Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1034-25.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-201 օրենքի` «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) եւ անավարտ շինարարության օբյեկտների» N 1 ցանկից հանել 2-րդ, 7-րդ եւ 126-րդ տողերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագծի ընդունման հիմնավորում

(»Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ)

1. Նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, իսկ մասնավորեցման ծրագրի մասին օրենքում նախկին խմբագրությամբ` ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության «Երեւանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ» (օրենքով հաստատված ցանկ N 1-ի 2-րդ տող, ծածկագիր` 62028), «Կոմետա» գիտաարտադրական ինստիտուտ» (օրենքով հաստատված ցանկ N 1-ի 7-րդ տող, ծածկագիր` 62033) եւ «Պլաստպոլիմեր ԳՀԻ» (օրենքով հաստատված ցանկ N 1-ի 126-րդ տող, ծածկագիր` 21807) բաժնետիրական ընկերություններին:

2. Օրենքում տվյալ փոփոխությունն առաջարկելու համար հիմք են հանդիսացել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 04.08.2010թ. N 01/009/3588-10 գրությամբ ներկայացված առաջարկություններն ու մասնավորեցման ծրագրից հանելու վերաբերյալ հիմնավորումները:

3. Ըստ նշված հիմնավորումների`

«Երեւանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ» ՓԲԸ-ն (ծածկագիր 62028) իրականացնում է աշխատանքներ լազերային տեխնոլոգիաների, այդ թվում` հատուկ նշանակության օպտոէլեկտրոնային սարքերի մշակման եւ օրգանական պոլիմերային կիսահաղորդիչ նյութերի մշակման ուղղությամբ:

Ընկերությունը զբաղվում է հիմնարար եւ կիրառական մշակումներով: Կատարվող հետազոտությունները կապված են գերկարճ լազերային ճառագայթման չափման եւ հատուկ նշանակության օպտոէլեկտրոնային սարքերի ստեղծման հետ, որոնք կատարվում են ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով:

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ընկերությունների մասնակցությամբ իրականացնել համատեղ աշխատանքային ծրագիր (Համառուսաստանյան օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ, «Երեւանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ» ՓԲԸ եւ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ մասնակցությամբ), որի համար անհրաժեշտ է պետական սեփականության պահպանումը:

Հաշվի առնելով ընկերության գործունեության կարեւորությունը ՀՀ պաշտպանունակության ապահովման գործում առաջարկվում է «Երեւանի օպտիկաֆիզիկական չափումների ԳՀԻ» ընկերությունը հանել մասնավորեցման ծրագրից:

«Կոմետա ԳԱԻ» ԲԲԸ-ն (ծածկագիր 62033). ընկերությունը զբաղվում է հիմնարար հետազոտություններով, որոնք վերաբերում են առանձին օբյեկտների հեռակառավարման մեթոդներով հայտնաբերմանը, նրանց ճանաչման համար մեթոդաբանության մշակմանը եւ ռադիոլոկացիոն հատուկ համակարգերի ստեղծմանը:

Վերջին տարիներին «Կոմետա ԳՀԻ» ԲԲԸ-ում կատարվել են ալիքային էներգիայի կիրառման վերաբերյալ հիմնարար տեսական հետազոտություններ, մշակվել եւ կառուցվել է համակարգչային հատուկ մոդել: Ինստիտուտում աշխատանքներ են սկսվել ստացված տեսական արդյունքների փորձարկման ուղղությամբ:

Ռադիոլոկացիայի եւ ալեհավաքային ցանցերի չափագիտական բնագավառներում ինստիտուտը միակն է ՀՀ-ում եւ ռազմավարական նշանակություն ունի երկրի պաշտպանունակության ամրապնդման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառներում:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի դ) ենթակետով նախատեսված այն դրույթը, որ չափագիտության ծառայություններ մատուցող ընկերությունները ենթակա չեն մասնավորեցման, առաջարկվում է «Կոմետա» գիտաարտադրական ինստիտուտը հանել մասնավորեցման ծրագրից:

Երեւանի «Պլաստպոլիմեր» ԳՀԻ ՓԲԸ-ում (ծածկագիր 21807) աշխատանքներ են իրականացվում վինիլացետատի եւ նրա հիման վրա պոլիմերների սինթեզի հետազոտման բնագավառում:

Ընկերության գիտահետազոտական մշակումներն իրենց կիրառությունն են գտնելու ատոմային էլեկտրակայաններում, ինչպես նաեւ շենքերը, շինություններն ու սարքավորումները ռադիոակտիվ աղտոտումից պաշտպանելու ոլորտում:

Ընկերությունը նախատեսում է ընդլայնել ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար հետազոտությունները, ինստիտուտի աշխատակիցների փորձն օգտագործվելու է ստանդարտացման բնագավառում (քիմիայի բնագավառի ստանդարտների մշակում, Հայաստանում միջազգային ստանդարտների ներդրման ապահովում):

Հաշվի առնելով վերոգրյալը եւ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի դ) ենթակետով նախատեսված այն դրույթը, որ ստանդարտացման ծառայություններ մատուցող ընկերությունները ենթակա չեն մասնավորեցման, առաջարկվում է Երեւանի «Պլաստպոլիմեր» գիտահետազոտոկան ինստիտուտը հանել մասնավորեցման ծրագրից: