոխներարկման, պաշարների ստեղծման կամ արյան պատրաստուկների արտադրման նպատակով,
8) դոնորական արյան հավաքագրման եւ օգտագործման բոլոր փուլերի ընթացքում որակի եւ անվտանգության ապահովում,
9) խորհրդատվության տրամադրում հիվանդանոցային փոխներարկումային ծառայությանը,
10) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի համաձայն` տվյալների հավաքագրում եւ տրամադրում արյան ռեեստրին,
11) ոչ պիտանի արյան եւ դրա բաղադրամասերի խոտանում:
Հոդված 35. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները
1. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները լիցենզավորված բժշկական կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում են, որոնք իրականացնում է հետեւյալ ծառայությունները կամ դրանց մի մասը.
1) դոնորական արյան բաղադրամասերի պահպանում եւ փոխներարկման նախապատրաստում,
2) դոնորական արյան բաղադրամասերի տրամադրում բժշկական կազմակերպություն այլ ստորաբաժանումներին` օգտագործման համար,
3) ոչ պիտանի արյան բաղադրամասերի տրամադրում արյան դոնորություն իրականացնող կազմակերպություններին կամ դրանց ստորաբաժանումներին` խոտանման նպատակով,
4) փոխներարկումային բժշկական օգնության վերաբերյալ բժշկական փաստաթղթերի վարումը,
5) արյան բաղադրամասերի պաշարների, փոխներարկման եւ փոխներարկման ընթացքում առաջացած կողմնակի երեւույթների եւ բարդությունների վերաբերյալ, ինչպես նաեւ օրեսդրությամբ նախատեսված այլ տեղեկատվության հավաքագրում եւ տրամադրում արյան ռեեստրին:
Հոդված 36. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների պարտականությունները արյան պաշարների եւ փոխներարկումային բժշկական օգնության ապահովման ոլորտում
1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները լիցենզավորման կարգերով նախատեսված դեպքերում պարտավոր են ունենալ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնելու կարողություններ եւ արյան անհրաժեշտ նվազագույն պաշար:
2. Այն բժշկական կազմակերպությունները, որոնք չունեն լիազոր մարմնի կողմից հաստատված պահանջներին համապատասխանող արյան վարակային անվտանգության հետազոտություն անցկացնելու պայմաններ` հետազոտության նպատակով դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը կազմակերպում են այլ բժշկական կազմակերպություններում պայմանագրային հիմունքներով:
3. Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները ըստ անհրաժեշտության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրում են իրենց մոտ առկա արյան բաղադրամասերը այլ բժշկական կազմակերպություններին:
Հոդված 37. Արյան դոնորության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ միավորումների մասնակցությունը արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպմանն ու քարոզչությանը
Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրությամբ նախատեսվում աջակցություն ցուցաբերել բնակչության առողջության պահպանմանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մասնակցում են արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության կազմակերպմանը, զարգացման, ինչպես նաեւ մարդու արյան կամ դրա բաղադրամասերի կամավոր եւ անհատույց հանձման քարոզչությանը եւ լուսաբանմանը:
ԳԼՈՒԽ 8
ԱՐՅԱՆ, ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՈՐԱԿԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հոդված 38. Արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ հսկողությունը
1. Արյան, դրա բաղադրամասերի, որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ հսկողությունը ներառում է պետական հսկողությունը եւ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի իրականացումը:
2. Պետական հսկողությունը եւ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը իրականացվում են արյան դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության հետ կապված բոլոր փուլերում:
Հոդված 39. Արյան բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական հսկողությունը
1.Արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական հսկողությունը իրականացվում է լիազոր մարմնի կողմից:
2.Արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական հսկողությունը իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների միջոցով:
3.Արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ պետական հսկողությունը չպետք է խոչընդոտի հսկվող կազմակերպության բնականոն գործունեությանը:
Հոդված 40. Արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը
Արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգը իրականացվում է արյան դոնորության կամ փոխներարկմամբ զբաղվող կազմակերպության կողմից` կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 41. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հոդված 42. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: