Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1035-25.11.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում ուժը կորցրած ճանաչել 7-րդ, 16-րդ եւ 19-րդ կետերը, իսկ 18-րդ կետից հանել 90046 «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ, քաղ. Աբովյան, Կարմիրբանակայինի 6 բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագծի ընդունման հիմնավորում

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ին (Ծրագրի մասին օրենքով հաստատված ցանկ N 1-ի 7-րդ տող, Ծրագրի ծածկագիր` 90007), ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Մարտունու գյուղկենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան» ՓԲԸ-ին (Ծրագրի մասին օրենքով հաստատված ցանկ N 1-ի 16-րդ տող, Ծրագրի ծածկագիր` 90016) եւ «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՓԲԸ-ին (2006թ.-ի դեկտեմբերի 22-ի ՀՕ-29-Ն օրենքով ծրագրում կատարված լրացման հոդված 2-ի ա) կետը, Ծրագրի ծածկագիր` 90046) եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին (Ծրագրի մասին օրենքով հաստատված ցանկ N 1-ի 19-րդ տող, Ծրագրի ծածկագիր` 90019):

2. Օրենքում տվյալ փոփոխություններն առաջարկելու համար հիմք են հանդիսացել` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի 08.06.2010թ.-ի N01/19.2/1474-10, ՀՀ գյուղատնտեսության նախարարի 09.09.2010թ.-ի N ԳԱ/07.1/3650-10 եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 10.09.2010թ.-ի N 01/09.1/16012-10 գրությունները, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` ի կատարումն ՀՀ վարչապետի 02.09.2010թ. N 02/23.11/10547-10 հանձնարարականի:

3. Ըստ վերը նշված գրություններով ներկայացված հիմնավորումների`

- «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն (ծածկագիր` 90007) առառաջարկվում է հանել պետական գույքի մասնավորեցման ծրագրի ցանկից, ելնելով հետեւյալ նկատառումից`

ՀՀ էներգահամակարգի զարգացման ծրագրերով առաջիկա տարիներին նախատեսվում է էներգետիկ նոր հզորությունների գործարկում (Երեւանի ՋԷԿ-ի գազատուրբինային կայան, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ, նոր ատոմակայանի կառուցում, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցում, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցում եւ այլն): Այդ կապակցությամբ անհրաժեշտ է կարգաբերման համապատասխան աշխատանքների իրականացում:

Ընկերության գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել պետական կարգավիճակով, քանի որ դրանք վերաբերում են` ՀՀ էներգահամակարգում գործող եւ կառուցվող հզորությունների կարգաբերման աշխատանքների միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացմանը, համակարգի անվտանգ շահագործմանը, աշխատանքների համակարգմանն ու վերահսկողությանը:

- «Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան» ՓԲԸ-ն (ծածկագիր` 90016) մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից հանելու առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված ընկերությունը, «Մխչյանի գյուղկենդանիների տոհմային գործի եւ արհեստական սրմնավորման կայան» ՓԲԸ-ի հետ մեկտեղ, առայժմ ունեն պետական կարգավիճակ եւ արհեստական սերմնավորմանը զուգահեռ իրականացնում են հանրապետությունում եզակի գործառույթ` գյուղատնտեսական կենդանիների սերմնահեղուկի բանկի պահպանություն խորը սառեցման եղանակով:

Նշված գործառույթն անհրաժեշտ է անասնաբուծության պետական ծրագրերի իրականացման դեպքում միասնական քաղաքականություն իրականացնելու համար: Ընկերությույուն պահպանվող «բանկը» թույլ կտա անհրաժեշտ քանակի եւ որակի նյութերով ապահովել հանրապետությունում գյուղկենդանիների բազմացման աշխատանքներով զբաղվող բոլոր տնտեսավարող սուբյեկտներին` անկախ սեփականության ձեւից, գործունեություն ծավալելու տարածաշրջանից եւ այլ պայմաններից:

Գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների բարելավումը, գենետիկական պաշարների պահպանությունը հանդիսանում է ՀՀ գյուղատնտեսության զարգացման կարեւորագույն մարտավարական քայլերից մեկը եւ ամրագրված է Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության մեջ:

Առաջարկվում է ընկերությունն հանել մասնավորեցման ծրագրից եւ դրանում պահպանել պետական սեփականությունը` պետական նշանակության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով:

- «Հայավտոկայարան» ՓԲԸ (ծածկագիր` 90019) առաջարկվում է հանել մասնավորեցման ծրագրից հետեւյալ հիմնավորմամբ`

Ներկայումս «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում ունի մասնաճյուղեր` ավտոկայարաններ, ավտոկայաններ եւ ենթակարգավորման կետեր, որոնց միջոցով իրականացնում է ավտոկայանային գործունեություն, քաղաքացիներին եւ փոխադրող կազմակերպություններին մատուցում է ավտոկայանային ծառայություններ: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն սահմանված չվացուցակով կազմակերպում է քաղաքացիների փոխադրումը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքից:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կանոնակարգվել են միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները ՀՀ-ից դեպի Վրաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ ընթանում են բանակցություններ վերահսկելու միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները: Համապատասխան փոփոխություններ են նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, որոնց համաձայն կհամակարգվեն ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության է արժանացել «Ավտոկայարանային գործունեության հայեցակարգը», դրա հիման վրա ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում մշակվել է «Ավտոկայարանային գործունեության հայեցակարգի իրականացման միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախատեսվում է ընկերությունում ներգրավել մասնավոր կառավարում` կենցեսիոն պայմանագրի հիման վրա, որի ուղղությմաբ նախնական քայլերն արված են:

- «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՓԲԸ-ն (ծածկագիր` 90046) ծրագրից հանելու առաջարկը հիմնավորվում է հետեւյալ կերպ`

«Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՓԲԸ-ն կատարում է գիտահետազոտական աշխատանքներ` ծխախոտ, սոյա, կտավատ, շաքարի ճակնդեղ, իսկ հետագայում նաեւ գետնախնձոր (տոպինամբուր) նոր սորտերի ստեղծման, դրանց աճեցման տեխնոլոգիաների մշակման, հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ, որոնց ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կայանը զբաղվում է վերը նշված մշակաբույսերի սորտերի ստեղծմամբ, դրանց սերմարտադրությամբ, հանրապետության եւ Արցախի գյուղատնտեսական գոտիներին որակյալ սերմերի, համապատասխան սորտերով ապահովմամբ:

Առաջարկվում է ընկերությունն հանել մասնավորեցման ծրագրից եւ դրանում պահպանել պետական սեփականությունը` պետական նշանակության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Ընկերությունը պետական գույքի մասնավորեցման գործող ծրագրի ցանկից հանելուց հետո նախատեսվում է այն վերակազմավորել եւ միացնել  «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: