Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-185-09.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հաստատագրված վճարը

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի եւ դիզելային վառելիքի համար ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման եւ վճարման կարգը, Հայաստանի Հանրապետությունում իրացվող բենզինի եւ դիզելային վառելիքի համար շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման եւ վճարման կարգը, ինչպես նաեւ սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:

Սույն օրենքը չի տարածվում «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության վրա:

Հոդված 2. Հաստատագրված վճար վճարողները

Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ (այսուհետ՝ վճարողներ) են համարվում՝

ա) Հայաստանի Հանրապետություն բենզին եւ դիզելային վառելիք ներմուծող իրավաբանական անձինք (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները եւ մասնաճյուղերը) եւ անհատ ձեռնարկատերերը,

բ) Հայաստանի Հանրապետությունում բենզին եւ դիզելային վառելիք մեծածախ իրացնող իրավաբանական անձինք (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները եւ մասնաճյուղերը) եւ անհատ ձեռնարկատերերը:

Հոդված 3. Հարկային արտոնությունների կասեցումը

Վճարողների համար սույն օրենքով նախատեսված գործունեության մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաեւ հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները եւ հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:

Հոդված 4. Հաստատագրված վճարի չափը

1. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից եւ մաքսային արժեքից անկախ, հաստատագրված վճարի չափը ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է՝

ա) բենզինի համար՝ 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.

բ) դիզելային վառելիքի համար՝ 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է.

ա) բենզինի համար՝ տվյալ ամսվա բենզինի իրացումից ստացվող հասույթի (որոնց ստացման իրավունքը ձեռք է բերվել տվյալ ամսում) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, եւ՝

բ)դիզելային վառելիքի համար՝ տվյալ ամսվա դիզելային վառելիքի իրացումից ստացվող հասույթի (որոնց ստացման իրավունքը ձեռք է բերվել տվյալ ամսում) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Հոդված 5. Հաստատագրված վճարի վճարումը

1. Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում՝ հայկական դրամով եւ (կամ) արտարժույթով:

Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով՝ ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքից:

2. Շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

Շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը հաշվարկվում է ելնելով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքից:

Հոդված 6. Հաշվառումը

Սույն օրենքին համապատասխան վճարողները՝

ա) բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծման եւ իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.

բ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի եւ դիզելային վառելիքի իրացումը ազատվում է ավելացված արժեքի հարկից.

դ) վճարողները բենզինի եւ դիզելային վառելիքի մեծածախ իրացման մասով իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի հաշվարկ, մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Հաշվարկի ձեւը եւ լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

Հոդված 7. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, իսկ բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծման մասով՝ նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ:

Հոդված 8. Գանձման նկատմամբ հսկողությունը

Սույն օրենքով սահմանված բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծման մասով հաստատագրված վճարների գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, իսկ բենզինի եւ դիզելային վառելիքի իրացման մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

Հոդված 9. Պատասխանատվությունը օրենքի խախտումների համար

1. Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Վճարողների կողմից բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաեւ տուգանք՝ այդ գումարի 100 տոկոսի չափով։

Թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաեւ տուգանքը ենթակա է վճարման բյուջե՝ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո 10-օրյա ժամկետում:

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ....

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դիզելային վառելքի եւ բենզինի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-175 օրենքը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենքի ընդունումը պայմանավորված է .

1. Հստակեցնել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունում իրացվող բենզինի եւ դիզելային վառելիքի հարկման կարգը, սահմանելով՝ հաստատագրված վճարներով հարկման միասնական կարգ:

2. Նվազեցնել բենզինի եւ դիզ. վառելիքի միջազգային գների ազդեցությունը այդ ապրանքատեսակները ներմուծող կազմակերպությունների հարկման մեխանիզմների վրա:

3. Բենզինի իրացման մասով ստեղծել հարկման հավասար պայմաններ՝ հնարավորինս կրճատելով հարկից խուսափման հնարավոր տարբերակները:

Ներկայումս, գործող կարգի համաձայն՝ ՀՀ տարածք բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծման մասով սահմանված է հաստատագրված վճարի գանձման կարգ, իսկ ՀՀ տարածքում այդ ապրանքատեսակների իրացման մի մասը հարկվում է սովորական հարկման մեխանիզմով, այսինքն հաշվարկվում է ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ, մի մասը հարկվում է պարզեցված հարկով, իսկ բենզինի եւ դիզելային վառելիքի իրացումը շրջիկ կետերի միջոցով հարկվում է հաստատագրված վճարի գանձման տեսքով: Ստացվում է, որ միեւնույն ապրանքատեսակի հարկումը՝ ներմուծման պահից մինչեւ սպառման փուլ իրականացվում է հարկման տարբեր մեխանիզմների կիրառման միջոցով, որը զգալի բարդություններ է առաջացնում ոչ միայն հաշվապահական ու հարկերի հաշվառման տեսանկյունից, այլ նաեւ հսկողության ու վարչարարության իրականացման առումով:

Առաջարկվում է.

1. Բենզինի եւ դիզելային վառելիքի ներմուծումը շարունակել հարկել հաստատագրված վճարի տեսքով, յուրաքանչյուր 1 տոննայի հաշվարկով: Այդ թվում՝

բենզինի համար՝ 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ներկայումս գործող օրենքի համաձայն, բենզինի ներմուծման համար 1 տոննայի հաշվարկով գանձվում է 222 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Բենզինի հաստատագրված վճարի գումարը 2 ԱՄՆ դոլարի չափով ավելացումը պայմանավորված է բենզինի մեծածախ իրացումից հաշվարկված մոտ 2 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ԱԱՀ-ի գումարը սահման տեղափոխելով, իսկ դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետության տարածքում բենզինի իրացումը ԱԱՀ-ից ազատելով:

2. Բենզինի եւ դիզելային վառելիքի մեծածախ իրացումը հարկել շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարով: Այդ թվում՝

ա) դիզելային վառելիքի համար՝ տվյալ ամսվա դիզելային վառելիքի իրացումից ստացվող հասույթի (որոնց ստացման իրավունքը ձեռք է բերվել տվյալ ամսում) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, եւ՝

բ) բենզինի համար՝ տվյալ ամսվա բենզինի իրացումից ստացվող հասույթի (որոնց ստացման իրավունքը ձեռք է բերվել տվյալ ամսում) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: