Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-152-10.10.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի տեսակները եւ կարգավորում է իրավաստեղծ գործընթացը:

2. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին վերաբերող օրենսդրական տեխնիկայի, նորմատիվ իրավական ակտի կառուցվածքի, նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման, նորմատիվ իրավական ակտերի գործողությունը կասեցնելու եւ դադարեցնելու, նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանման եւ պարզաբանման վերաբերյալ դրույթների գործողությունը տարածվում է անհատական եւ ներքին իրավական ակտերի վրա, եթե այլ բան սահմանված չէ այլ օրենքներով կամ այլ բան չի բխում տվյալ իրավական ակտի էությունից:

3. Սույն օրենքի 3-րդ (բացառությամբ` նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ դրույթների), 4-րդ եւ 5-րդ գլուխների գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով մշակվող կամ ներկայացվող օրենքների կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի վրա, ինչպես նաեւ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված օրենքի նախագծերի վրա:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները`

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրությամբ եւ օրենքով նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող անձանց կամ մարմինների կողմից ընդունված իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի կանոններ անորոշ թվով անձանց համար:

2) oրենսդրական ակտ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության օրենքներ.

3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումներ, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը` հանրաքվե նշանակելու մասին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների, ինքնավար մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի նորմատիվ որոշումներ, նախարարի նորմատիվ հրամաններ, միջհամայնքային միավորման խորհրդի նորմատիվ որոշումներ, համայնքի ավագանու նորմատիվ որոշումներ, համայնքի ղեկավարի նորմատիվ որոշումներ.

4) օրենսգիրք` օրենք, որը միավորում եւ համակարգում է իրավունքի ամբողջ ճյուղի կամ դրա առանձին մասի` համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը:

5) իրավաստեղծ մարմին` նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող մարմին կամ պաշտոնատար անձ.

6) անհատական իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց համար.

7) ներքին իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, ովքեր գտնվում են դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, վարչական կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:

8) հրատապ ճանաչված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծ` զանգվածային կամ վարակիչ հիվանդությունների, թունավորումների, համաճարակների կամ դրանց առաջացման վտանգի դեպքում կարանտին կամ այլ կանխարգելող միջոցառումներ կիրառելու կամ դրանք դադարեցնելու մաuին, ֆինանսական շուկաներում զգալի ցնցումների կամ դրանց տեղի ունենալու իրական վտանգի, արտակարգ իրավիճակների կամ դրանց առաջացման անմիջական վտանգի դեպքում արտակարգ իրավիճակների կանխմանն, կանխարգելմանն ու դրանց հետեւանքների վերացմանը կամ այլ հրատապ միջոցառումների իրականացմանն ուղղված եւ ընդունող մարմնի կողմից հրատապ ճանաչված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծ, որի հնարավորինս շուտ ուժի մեջ չմտնելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետեւանքներ:

9) Տեխնիկական փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նախագիծ` նախագիծ, որը նախատեսում է այնպիսի փոփոխություններ կամ լրացումներ, որոնք չեն հանգեցնում իրավահարաբերության կարգավորման էության փոփոխման:

Հոդված 3. Նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը

1. Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունեն`

1) Հայաստանի Հանրապետության ժողովուրդը` միայն հանրաքվեի միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության նախագահը` հանրաքվե նշանակելու մասին հրամանագիր ընդունելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը, Հայաստանի Հանրապետության նախարարը.

4) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության եւ Ռադիոյի հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմիններ).

5) օրենքով ստեղծված ինքնավար մարմինները (այսուհետ` ինքնավար մարմիններ).

6) միջհամայնքային միավորման խորհուրդը.

7) համայնքի ավագանին.

8) համայնքի ղեկավարը.

2. Սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված մարմինները եւ անձինք նորմատիվ իրավական ակտեր չեն կարող ընդունել:

3. Նորմատիվ իրավական ակտերի ընդունման իրավասության փոխանցումն այլ մարմինների արգելվում է: 


Գ Լ ՈՒ Խ 2
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 4. Նորմատիվ իրավական ակտերի համակարգը

1. Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի համակարգը Հայաստանի Հանրապետությունում գործող, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված աստիճանակարգություն ունեցող օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջությունն է:

2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին:

3. Գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն միմյանց հետեւյալ հաջորդականությամբ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներ.

3) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշումներ.

4) նախարարի հրամաններ.

5) միջհամայնքային միավորման խորհրդի որոշումներ.

6) համայնքի ավագանու որոշումներ.

7) համայնքի ղեկավարի որոշումներ:

4. Օրենքները եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումներին:

5. Արգելվում է նորմատիվ իրավական ակտում նախատեսել հավասար իրավաբանական ուժ ունեցող այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ գերակայության մասին նորմ:

Հոդված 5. Համատեղ ընդունված նորմատիվ իրավական ակտերը

1. Օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունեցող մարմինները  կարող են ընդունել համատեղ նորմատիվ իրավական ակտեր:

2. Համատեղ ընդունվող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, սահմանվում են այն նորմատիվ ակտով, որով տրվել է համապատասխան համատեղ ակտ ընդունելու լիազորություն:  


Գ Լ ՈՒ Խ 3
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 Հոդված 6. Օրենքների նախագծերի մշակման պլանավորման իրականացումը

1. Օրենքների նախագծերի մշակման պլանավորումն իրականացվում է օրենքն ընդունելու, փոփոխելու անհրաժեշտությունը գնահատելու, այլընտրանքային միջոցառումների կիրառումը բացառելու, ինչպես նաեւ օրենսդրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով:

2. Օրենքների նախագծերի մշակման պլանավորումն իրականացվում է ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) միջոցով:

3. Ընթացիկ ծրագրում ընդգրկվում է տվյալ տարում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացման ենթակա օրենքների նախագծերի ցանկը:

4. Հեռանկարային ծրագրում ընդգրկվում են հասարակական հարաբերությունների չկարգավորված ոլորտների կարգավորմանը, նոր ինստիտուտների ներդրմանը կամ  զարգացմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի ցանկը:
5. Ընթացիկ ծրագիրը կազմվում է 1 տարի, իսկ հեռանկարային ծրագիրը` մինչեւ 5 տարի ժամկետով:

6. Ծրագրերում պետք է նշվեն նաեւ մշտադիտարկման արդյունք հանդիսացող կարգավորման ենթակա խնդիրը, խնդիրն առանց իրավական կարգավորման լուծման բացակայության հիմնավորումը, կարգավորման հնարավոր տարբերակները եւ դրանց պիտանելիությունը, կարգավորման արդյունքում նախատեսվող հնարավոր հետեւանքները:

7. Ծրագրերին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Օրենքների նախագծերի մշակման ծրագրերի կազմումը

1. Ծրագրերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից  եւ հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը կազմված ծրագիրը հաստատվելուց առնվազն 15 օր առաջ այն ներկայացնում է շահագրգիռ մարմիններին` կարծիքի:

3. Հանրությանն իրազեկելու եւ առաջարկություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կազմած ծրագիրը հաստատելուց առնվազն 15 օր առաջ այն  հրապարակում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական  ինտերնետային կայքում` սույն օրենքի 4-րդ գլխով սահմանված կարգով հանրային քննարկում իրականացնելու նպատակով:

4. Ծրագրերում ընդգրկված եւ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ցանկը Ազգային ժողովի հերթական նստաշրջանից առնվազն 10 օր առաջ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

5. Ծրագրերի հաստատումը չի բացառում դրանում չնախատեսված` օրենքի նախագծի մշակումը եւ ընդունումը:

Հոդված 8. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերին կից ներկայացվող փաստաթղթերը

1. Օրենքի նախագիծն այն ընդունող կամ հաստատող մարմնի քննարկմանը ներկայացնելիս կցվում է`

1) դրա ընդունումը հիմնավորող բացատրագիրը, որը պարունակում է `

ա. կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ` հարցի) սահմանումը, ինչպես նաեւ թիրախային խմբի վերաբերյալ տեղեկություններ,

բ. առկա իրավիճակը,

գ. կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

դ. հարցի կարգավորման հնարավոր տարբերակները.

ե. հարցի կարգավորման հնարավոր տարբերակների առաջացող ծախսերի եւ օգուտների առաջացման հնարավորության վերաբերյալ նշում.

զ. հարցի կարգավորման հնարավոր տարբերակների համեմատություն.

է. հարցի կարգավորման նախընտրելի տարբերակի առաջադրում.

ը. հարցի կարգավորման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման անհրաժեշտությունը, իսկ սույն օրենքով սահմանված դեպքում նաեւ` ցանկը.

թ. նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակման նախաձեռնողների, հեղինակների, ինչպես նաեւ մշակմանը մասնակցող անձանց վերաբերյալ տեղեկություններ,

ժ. տեղեկություն` այն աղբյուրների վերաբերյալ, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս.

2) սույն օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համար` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները.

3) ամփոփաթերթ` նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների եւ առաջարկությունների, այդ թվում` հանրային քննարկումների արդյունքում ստացված դիտողությունների եւ առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, իսկ դիտողություններ եւ առաջարկություններ ստացված չլինելու դեպքում դրա մասին տեղեկանք, ինչպես նաեւ պարտադիր փորձաքննության եզրակացությունը:

2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծը այն ընդունող մարմնի քննարկմանն է ներկայացվում բացատրագրի հետ միասին, որը պետք է պարունակի սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», «գ», «ե» եւ «թ»    ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքում նաեւ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը:

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացնելիս սույն հոդվածի 1-ի մասի 3-րդ կետով սահմանված ամփոփաթերթը չի ներկայացվում:

4. Նորմատիվ իրավական ակտի նախագծին կարող են կցվել նաեւ մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի նախագծի ընդունումն հիմնավորող այլ տվյալներ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված բացատրագիրը կազմվում է նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակման աշխատանքների կատարմանը զուգահեռ, պետք է լինի պարզ եւ հասկանալի` չհանդիսանալով նորմատիվ իրավական ակտի նախագծի կրկնություն կամ ընդհանրական նկարագրություն եւ հանգամանորեն ներառի նորմատիվ իրավական ակտի նախագծով նախատեսված առանձին կարգավորումների հիմնավորումները:

6. Բացատրագիր չի ներկայացվում, երբ`

1)  ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագիծ.

2) ներկայացվում է ռազմական կամ  արտակարգ դրության հայտարարելու մասին որոշումների նախագծեր:

7. Եթե ներկայացվում է անհետաձգելի համարվող օրենքի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի կամ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար օրենքի նախագիծ, ինչպես նաեւ հրատապ ճանաչված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծ ապա կցվում է միայն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը:

8. Տեխնիկական բնույթի փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դեպքում ներկայացվում է բացատրագիր, որը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ», «գ» եւ «ե» ենթակետերով սահմանված տեղեկությունները:

9. Հեռանկարային ծրագրում ընդգրկված օրենքի նախագծի մշակումն իրականացվում է` համապատասխան քաղաքականության վերաբերյալ սահմանված կարգով մշակված հայեցակարգի հիման վրա, որն ունի ժամանակավոր բնույթ եւ սահմանում է իրավաստեղծ գործունեության հիմնական ուղղությունները:

10. Հայեցակարգում առնվազն`

1) նկարագրվում են հասարակական հարաբերությունների կարգավորման ենթակա համապատասխան ոլորտում կամ ինստիտուտում գոյություն ունեցող իրավիճակը եւ հանգամանորեն ներկայացվում են առկա հիմնախնդիրները.
2) ուղենշվում են սահմանված քաղաքականության հիմնական նպատակները, դրանց հասնելուն ուղղված անհրաժեշտ քայլերը  եւ կառուցակարգերը.

3) ներկայացվում են հիմնախնդիրների լուծման եղանակները եւ գործիքակազմը, պետության եւ հանրության նկատմամբ հնարավոր ազդեցությունները (սոցիալական, տնտեսական եւ այլն), այդ թվում` այն դեպքում, երբ հիմնախնդիրները չեն լուծվում.

4) թվարկվում են  մշակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի տեսակները եւ ցանկը.

5) ներառվում են մշտադիտարկման արդյունքները, եթե կարգավորման ենթակա հասարակական հարաբերությունների համապատասխան ոլորտում կամ ինստիտուտի ներդրման նպատակով կատարվել է իրավական մշտադիտարկում:

11. Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքի նախագծի վերաբերյալ հայեցակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ներքին իրավական ակտով:

Հոդված 9. Նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը

1. Կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվությունն է:

2. Օրենքի նախագիծը մշակող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:

3. Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից շրջանառված օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, որը կցվում է նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակող մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:

5. Ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ստանալու օրվանից հետո` 45 աշխատանքային օրվա, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանձնարարության մեջ ավելի կարճ ժամկետ սահմանված լինելու դեպքում` այդ ժամկետում, պարտավոր է իրականացնել ազդեցության գնահատում եւ դրա վերաբերյալ կազմել կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) եւ այն ներկայացնել նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը կազմակերպող մարմին:

6. Ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը եւ դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հոդված 10. Հանրային քննարկումների ներկայացվող նախագծերը

1. Հանրային քննարկումն իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, գործընթացի թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման նպատակով` սույն օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի նախագծի կամ դրա հայեցակարգի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաեւ հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ստանալու եւ դրանք ամփոփելու գործընթաց է:
2. Օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման:

3. Այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ կամ ընդունող մարմնի կողմից սահմանված դեպքերում:

4. Հանրային քննարկման կարող են չներկայացվել անհետաձգելի համարվող օրենքի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի կամ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար ներկայացված օրենքի նախագծերը:

Հոդված 11. Հանրային քննարկումներին ներկայացվող պահանջները

1. Հանրային քննարկումը կազմակերպում է նախագիծը մշակող մարմինը:

2. Հանրային քննարկման արդյունքները ներառվում են օրենքի  8-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետով սահմանված ամփոփաթերթում:

3. Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է:

4. Հանրային քննարկումներն անցկացվում են` սույն հոդվածով սահմանված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտի նախագիծը կամ դրա հայեցակարգի նախագիծը, այդ թվում` սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով սահմանված դեպքում` բացատրագիրը, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածով  նախատեսված դեպքում` նաեւ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը, շահագրգիռ մարմիններին ներկայացնելու հետ միաժամանակ հրապարակելու միջոցով:

5.  Հանրային քննարկումների անցկացման արդյունքները եւ դրա հիման վրա լրամշակված նորմատիվ իրավական ակտի նախագիծը կամ դրա հայեցակարգի նախագիծը նույնպես հրապարակվում են:

6. Հանրային քննարկման ենթակա` հանրային քննարկում չանցած նախագիծը նորմատիվ իրավական ակտը ընդունելու իրավասություն ունեցող մարմնի կողմից վերադարձվում է այն ներկայացնող մարմնին:

7. Հանրային քննարկումների կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 


Գ Լ ՈՒ Խ 5
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը եւ ժամկետները

1. Պետական իրավական փորձաքննությունը (այսուհետ` փորձաքննություն) իրականցվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ սույն օրենքին նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը որոշելու նպատակով:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը փորձաքննության է ենթարկվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, որի արդյունքում տրվում է   եզրակացություն:

3. Օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պարտադիր ենթակա են փորձաքննության բացառությամբ` սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Փորձաքննության են ենթակա նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած ներքին եւ անհատական իրավական ակտերի նախագծերը, բացառությամբ պաշտոնին նշանակման եւ ազատման անհատական ակտերի, որոնք պետք է  փորձաքննության ուղարկվեն հիմնավորման հետ միասին:

5. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը փորձաքննության են ներկայացվում սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված բացատրագրի հետ միասին:

6. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի  փորձաքննությունն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն անկախ է, ենթարկվում է միայն օրենքին եւ հաշվետու չէ որեւէ մարմնի:

7. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի  փորձաքննության եզրակացությունը տրվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով: Առավել բարդ կամ ծավալուն նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննության եզրակացության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 10 աշխատանքային օրով, որի մասին տեղեկացնում է նախագիծը ներկայացնողներին:

8. Եթե  փորձաքննության ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին ներկայացվող սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պահանջները չեն պահպանվել, ապա փորձաքննություն իրականացնողը 2 աշխատանքային օրվա ընթացքում հետ է ուղարկում` նորմատիվ իրավական ակտերի նախագծերն առանց ըստ էության  փորձաքննության ենթարկելու:

9. Փորձաքննության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 13. Փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական ակտերը

1. Փորձաքննության չեն ենթարկվում անհետաձգելի համարվող օրենքների նախագծերը:

2. Փորձաքննության չեն ենթարկվում ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:

3. Փորձաքննության չեն ենթարկվում պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն, կենտրոնական բանկի կողմից բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը սահմանելուն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումների նախագծերը: Եթե ֆինանսական շուկաներում առկա են զգալի ցնցումներ կամ դրանց տեղի ունենալու իրական վտանգ կամ հայտարարված է ռազմական կամ արտակարգ դրություն, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է բանկերի տնտեսական նորմատիվների սահմանման վերաբերյալ եւ ֆինանսական գործառնությունների սահմանափակումների վերաբերյալ որոշումները չուղարկել պարտադիր փորձաքննության:

4. Փորձաքննության չեն ենթարկվում ընտրությունների կամ հանրաքվեների հարցերի մասին եւ հրատապ ճանաչված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:

5. Փորձաքննության չեն ենթարկվում սակագների, պարտադիր վճարների, դրանց դրույքաչափերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերը:

6. Սույն հոդվածում նախատեսված նորմատիվ իրավական ակտերն  ընդունող մարմիններն իրավունք ունեն այդ ակտերը  հրապարակել առանց փորձաքննության:

Հոդված 14. Օրենսդրական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննությունը

1. Օրենսդրական ակտի նախագիծը փորձաքննության ուղարկվում է համապատասխան նախագիծը մշակող մարմնի կողմից:

2. Փորձաքննության են ենթակա նաեւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված օրենքների նախագծերը: Սույն մասով սահմանված նախագծերը պարտադիր փորձաքննության են ուղարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Օրենսդրական ակտերի նախագծերը առանց փորձաքննության եզրակացության չեն կարող ներկայացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը: Փորձաքննության եզրակացության բացակայություն դեպքում օրենսդրական ակտի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վերադարձվում է այն ներկայացնող մարմնին:

Հոդված 15. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննությունը

1. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծը պարտադիր փորձաքննության է ուղարկվում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակող մարմնի կողմից:

2.  Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ, ներքին եւ անհատական իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն, ապա համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը այն ընդունելուց հետո կարող է ուղարկել պաշտոնական հրապարակման` փորձաքննության արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո: Փորձաքննության բացասական եզրակացության հետ չհամաձայնելու դեպքում բացասական եզրակացությամբ ենթաօրենսդրական նորմատիվ ակտը պաշտոնական հրապարակման ուղարկելու հարցը ենթակա է քննարկման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Եթե Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի կամ նախարարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն, ապա համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը այն կարող է ուղարկել պաշտոնական հրապարակման` փորձաքննության արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո: Փորձաքննության բացասական եզրակացության հետ չհամաձայնելու դեպքում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կարող է բացասական եզրակացությունը բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Վերջինս իրավունք ունի իր որոշմամբ սույն օրենքով սահմանված կարգով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուղարկել պաշտոնական հրապարակման:

4. Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասում նշվածների, տվել է բացասական եզրակացություն, ապա համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը այն կարող է ուղարկել պաշտոնական հրապարակման` բացասական եզրակացությամբ հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո, իսկ փորձաքննության բացասական եզրակացության հետ չհամաձայնելու դեպքում` ակտն ուղարկել հրապարակման` գրավոր տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

5.  Եթե արդարադատության նախարարությունը գտնում է, որ հրապարակված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա հայց է հարուցում դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար: 


Գ Լ ՈՒ Խ 6
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Հոդված 16. Նորմատիվ իրավական ակտին ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Նորմատիվ իրավական ակտը պետք է լիարժեք կարգավորի այդ ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները:

2.  Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից:

Հոդված 17. Նորմատիվ իրավական ակտի լեզվաոճական կանոնները

1. Իրավական ակտի լեզուն պետք է լինի պարզ, հստակ եւ մատչելի:

2. Նորմատիվ իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ, ապահովեն հուզական չեզոքություն:

3. Նորմատիվ իրավական ակտում չպետք է օգտագործվեն հազվադեպ կիրառվող բառեր եւ արտահայտություններ, պատկերավոր համեմատություններ, այլաբանություններ, չափազանցություններ, փոխաբերական իմաստով բառեր կամ արտահայտություններ, թաքնված ենթատեքստեր, անհարկի ձեւակերպումներ, առօրյա խոսակցային, կենցաղային սովորական արտահայտություններ, ինչպես նաեւ անհարկի օտարալեզու տերմիններ:

4. Նորմատիվ իրավական ակտում պետք է ապահովվի իրավական ակտի տեքստի պատշաճ հակիրճությունը` իրավական տեքստի նվազագույն ծավալի եւ դրա սահմաններում իրավական բովանդակության լիարժեք արտահայտմամբ:
5. Նորմատիվ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:

6. Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերը շարադրվում են Հայաստանի Հանրապետության պետական լեզվով` հայերենով, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերի: Նորմատիվ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

7. Նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաեւ թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական եւ այլ տերմինները պետք է գրվեն հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ միաժամանակ` փակագծերում, կարող են կիրառվել ընդունված լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ` համապատասխան բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը կարող են ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր: Սույն մասում չնախատեսված` նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունեցող այլ մարմինները օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր կարող են ընդունել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

9. Ներքին իրավական ակտը, որն ընդունվել է օտար լեզվով պետք է թարգմանվի հայերեն եւ հրապարակվի հիմնական ակտի հետ:

10. Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած նորմատիվ իրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական, տեխնիկական սխալների ուղղման, որոնք չեն փոխում իրավական ակտի բովանդակությունը: Սույն մասի պահանջների խախտմամբ կատարված փոփոխություններն իրավաբանական ուժ չունեն:

Հոդված 18. Նորմատիվ իրավական ակտի վավերապայմանները

1. Նորմատիվ իրավական ակտի վավերապայմաններ են`

1) ընդունող մարմնի անվանումը.

2) ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

3) վերնագիրը.

4) հերթական (գրանցման) համարը եւ բնույթը.

5) տեսակի անվանումը.

6) ստորագրող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը (ստորագրությունները), ստորագրման ամսաթիվը եւ վայրը:

Հոդված 19. Նորմատիվ իրավական ակտի վերնագիրը

1. Նորմատիվ իրավական ակտը պետք է ունենա վերնագիր, որը պետք է համապատասխանի նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

2. Նորմատիվ իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով եւ վերնագրի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:

3.  Նորմատիվ իրավական ակտերի վերնագրերում արգելվում է կիրառել հապավումներ կամ բառերի կրճատումներ:

4. Նորմատիվ իրավական ակտերը չեն կարող ունենալ միեւնույն վերնագիրը, բացառությամբ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտերի վերնագրերի: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի վերնագիրը չպետք է նույնությամբ կրկնի օրենսդրական ակտի վերնագիրը:

5. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի սույն օրենքի սահմանված կրճատ անվանումը:

Հոդված 20. Նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը

1. Նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված:

2. Նորմատիվ իրավական ակտի կառուցվածքային մասերն են`

1) նախաբան.

2) հիմնական մաս.

3) եզրափակիչ մաս.

4) անցումային դրույթներ.

5) հավելվածներ:

3. Նորմատիվ իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանը չի շարադրվում առանձին հոդվածով, չի համարակալվում եւ չի բաժանվում հոդվածների (կետերի): Նախաբանում չեն սահմանվում նորմատիվ դրույթներ: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում պետք է նշվի` օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, ի կատարումն որի այն ընդունվում է:

4. Նորմատիվ իրավական ակտը պետք է պարունակի հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

5. Նորմատիվ իրավական ակտը պետք է պարունակի եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում պետք է նշվի ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:

6. Նորմատիվ իրավական ակտը կարող է պարունակել անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ.

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասում սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասում սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր կամ.

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասում սահմանված նորմերի ուժի մեջ մտնելու արդյունքում անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի ակտի հիմնական մասում սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

7. Եթե նորմատիվ իրավական ակտով սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ իրավական ակտով նախատեսված նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) նորմատիվ իրավական ակտի այն մասերը, որոնք գործելու են համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

8. Նորմատիվ իրավական ակտը պետք է պարունակի անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի եւ այլն) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:

9. Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասը եւ անցումային դրույթները կարող են շարադրվել կամ առանձին գլուխների, կամ հոդվածների, կամ կետերի ձեւով` սույն օրենքով սահմանված կարգով:

10. Նորմատիվ իրավական ակտը կարող է ունենալ հավելվածներ, որոնք որպես տվյալ նորմատիվ իրավական ակտի առանձին բաղկացուցիչ մաս ամրագրվում են` կանոնների, կանոնադրությունների, կարգերի, ցանկերի, աղյուսակների եւ այլ ձեւերով: Հավելվածներն առանց տվյալ նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժ չունեն: Նորմատիվ իրավական ակտի համապատասխան մասերը պետք է հղում պարունակեն այդ հավելվածներին:

Հոդված 21. Նորմատիվ իրավական ակտի մասերը, դրանց համարակալումը եւ վերնագրերը

1. Օրենսդրական ակտերը կարող են ունենալ ընդհանուր եւ հատուկ մասեր: Տվյալ դեպքում օրենսդրական ակտի ընդհանուր մասը կազմող նորմերը, նախորդում են հատուկ մասը կազմող նորմերին: Ընդհանուր եւ հատուկ մասերում ընդգրկվում են օրենսդրական ակտի բովանդակությամբ համասեռ գլուխները, բաժինները: Ընդհանուր եւ հատուկ մասերը չեն համարակալվում: Ընդհանուր եւ հատուկ մասերի վերնագրերն են համապատասխանաբար` «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ» եւ «ՀԱՏՈՒԿ ՄԱՍ»: Վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:

2. Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

4. Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում:

5. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում պարբերությունները կարող են բաժանվել համարակալված ենթապարբերությունների: Ենթապարբերությունները համարակալվում են փոքր արաբական թվանշաններով:

6. Բովանդակությամբ համասեռ կետերը միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում:

7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

8. Օրենսդրական ակտի հոդվածները պետք է ունենան վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագրեր չեն ունենում:

9. Ենթաօրենսդրական նորմատիվ ակտերում կետերը, ենթակետերը եւ պարբերությունները վերնագրեր չեն ունենում:

10. Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխներն համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները պետք է ունենան վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:

11. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս, փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:

12. Նորմատիվ իրավական ակտի բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարները համապատասխանաբար չեն փոփոխվում: Նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել:

Հոդված 22. Նորմատիվ իրավական ակտում  հասկացությունների եւ տերմինների (եզրույթների) կիրառումը

1. Նորմատիվ իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3. Նորմատիվ իրավական ակտում չպետք է օգտագործվեն բազմիմաստ բառեր:

4. Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ (եզրույթներ), որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների (եզրույթների) այլ սահմանում, ապա տվյալ ակտով պետք է տրվեն այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն պարզ եւ մատչելի` դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումն ապահովելու համար:

5. Նույն նորմատիվ իրավական ակտում միեւնույն հասկացության կամ տերմինի (եզրույթի) բովանդակությունը տարբեր իմաստներով կրկնվելու դեպքում կիրառվում է հասկացության կամ տերմինի (եզրույթի) այն բովանդակությունը, որը բխում է տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի սկզբունքներից:

6. Չի թույլատրվում նորմատիվ իրավական ակտով տալ հասկացության կամ տերմինի (եզրույթի) սահմանումը, եթե այդ հասկացությունը կամ տերմինը (եզրույթը) չի գործածվելու տվյալ նորմատիվ իրավական ակտում կամ հանրահայտ է:

Հոդված 23.  Նորմատիվ իրավական ակտում որոշ շաղկապների եւ բառերի կիրառումը

1. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար բոլոր թվարկված պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ.

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ.

3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, եւ «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով.

2. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, չի կարող կիրառվել «կամ» շաղկապը:

3. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ.

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, եւ «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:

4. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «եւ» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով:

5. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «եւ» կամ «ու», ինչպես նաեւ «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «եւ» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

6. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է առանձնացված կետերով բաժանված պայմաններով, եւ այդ կետերն իրարից առանձնացված չեն ստորակետով կամ «եւ» կամ «ու» կամ «կամ» շաղկապով, այդ նորմի կիրառման համար բավարար է պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե այլ բան չի բխում տվյալ նորմի բովանդակությունից:

7. Նորմատիվ իրավական ակտում «եւ(կամ)» շաղկապը  կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նորմի կիրառման համար անհրաժեշտ է կամ կիրառել պայմաններից մեկը կամ երկու պայմանն էլ միասին:

8. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:

9. Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից:

Հոդված 24.  Նորմատիվ իրավական ակտում հղումների կիրառումը

1. Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում, չպետք է կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերում սահմանված նորմատիվ դրույթները:

2. Նորմատիվ իրավական ակտերում սահմանված նորմերի անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով իրավական ակտում պետք է կիրառվեն հղումներ: Հղումները նորմատիվ իրավական ակտի հոդվածներում, կետերում, ենթակետերում, պարբերություններում` նորմատիվ իրավական այլ ակտի հոդվածներին, կետերին, ենթակետերին, պարբերություններին,  ինչպես նաեւ նորմատիվ իրավական այլ ակտերին կամ դրանց առանձին դրույթներին կիրառվում են նաեւ, երբ անհրաժեշտ է ընդգծել այդ դրույթների փոխադարձ կապը:

3. Հղումները կատարվում են միայն հիմնական ակտին կամ հիմնական ակտի մասերին: Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտին հղումներ կատարվում են միայն այն դեպքում, երբ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտը փոփոխություններից կամ լրացումներից բացի պարունակում է հիմնական իրավական ակտում չպարունակվող այլ նորմեր` այդ նորմերի մասով:

4. Հղումները պետք է կատարվեն հստակ եւ ուղղակի:

5. Արգելվում է կատարել`

1) անորոշ հղումներ.

2) հղումներ սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ չմտած իրավական ակտերին, բացառությամբ` օրենքի անցումային եւ եզրափակիչ դրույթներում.

3) շրջանաձեւ հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում իր հերթին հղում է կատարում նախորդ նորմին.

4) շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի:

6. Հղումները լինում են արտաքին եւ ներքին:

7. Արտաքին հղում է, երբ

1) այն կատարվում է նորմատիվ իրավական այլ ակտերին.

2) այն կատարվում է նորմատիվ իրավական այլ ակտերի մասերին (հոդվածներին, մասերին, կետերին, ենթակետերին).

3) նշվում է չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը.

4) այն կատարվում է նորմատիվ իրավական ակտերի տեսակների խմբին:

8. Ներքին հղում է, երբ այն կատարվում է նույն նորմատիվ իրավական ակտի`

1) նույն հոդվածի մասին, կետին կամ ենթակետին.

2) մեկ այլ բաժնին, գլխին, հոդվածին, հոդվածի մասին, կետին կամ ենթակետին:

9. Ներքին հղում կատարելիս համապատասխան հոդվածին կամ հոդվածի մասին, կետին, ենթակետին կիրառվում է «սույն» բառը: Ներքին հղումներ կատարելիս չեն կարող առանձին կիրառվել «վերոհիշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «նշված», «սույնում», «սույնով», «վերը նշված» բառերը:

10. Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:

11. Իրավական այլ ակտի մասերին հղում կատարելիս նշվում են իրավական ակտի կրճատ անվանումը, կետի, ենթակետի կամ պարբերության համարը:

12. Հղում կատարելիս իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտում: Մյուս դեպքերում իրավական այլ ակտին հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը:

13. Եթե ընդունվող նորմատիվ իրավական ակտով սահմանվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն նորմատիվ իրավական այլ ակտով, ապա ընդունվող իրավական ակտում պետք է կոնկրետ նշվեն դրանում չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը եւ հարաբերությունը կարգավորող իրավական ակտի տեսակը: Եթե այդ հարաբերությունը պետք է կարգավորվի օրենքով, ապա նշվում են «օրենքով» կամ «օրենքներով» բառերը:

14. Եթե իրավական ակտով նախատեսվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ ուղղակիորեն կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն տարբեր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերով, ապա այս դեպքում միայն նշվում է իրավական ակտերի տեսակների այն խմբի անվանումը (օրենսդրական ակտեր, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, տեղական ինքնակառավարման ակտեր, միջազգային պայմանագրեր եւ այլն), որոնցով կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն չկարգավորված հարաբերությունները:

Հոդված 25. Իրավական ակտի անվանումը եւ դրա հիշատակումը

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության անվանումը հիշատակելիս կամ այլ իրավական ակտում նշելիս, հղումներ կատարելիս (այսուհետ` հիշատակելիս) դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» բառերը, դրա ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր) եւ «փոփոխություններ» բառը:

2. Սահմանադրական օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, սահմանադրական օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր), հերթական համարը եւ «սահմանադրական օրենք» բառը: Սահմանադրական օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք» բառերը:

3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր), հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը:

4. Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր) եւ օրենսգրքի վերնագիրը: Օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը եւ օրենսգրքի վերնագիրը:

5. Նորմատիվ իրավական այլ ակտի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, իրավական ակտի վերնագիրը, իրավական ակտի հերթական համարը, բնույթը եւ տեսակը: Նորմատիվ իրավական այլ ակտի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, իրավական ակտի հերթական համարը, բնույթը եւ տեսակը:

Հոդված 26. Նորմատիվ իրավական ակտի հերթական (գրանցման) համարը եւ բնույթը նշելը

1. Նորմատիվ իրավական ակտի հերթական (գրանցման) համարը սահմանում է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինը` միայն արաբական թվանշաններով: Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների, ինքնավար մարմինների, նախարարների եւ համայնքի ավագանու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համարակալվեն միայն ամբողջական թվանշաններով:

2. Նորմատիվ իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո իրավական ակտում իրավական ակտն ընդունող մարմինը «Ն» (նորմատիվ) տառով նշում է կատարում դրա նորմատիվ բնույթի մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան նշում չունեցող  իրավական ակտը չի համարվում նորմատիվ իրավական ակտ, իսկ դրանում առկա նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն:

Հոդված 27. Նորմատիվ իրավական ակտի տեքստի ստորագրումը

1. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական տեքստն ստորագրում են`

1) Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության Նախագահը.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը` Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրան փոխարինելու լիազորություն ունեցող անձը.

4) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշումը` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը կամ նրան փոխարինելու լիազորություն ունեցող անձը.

5) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների, ինքնավար մարմինների որոշումները` այն ընդունող մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինելու լիազորություն ունեցող անձը.

6) Հայաստանի Հանրապետության նախարարի հրամանը` Հայաստանի Հանրապետության նախարարը.

7) համայնքի ավագանու որոշումները` համայնքի ղեկավարը,

8) այլ իրավական ակտերը` իրավական ակտն ընդունելու կամ ստորագրելու լիազորություն ունեցող մարմնի պաշտոնատար անձը:

2. Ստորագրությունը դրվում է նորմատիվ իրավական ակտի պաշտոնական տեքստի վերջին էջի տեքստից հետո` նշելով պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը եւ իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ընդունման վայրը:

Հոդված 28. Օրենսդրական տեխնիկայի այլ կանոններ

1. Նորմատիվ իրավական ակտում բացատրությունների կամ ծանոթագրությունների տեքստը տրվում է առանձին հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների տեսքով:

2. Փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն, եթե`

1) դրանք անմիջապես վերաբերում են փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտին.

2) մինչեւ փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտությունը վերացել է:

4. Արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների (եզրույթների) անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների (եզրույթների) հապավումներ:

5. Արգելվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսվածների:

6. Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

7. Նորմատիվ իրավական ակտում կիրառվող ամսաթվերում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ:

8. Նորմատիվ իրավական ակտում ժամկետ սահմանելիս անհրաժեշտ է հստակ նշել ժամկետի սկիզբն ու ավարտը: Եթե ժամկետը նշված է ամսաթվերով ժամկետի վերջին օրը եւս պետք է հաշվարկվի այդ ժամկետում: Եթե իրավական ակտում սահմանված ժամկետի հաշվարկը պետք է կատարվի ոչ թե ըստ օրացուցային օրերի, այլ աշխատանքային օրերով, ապա դա պետք է հատուկ շեշտադրվի: Ժամերը գրվում են թվերով` քսանչորսժամյա ռեժիմով: Ժամերը նշելիս ժամը եւ րոպեն արտահայտող թվերի միջեւ դրվում է երկու կետ, իսկ դրանցից առաջ նշվում է «ժամը» բառը:

9. Իրավական ակտերի նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

10. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման տեխնիկական կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 29. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական թարգմանությունը

1. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական թարգմանությունը հայերենից օտար լեզու իրականացնում է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Պաշտոնական թարգմանությամբ նորմատիվ իրավական ակտի վերեւի ձախ անկյունում թարգմանության լեզվով գրվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, ինչպես նաեւ թարգմանությունը կատարած մարմնի անվանումը:

3. Պաշտոնական թարգմանության տեքստն ստորագրում է նորմատիվ իրավական ակտի տեքստը ստորագրելու իրավասություն ունեցող անձը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: 


Գ Լ ՈՒ Խ 7
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 30. Իրավական ակտերի ուժի մեջ մտնելը

1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե օրենքով սահմանված չէ, որ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է  նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է  հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա իրավակիրառողին իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

3. Նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, հոդվածների մասերի, կետերի, ենթակետերի եւ նախադասությունների համար ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, քան նախատեսված է տվյալ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու համար:

4. Անհետաձգելի համարվող օրենքները, սույն օրենքով սահմանված կարգով հրատապ ճանաչված նորմատիվ իրավական ակտերը, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել հրապարակման պահից` այդ ակտով նախատեսված լինելու դեպքում:

5. Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

6. Անհատական իրավական ակտը ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը:

7. Ներքին իրավական ակտը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի եւ հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված է այդ ակտը: Ընդունող մարմինը պարտավոր է նշել ակտի հրապարակման օրը: Ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաեւ ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո ակտի ինկորպորացված տարբերակը:

Հոդված 31. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումը

1. Նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով:

3. Պաշտոնական հրապարակման օր է հանդիսանում նորմատիվ իրավական ակտն առաջին անգամ միասնական կայքում հրապարակելու օրը:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարտավոր է ապահովել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում հրապարակումը, դրանցում ուղղման կատարումը, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան:

5. Եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացվում է համապատասխան ուղղում` կատարելով   նշում` ուղղում կատարված լինելու վերաբերյալ:

6. Նորմատիվ իրավական ակտերը ընդունող մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտերի հրապարակման ներկայացնելու կարգը եւ ժամկետները, միասնական կայքում դրանց հրապարակման, դրանցում ուղղման կատարման եւ  պաշտոնական ինկորպորացիայի կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

Հոդված 32. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերը

1. Հրապարակման ենթակա չեն  իրավական այն ակտերը կամ դրանց առանձին այն մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք:

2. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերը պարտադիր են կատարման ֆիզիկական, իրավաբանական, եւ պաշտոնատար անձանց համար` սահմանված կարգով այդ իրավական ակտերին նրանց իրազեկվելու կամ ծանոթանալու պահից, եթե այդ իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտի հերթական համարի վերջում`  իրավական ակտի բնույթը սահմանող տառից հետո, դրվում են «Գ» կամ «ՀԳ» կամ «ՀԿ» տառերը:

Հոդված 33. Իրավական ակտերի հաշվառումը եւ պահպանումը

1. Իրավական ակտն ընդունող մարմինը պարտավոր է սահմանված կարգով իրականացնել իր կողմից ընդունված իրավական ակտերի ներքին հաշվառում եւ պահպանում:

2. Հաշվառված իրավական ակտերը ընդունող մարմնի կողմից պահվում են անժամկետ:

3. Իրավական ակտերի հաշվառումը եւ պահպանումն իրականացվում է ընդունող մարմնի  սահմանված կարգով:

Հոդված 34. Իրավական ակտերի պահանջների կատարումը

1. Պարտադիր կատարման ենթակա են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը:

2. Եթե նորմատիվ իրավական ակտի որեւէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտն այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

3. Առանց օրենսդրական ակտի կոնկրետ դրույթի հղումով կամ իրավաբանական ուժ չունեցող դրույթի հղումով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

4. Անհատական  կամ ներքին իրավական ակտում առկա այն դրույթները, որոնք պարունակում են սույն կետով չնախատեսված այլ անձանց վրա տարածվող իրավական նորմեր առոչինչ են:  


Գ Լ ՈՒ Խ 8
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ, ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Հոդված 35. Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը ժամանակի մեջ

1. Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, սույն օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

2. Անձի իրավական վիճակը վատթարացնող նորմատիվ իրավական ակտը հետադարձ ուժ չունի:

3. Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքները հետադարձ ուժ ունեն: Անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտը հետադարձ ուժ ունի, եթե դա նախատեսված է տվյալ նորմատիվ իրավական ակտով:

4. Հետադարձ ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի կիրառման արդյունքում անձն ազատվում է նախկինում ընդունված եւ չկիրառված պատասխանատվության միջոցից կամ իրավունքի սահմանափակում նախատեսող անհատական ակտերի կատարման պարտականությունից: Հետադարձ ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի ընդունումը հիմք չէ անձի նկատմամբ նախկինում կիրառված պատասխանատվության միջոցի կամ իրավունքի սահմանափակման կատարման շրջադարձի, այսինքն` վճարված գումարի վերադարձման, վերացված իրավունքի (լիցենզիայի, մրցույթին մասնակցության եւ այլն) վերականգնման համար, եթե տվյալ ակտով ուղղակիորեն սահմանված չէ հակառակը:

5. Նորմատիվ իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերն անվավեր ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով, ինչպես նաեւ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող այդ նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Մինչեւ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչեւ փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող դրույթները, եթե օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող այդ նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

6. Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 36. Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածության մեջ

1. Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ակտերի:
2. Միջհամայնքային միավորման խորհրդի որոշումների գործողությունը տարածվում է միայն տվյալ միջհամայնքային միավորման համայնքների տարածքի վրա:
3. Համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումների գործողությունը տարածվում է միայն տվյալ համայնքի տարածքի վրա:

Հոդված 37. Նորմատիվ իրավական ակտերի գործողությունն անձանց շրջանակներում

1. Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության` ի դեմս դրա մարմինների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության համայնքների` ի դեմս դրանց մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա իրավաբանական անձանց եւ միջազգային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական, հյուպատոսական եւ այլ ներկայացուցչությունների վրա, եթե այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 38. Նորմատիվ իրավական ակտերի գործողության ժամկետը

1. Նորմատիվ իրավական ակտը գործում է անժամկետ, եթե տվյալ նորմատիվ իրավական ակտում կամ դրա գործողության մեջ դնելու մասին ակտում դրա գործողության ժամկետ նախատեսված չէ:
2. Ժամանակավոր գործողություն կարող է սահմանվել ողջ նորմատիվ իրավական ակտի կամ դրա առանձին մասերի համար: Մինչեւ սահմանված ժամկետի ավարտն ակտն ընդունող մարմինը կարող է երկարաձգել ակտի գործողության ժամկետը կամ դրան հաղորդել անժամկետ բնույթ:

Գ Լ ՈՒ Խ 9
ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎՈՒՄԸ

Հոդված 39. Նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետի որոշումը

1. Նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետը որոշվում է`

1) օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ,

2) տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ,

3) ժամերով` հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

2. Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա եւ ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

3. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին եւ ամսաթվին:

4. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

5. Տարվա եռամսյակներով հաշվարկվող ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները: Եռամսյակը համարվում է երեք ամսին հավասար, իսկ եռամսյակների հաշվարկը կատարվում է տարվա սկզբից:
6. Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ եւ հավասար է 15 օրվա:

7. Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:

8. Եթե կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտով սահմանված է ժամկետների հաշվարկման այլ կարգ, ապա տվյալ ակտով կարգավորվող իրավահարաբերությունների ժամանակ կիրառվում է այդ նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետների հաշվարկման կարգը:

9. Եթե ժամկետի հաշվարկը պայմանավորված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությամբ պայմանավորված իրադարձության վրա հասնելու փաստով, ապա այդ մարմինը պարտավոր է իրադարձության վրա հասնելու մասին տեղեկատվությունը հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքէջում:

Հոդված 40. Ժամկետի վերջին օրը գործողություններ կատարելու կարգը

1. Եթե ժամկետը սահմանվել է որեւէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչեւ ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

2. Եթե այդ գործողությունը պետք է կատարվի որեւէ կազմակերպությունում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ մարմնում կամ կազմակերպությունում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

3. Մինչեւ ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը հանձնված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված:

4. Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: 


Գ Լ ՈՒ Խ 10
ԻՐԱՎԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

Հոդված 41. Իրավական մշտադիտարկումը

1. Իրավական մշտադիտարկումն օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան կատարելագործելու նպատակով նորմատիվ իրավական ակտի կիրարկելիությունը որոշելուն ուղղված` դրա վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, գնահատման եւ վերլուծության իրականացման համակարգային եւ շարունակական գործընթաց է:

2. Իրավական մշտադիտարկման օբյեկտը` նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի կամ առանձին ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ամբողջության իրավակիրառ պրակտիկան է:

3. Իրավական մշտադիտարկման պարտադիր ենթարկվում են օրենսդրական ակտերը` սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին համապատասխան:

4. Իրավական մշտադիտարկման չեն ենթարկվում Սահմանադրությունը, դրանում կատարվող փոփոխությունները:

5. Իրավական մշտադիտարկման արդյունքները պարտադիր պետք է հաշվի առնվեն սույն օրենքով սահմանված կարգով նորմատիվ իրավական ակտերի պլանավորում իրականացնելիս:

Հոդված 42. Իրավական մշտադիտարկում իրականացնող մարմինները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի հաստատում է տվյալ տարվա իրավական մշտադիտարկման իրականացման ծրագիրը` դրանում ներառելով իրավական մշտադիտարկման առաջնահերթ օրենքները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենքների, այն իրականացնող պատասխանատու պետական կառավարման մարմինները եւ ժամանակացույցը: Մշտադիտարկում կարող է իրականացնել նաեւ նորմատիվ իրավական ակտ մշակող մարմինը` իր նախաձեռնությամբ:

2. Սահմանադրությամբ սահմանված այլ մարմինները եւ ինքնավար մարմինները իրականացնում են իրենց ոլորտային օրենքների մշտադիտարկում:

3. Իրավական մշտադիտարկում չի կարող իրականացնել համապատասխան նորմատիվ ակտը մշակած ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամ անձինք, ինչպես նաեւ տվյալ նորմատիվ իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատումն իրականացրած անձը:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված մարմիններն իրավական մշտադիտարկմանը կարող են ներգրավվել  նաեւ կազմակերպությունների, այդ թվում` գիտական, խորհրդակցական, հասարակական, ինչպես նաեւ այլ շահագրգիռ մարմինների եւ անձանց:

5.  Իրավական մշտադիտարկման արդյունքների գնահատման հիման վրա սույն հոդվածի պատասխանատու մարմինները պարտավոր են ողջամիտ ժամկետում սույն օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել օրենսդրության կատարելագործման առաջարկություններն իրացնելու ուղղությամբ կամ տասնօրյա ժամկետում մշտադիտարկման արդյունքներն ուղարկել համապատասխան նորմատիվ ակտը մշակած կամ մշակելու լիազորություն ունեցող մարմնին, բացառությամբ, երբ պատասխանատու մարմինը համապատասխան նորմատիվ ակտը մշակած կամ մշակելու լիազորություն ունեցող մարմնին է:

6. Մշտադիտարկման իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ  Սահմանադրությամբ սահմանված այլ մարմիններում եւ ինքնավար մարմիններում մշտադիտարկման իրականացման կարգը սահմանվում է  այդ մարմինների կողմից: 


Գ Լ ՈՒ Խ 11
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 43. Նորմատիվ իրավական ակտի փոփոխությունները եւ լրացումները

1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ են կատարվում, եթե անհրաժեշտ է փոփոխել առանձին իրավահարաբերությունների սահմանված կարգավորումները:

2.Նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կատարվում է, եթե այն չի հակասում տվյալ նորմատիվ իրավական ակտի կարգավորման առարկային, հիմնարար սկզբունքներին եւ չի խախտում տվյալ նորմատիվ իրավական ակտի միասնական բնույթը:

3. Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված փոփոխություններն իրականացվում են նորմատիվ իրավական ակտերի գործողության դադարեցման համար նախատեսված կարգով ու պայմաններով եւ առաջացնում են իրավական ակտի գործողության դադարեցման համար նախատեսված համապատասխան հետեւանքներ:

5. Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

Հոդված 44. Նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ընդհանուր կանոնները

1. Նորմատիվ իրավական ակտերում, փոփոխություն կամ լրացում կատարում են միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը, կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմինը:

2. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով: Օրենսգրքերում փոփոխություն կամ լրացում կատարվում է օրենքով:

3. Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):

4. Եթե իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա իրավական ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ:

5. Համատեղ ընդունված իրավական ակտերում փոփոխություններն ու լրացումները կատարվում են իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ ընդունած իրավական ակտով:

6. Անհրաժեշտության դեպքում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաեւ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում, իսկ այն դեպքում, երբ ակտի փոփոխությունները արդեն ինկորպորացվել են, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում:

Հոդված 45. Նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցումը

1. Իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողությունը կարող է կասեցվել:

2. Նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողության կասեցման մասին նորմատիվ իրավական ակտով պետք է սահմանվեն`

1) նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողության կասեցման պատճառը, նպատակը եւ ժամկետը.

2) մինչեւ նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողության կասեցման դադարեցումը դրանով կարգավորվող հարաբերությունների կարգավորման կարգը եւ պայմանները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները չնախատեսող իրավական ակտի գործողությունը կասեցնող իրավական ակտն իրավաբանական ուժ չունի:

Հոդված 46. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը

1. Նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է`

1) նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.

2) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում.

3) նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում:

2. Եթե նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվելու է դրանով կարգավորվող հարաբերությունների միայն որոշակի մասով, որը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձեւով, ապա նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում պետք է հստակ նշվի այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով դադարեցվում է նորմատիվ իրավական ակտի գործողությունը:

3. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման արդյունքում դադարեցվում է նաեւ այդ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտի  գործողությունը:

4. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման մասին նորմատիվ իրավական ակտ ընդունելու դեպքում` գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտով կամ դրա համաձայն գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում:

5. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը այն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմինը կատարում է նույն տեսակի կամ բնույթի նորմատիվ իրավական ակտով: Օրենսգրքերի գործողությունը դադարեցվում է համապատասխան օրենսգրքով կամ օրենքով:

6. Սույն օրենքով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաեւ դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Նորմատիվ իրավական ակտի մասի գործողության դադարեցումը չի հանգեցնում այդ նորմատիվ իրավական ակտի կամ դրա այլ մասերի գործողության դադարեցման:

Հոդված 47. Նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը

1. Նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում`

1) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, եթե`

ա) վերացել է նորմատիվ իրավական ակտով կարգավորվող հարաբերությունների հետագա իրավական կարգավորման անհրաժեշտությունը.

բ) նորմատիվ իրավական ակտով կարգավորվող հարաբերությունները կարգավորվում կամ կարգավորվելու են այլ նորմատիվ իրավական ակտով,

գ) ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ, որին հակասում են այդ նորմատիվ իրավական ակտի դրույթները,

դ) ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր, որի նորմերին հակասում է այդ նորմատիվ իրավական ակտը,

2) ժամկետային, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ սահմանափակված նորմատիվ իրավական ակտի համար նախատեսված ժամկետը լրանալու, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացման դեպքում? Նման դեպքերում նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առանձին նորմատիվ իրավական ակտ չի ընդունվում:

2. Եթե նորմատիվ իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, ապա իրավաստեղծ մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ հանրաքվեով ընդունված օրենքների, պարտավոր է իր ընդունած նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին ընդունել նորմատիվ իրավական ակտ` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 2 ամսվա ընթացքում, եթե ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ: Հակասության դեպքում հակասող նորմատիվ իրավական ակտը կարող է կասեցվել սույն օրենքով սահմանված կարգով:

3. Իրավաստեղծ մարմնի` առանց իրավահաջորդի գործունեության դադարման դեպքում, դրա նորմատիվ իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվում իրավական ակտն ընդունող մարմնի լուծարման պահից, եթե իրավաստեղծ մարմնի գործունեության դադարեցման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 48. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելը

1. Նորմատիվ իրավական ակտը անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, եթե նորմատիվ իրավական ակտի ընդունման պահին դա հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին:

2. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին ակտի ուժի մեջ մտնելու պահից (ex nunc), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կարող է կորցնել ի սկզբանե` տվյալ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից (ex tunc)` հանրային կամ պետական շահերի պաշտպանությունից ելնելով` անվավեր ճանաչելու մասին ակտում ուղղակիորեն նախատեսելու դեպքում:

4. Եթե որեւէ նորմատիվ իրավական ակտի կամ դրա որեւէ դրույթի անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետեւանքներ հանրության եւ պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա համապատասխան մարմինը կարող է հետաձգել այդ ակտի անվավեր ճանաչումը:

5. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով լուծվում են`

1) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու հետեւանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչեւ խախտումը եղած իրավական վիճակը վերականգնելու հարցերը.

2) անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը.

3) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն ընդունելու եւ անվավեր ճանաչելու հետեւանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը:

6. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր չեն անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի հիման վրա իրենց տրամադրված իրավունքներից, ազատություններից, արտոնություններից օգտվելու հետեւանքով պետությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատճառած վնասները հատուցել կամ վերականգնել:

Հոդված 49. Իրավական ակտը չեղյալ ճանաչելը

1. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, եթե ընդունված նորմատիվ իրավական ակտը դեռեւս չի կիրառվել եւ աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդ նորմատիվ իրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել:

2. Իրավական ակտը չեղյալ է ճանաչվում ընդունման պահից:

Հոդված 50. Նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտերի գործողության դադարեցման դեպքում այլ նորմատիվ իրավական ակտեր փոփոխելը

1. Եթե նորմատիվ իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել այլ նորմատիվ իրավական ակտերում կամ դադարեցնել այլ նորմատիվ իրավական ակտերի կամ դրանց մասերի գործողությունը, ապա դրանք առանձին ցանկի տեսքով կցվում են նորմատիվ իրավական ակտին:

2. Եթե նորմատիվ իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում կամ դադարեցնել նորմատիվ իրավական ակտերի գործողությունը, ապա նախագծերը մշակում են հիմնական նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակողները եւ ներկայացնում են նորմատիվ իրավական ակտի նախագծի հետ միասին:  

Գ Լ ՈՒ Խ 12
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈԼԻԶԻԱՆԵՐԻ) ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 51. Իրավունքի եւ օրենքի անալոգիայի (համանմանության) կիրառումը

1. Եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա):

2. Օրենսդրության մեջ կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմի բացակայության եւ օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են տվյալ իրավահարաբերության էությանը համապատասխան իրավունքի ընդհանուր սկզբունքները կամ իրավունքի տվյալ ճյուղի սկզբունքները (իրավունքի անալոգիա):

3. Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները եւ կարգը:

4. Օրենքի անալոգիան եւ իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի բացառվում անալոգիայի կիրառումը:

Հոդված 52. Իրավական կոլիզիաների լուծման կանոնները

1. Օրենսդրական ակտերի նորմերի միջեւ կոլիզիաների դեպքում գործում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտի նորմը:

2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ կոլիզիաների դեպքում գործում է այն մարմնի ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նորմը, որին այդ ակտն ընդունելու լիազորությունը տրված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենսդրական ակտով:

3. Միեւնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերի` միեւնույն իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված ընդհանուր նորմի  եւ հատուկ նորմի միջեւ կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը:
 
4. Եթե կիրառելի չէ սույն հոդվածի 3-րդ մասը, ապա միեւնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի միջեւ կոլիզիաների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:

5. Նույն նորմատիվ իրավական ակտի տարբեր նորմերի միջեւ կոլիզիաների դեպքում գործում են այն նորմերը, որոնք բխում են տվյալ տվյալ իրավահարաբերության էությունից կամ այդ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի սկզբունքներից:

6. Եթե նորմատիվ իրավական ակտում սահմանվում են ընդհանուր եւ հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջեւ կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը:

7. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած եւ հանրաքվեով ընդունված օրենքների միջեւ կոլիզիայի դեպքում գործում են հանրաքվեով ընդունված օրենքի նորմերը:

8. Եթե սույն հոդվածով սահմանված կանոնների կիրառելի չեն, ապա հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջեւ կոլիզիաների դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը:

9. Նորմատիվ իրավական ակտում կոլիզիա չի համարվում ընդհանուր նորմից բացառության սահմանումը:

Գ Լ ՈՒ Խ 13
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ

Հոդված 53. Իրավական ակտի մեկնաբանումը

1. Նորմատիվ իրավական ակտի դրույթը մեկնաբանվում է համակարգային`  ելնելով բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, տվյալ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

2. Եթե նորմատիվ իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի, ապա այդ ակտի համապատասխան դրույթը մեկնաբանվում է` հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները:

3. Եթե նորմատիվ իրավական ակտը հնարավոր չէ մեկնաբանել սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգով, նորմատիվ իրավական ակտը մեկնաբանվում է հաշվի առնելով այն ընդունելիս ակտն ընդունող մարմինը ինչ նպատակ է հետապնդել:

4. Նորմատիվ իրավական ակտի կամ դրա բաժնի, գլխի կամ հոդվածի վերնագիրը չի կարող օգտագործվել նորմատիվ իրավական ակտի կամ համապատասխանաբար նրա բաժնի, գլխի կամ հոդվածի մեկնաբանման համար:

5. Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

6. Իրավական ակտում մատնանշված սպառիչ ցանկում որեւէ տարրի բացակայությունը մեկնաբանվում է ցանկում դրա բացառման իմաստով:

Գ Լ ՈՒ Խ 14
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

Հոդված 54. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը եւ պարզաբանման իրավասու մարմինները
 
1. Նորմատիվ իրավական ակտի պարզաբանումը  նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի, դրա ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզմանը ուղղված գործընթաց է:

2. Օրենդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) եւ  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում կարող է տալ  ակտը կիրառող  գործադիր իշխանության մարմինը: Սույն կետում նշված ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու իրավասու մարմինների ցանկը եւ համապատասխան բնագավառները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ընդ որում, մեկ բնագավառի վերաբերյալ պարզաբանումներ տալու իրավունք ունի միայն մեկ մարմին կամ պարզաբանում կարող է տրվել մի քանի իրավասու մարմինների կողմից` համատեղ:

3. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալիս են ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինները:

4. Սահմանադրությամբ սահմանված այլ մարմինները եւ ինքնավար մարմինները տալիս են իրենց ոլորտային օրենսդրական ակտերի պաշտոնական պարզաբանում:

5. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը կարող է իրականացվել պարզաբանող մարմնի նախաձեռնությամբ, այլ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա:

6. Պաշտոնական պարզաբանում ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր դիմումում պետք է նշի սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարցերով պարզաբանում ստանալու անհրաժեշտության մասին` նշելով առաջադրված հարցերի իրավական հիմքերը, հարցերի պարզաբանման տարբերակները:

7. Պաշտոնական պարզաբանումը տրվում է դիմումն ստանալուն հաջորդող ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Պաշտոնական պարզաբանումը կարող է երկարաձգվել եւս 15 աշխատանքային օրով` այդ մասին իրազեկելով պաշտոնական պարզաբանում պահանջող անձին:

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետում պաշտոնական պարզաբանումը չստանալու դեպքում դիմող անձն իրավասու է իրավական ակտի պահանջներն իրականացնելիս առաջնորդվել իր ներկայացրած պարզաբանման տարբերակով:

Սակայն այդ պարզաբանումը պետք է ուղղակիորեն բխի իրավական ակտի պահանջներից, չպետք է փոփոխի դրա իմաստը, պետք է պարզաբանվի օրենքի պահանջների պահպանմամբ եւ դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ:

9. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող դիմումները համարվում են խորհրդատվություն ստանալու նպատակ հետապնդող, դրանց վերաբերյալ տրվում են միայն օրենքով նախատեսված պատասխաններ:

Հոդված 55. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտը եւ դրա հրապարակումը

1. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտը պետք է ունենա ընդունման օր (ամսաթիվ, ամիս, տարեթիվ), հերթական համար եւ վերնագիր:

2. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

3. Ներածական մասում նշվում է պարզաբանող մարմնի անվանումը, նորմատիվ իրավական ակտի վավերապայմանները, որում ամրագրված է պարզաբանվող դրույթը, սույն օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքը: Նկարագրական մասում տրվում է իրավական նորմի բովանդակությունը: Պատճառաբանական մասում նշվում է եզրահանգումներին հասնելու հիմնավորումը կամ հետեւություններին հանգելու ընթացքը: Եզրափակիչ մասում իրավական նորմի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը:

4. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման ակտը ստորագրվում է համապատասխան մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած անձի կողմից:

5. Պաշտոնական պարզաբանման ակտի մեկ օրինակը, դրանց ստորագրման օրվան հաջորդող օրը ուղարկվում է պաշտոնական հրապարակման:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով հրապարակվելուց հետո պաշտոնական պարզաբանումը կրում է պարտադիր բնույթ, բացառությամբ` քրեական վարույթ, վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցելու կամ արդարադատություն իրականացնելու դեպքերի:

7. Սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնական պարզաբանման չտրամադրելու դեպքում պարզաբանում պահանջող անձը կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:

8. Պարզաբանումը գործում է մինչեւ համապատասխան օրենսդրական փոփոխությունների կատարումը:

9. Պարզաբանված նորմատիվ դրույթն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ուժը կորցնում է նաեւ պաշտոնական պարզաբանումը:

Հոդված 56. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանման հետեւանքները

1. Եթե պաշտոնական պարզաբանում ստանալու համար դիմում ներկայացրած անձն առաջնորդվել է սույն օրենքի պահանջների պահպանմամբ տրված պաշտոնական պարզաբանմամբ, ապա այդ պարզաբանման եւ իրավասու մարմնի հետագայում տված պարզաբանման կամ գործողությունների, որոշումների միջեւ հակասություն առաջանալու դեպքում, անձն ազատվում է սխալ պարզաբանման հետեւանքով թույլ տրված խախտումների համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունից:

2. Իրավասու մարմինների կողմից տրված պաշտոնական սխալ պարզաբանման հետեւանքով պատճառված վնասի համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

 Գ Լ ՈՒ Խ 15.
 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 

Հոդված 57. Եզրափակիչ մաս

1. Ուժը կորցրած ճանաչել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքը:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 58. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն օրենքի համաձայն նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավունք չունեցող մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել, սակայն արգելվում է դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Սույն մասով նախատեսված ակտերի գործողությունը կարող է դադարեցվել այդ ակտերով սահմանված հարաբերությունները կարգավորելու իրավասություն ունեցող մարմնի կողմից:

2. Սույն օրենքի 3-րդ գլխով սահմանված ծրագրերը կազմվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տարվա համար եւ հրապարակվում են մինչեւ այդ տարվա հունվարի երրորդ տասնօրյակը:

3. Սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով նորմատիվ իրավական ակտերի հրապարակման կարգը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից:

4. Մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթի ուժի մեջ մտնելը նորմատիվ իրավական ակտերը հրատարակվում են սույն օրենքով սահմանված կարգով` նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական տեղեկագրի միջոցով:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականին իրականացված Սահմանադրական փոփոխություններով, ինչպես նաեւ օրենսդրական գործընթացի բարեփոխման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2014 թվականի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանում» զեկույցում տեղ գտած բազմաթիվ առաջարկությունների հիման վրա նոր իրավակարգավորումներ մշակելու անհրաժեշտությամբ: Այս համատեքստում մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ եւ դրանում ներառվել են ոչ միայն սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո անհրաժեշտ համապատասխանեցման իրավակարգավորումները, այլեւ հայեցակարգային նոր ինստիտուտներ եւ դրանից բխող նոր իրավակարգավորումներ:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` նոր իրավակարգավորումները հանգում են հետեւյալին.

 Մասնավորապես, նախագծով օրենքի կարգավորման շրջանակը սահմանափակվել է միայն նորմատիվ իրավական ակտերի համակարգի եւ աստիճանակարգության, դրանց պլանավորման, մշակման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, նորմատիվ իրավական ակտերի հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման եւ գործողության դադարեցման, հանրային քննարկումների անցկացման, իրավական մշտադիտարկման, պարզաբանման հետ կապված հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկայի կանոնների սահմանմամբ: Չնայած այն հանգամանքին, որ օրենքի նախագծով օրենքը վերնագրվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, սակայն հնարավորություն է տրվել նաեւ այլ իրավական ակտերի համար եւս կիրառել նոր օրենքով սահմանված  դրույթները` եթե օրենքով այլ բան նախատեսված չէ կամ այլ բան չի բխում տվյալ իրավական ակտի էությունից:

Միեւնույն ժամանակ նախագծով սահմանվել են նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն ունեցող մարմինների եւ անձանց շրջանակը` հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված այն մարմինների կամ անձանց շրջանակը, որոնց Սահմանադրությամբ իրավունք է վերապահված ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Ուստի` Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունի ունեն`

1) Հայաստանի Հանրապետության ժողովուրդը` միայն հանրաքվեի միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության նախագահը` հանրաքվե նշանակելու մասին հրամանագիր ընդունելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը, Հայաստանի Հանրապետության նախարարը.

4) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության եւ Ռադիոյի հանձնաժողովը, Կենտրոնական բանկը, Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմիններ).

5) օրենքով ստեղծված ինքնավար մարմինները (այսուհետ` ինքնավար մարմիններ).

6) միջհամայնքային միավորման խորհուրդը.

7) համայնքի ավագանին.

8) համայնքի ղեկավարը:

Հիմք ընդունելով օրենսդրական գործընթացի բարեփոխման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2014 թվականի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանում» զեկույցում ներկայացված հիմնարար երեք ուղղություններից մեկը, օրենսդրական պլանավորման գործընթացի հիմնադրույթները եւ դրա սահմանման անհրաժեշտությունը` նախագծով սահմանվել է նորմատիվ իրավական ակտերի մշակման պլանավորման իրականացման ընթացակարգը: Նշված ընթացակարգի մշակման համար ուսումնասիրվել է մի շարք երկրների, մասնավորապես` Մոլդովայի, Էստոնիայի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Սլովակիայի, Չեխիայի փորձը, նշված ոլորտում ընդունված մի շարք ուղեցույցները եւ  ընտրվել է սահմանադրական նորմերին եւ ՀՀ գործող իրավական համակարգին համահունչ իրավակարգավորում: Այսպես, նորմատիվ իրավական ակտերի մշակման պլանավորումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով կազմված եւ հաստատված ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի միջոցով, որոնք կազմելիս հաշվի են առնվում մշտադիտարկման արդյունքները: Ընդ որում, ծրագրերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից եւ հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Միեւնույն ժամանակ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով սահմանվել է, որ հանրությանն իրազեկելու եւ առաջարկություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կազմած ծրագիրը հաստատելուց առնվազն տասնհինգ օր առաջ այն հրապարակում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական ինտերնետային կայքում:

Հարկ է ընդգծել, որ նախագծում սահմանվել է նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման նոր իրավակարգավորումներ ներքոհիշյալի համատեքստում: Այսպես, սահմանվել է այնպիսի ընթացակարգ, որի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակողը, որպես նախնական կարգավորման ազդեցության գնահատման դրսեւորում, կից բացատրագրում ներառի այնպիսի տեղեկություններ, որոնք հիմք կհանդիսանան իրավասու պետական կառավարման մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից սահմանված բնագավառներում կատարելու ազդեցության գնահատում:

Հարկ է նշել, որ հաշվի առնելով նախագծով նախատեսվող կարգավորման ազդեցության գնահատման համար նախատեսվող աշխատանքների ծավալը եւ բարդությունը նախագծով ինկորպորացվել է գործող կարգավորումը, համաձայն որի` կարգավորման ազդեցության գնահատումը իրականացվում է օրենքների համար եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ: Նման կարգավորումը հնարավորություն կտա նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումը սահմանված բնագավառներում կատարել ըստ անհրաժեշտության:

Հաջորդ նոր իրավակարգավորումը վերաբերում է նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության իրականացմանը: Բոլոր նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ենթակա են պարտադիր փորձաքննության, սակայն փորձաքննության հետեւանքները ակտերի համար տարբեր են: ?Իրավական ակտերի մասին? ՀՀ գործող օրենքում գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը, որոնց շրջանակը սահմանված է նույն օրենքում, կարող են հրապարակվել եւ ուժի մեջ մտնել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց եւ պետական գրանցում ստանալուց հետո: Գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր են նաեւ Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները: Գործող կարգի համաձայն` ստացվում էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը կարող է չգրանցել վերոնշյալ մարմինների նորմատիվ իրավական ակտերը, ինչի արդյունքում դրանք չեն հրապարակվի եւ ուժի մեջ չեն մտնի: Նոր Սահմանադրության լույսի ներքո հիշյալ մարմինները անկախ մարմիններ են եւ տրամաբանական չէր լինի, եթե գործող կարգը պահպանվեր:

Այսպիսով` նախագծում արտացոլված կարգավորումը միտված է ապահովելու Սահմանադրությամբ սահմանված մարմինների եւ ինքնավար մարմինների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը:

Արդարադատության նախարարության կողմից նորմատիվ իրավական ակտերի պետական գրանցման գործառույթը նախագծում չի պահպանվել:

Ինչպես նաեւ, գործող օրենքի կարգավորմանը համաձայն` նշված իրավական ակտերի ընդունված տարբերակներն են ուղարկվում ՀՀ արդարադատության նախարարություն փորձաքննություն իրականացնելու նպատակով: Մինչդեռ, նշված կարգավորումը արդարացված չէ տարբերակել այլ նորմատիվ իրավական ակտերի, օրինակ` օրենքների, համար նախատեսված կարգավորումներից, որոնց դեպքում փորձաքննության է ուղարկվում նախագիծը: Ցանկացած իրավական ակտ, այդ թվում` գերատեսչական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը, պետք է ենթարկվի փորձաքննության նախագծային փուլում` իրավաստեղծ մարմնին ընձեռնելով հնարավորություն հենց նախագծային փուլում կատարել համապատասխան փոփոխությունները եւ շտկումները, որոնք թելադրված էին փորձաքննության արդյունքներով:

Նախագծով սահմանվել է, որ պարտադիր փորձաքննության են ենթակա նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած անհատական եւ ներքին իրավական ակտերի նախագծերը:

Առավել ընդգծելի է այն, որ նախագծում տրված իրավակարգավորումների արդյունքում կբարձրանա հանրապետությունում մշակվող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը: Մասնավորապես, հանրային քննարկման իրավակարգավորումը ամբողջովին սահմանվել է օրենսդրական գործընթացի բարեփոխման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2014 թվականի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանում» զեկույցում արտահայտված դիտարկումների հիման վրա` որպես հայեցակարգային փոփոխության երկրորդ ուղղություն: Այս փուլի ընթացքում վեր են հանվում հանրությանը հուզող հարցերը եւ հնարավորություն են տալիս նախագիծը մշակող մարմնին հաշվի առնել գործնական խնդիրները` հետագայում պրակտիկայում առաջացող խնդիրներից խուսափելու համար:  Նախագծով սահմանվել է, որ բոլոր օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են պարտադիր հանրային քննարկման: Միաժամանակ, այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ: Պարտադիր հանրային քննարկման ենթակա` հանրային քննարկում չանցած նախագծերը նորմատիվ իրավական ակտը ընդունելու իրավասություն ունեցող մարմնի կողմից վերադարձվում են այն ներկայացնող մարմնին: Այսպիսի իրավակարգավորումը կապահովի հասարակության ներգրավվածությունը, իրազեկվածությունը, բաց դաշտ կստեղծի հանրության առաջարկությունների եւ դիտարկումների ստացման համար եւ առավել թափանցիկ կդարձնի նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացը: Նախագծի նորամուծություններից է նաեւ այն, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, դրանց բացատրագրերը եւ կարգավորման ազդեցության եզրակացությունը հանրային քննարկման պետք է դրվեն նորմատիվ իրավական ակտերի միասնական կենտրոնացված ինտերնետային կայքում հրապարակվելու միջոցով:

Հանրային քննարկումներին լայն ներգրավվածությունն ապահովելու համար արդեն իսկ գործարկվել է e-draft.am կայքը, որը արդյունավետ ապահովում է հանրային քննարկումների կազմակերպման գործընթացը: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է այս համակարգի զարգացմանն ուղղված եւս մեկ կարգավորում, համաձայն որի` հանրային քննարկման արդյունքները պետք է պարտադիր ներառվեն նախագծի հետ ներկայացվող ամփոփաթերթում: Նշված դրույթը կապահովի հանրային քննարկումների թափանցիկությունը եւ կպարտադրի ակտն մշակող մարմնին անպատասխան չթողնել հանրային քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկությունները:

Ժամանակակից իրավահարաբերությունները պահանջում են արդիական մոտեցումներ իրավական ակտերի կիրառելիությունը եւ հասանելիությունը ապահովելու համար: Հիմք ընդունելով վերոգրյալ պահանջը` նախագծով նախատեսվել է, որ 2019 թվականի հունվարի 1-ից ընդունված նորմատիվ իրավական ակտերը պարտադիր կերպով հրապարակվելու են իրավական ակտերի հրապարակման պաշտոնական ինտերնետային կայքէջում:

Նախագծի մեկ այլ համակարգային փոփոխություն է նորմատիվ իրավական ակտերի գրանցման ինստիտուտի վերանայումը: Անցում կատարելով նորմատիվ իրավական ակտերի հրապարակման բացառապես էլեկտրոնային եղանակին` դրանց գրանցման անհրաժեշտությունը վերանում է: Իրավաստեղծ մարմինը ուղարկելով նորմատիվ իրավական ակտը էլեկտրոնային հրապարակման այդպիսով ինքնաշխատ կերպով նաեւ գրանցում է ակտը այդ համակարգում:

Օրենսդրական գործընթացի բարեփոխման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2014 թվականի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանում» զեկույցում արտահայտված հաջորդ հիմնարար ուղղությունը` նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման իրականացման գործընթացի կարգավորումն է: Հիմք ընդունելով զեկույցում արտահայտված դիրքորոշումները, ինչպես նաեւ ուսումնասիրված միջազգային փորձը` նախագծում սահմանվել է իրավական մշտադիտարկման իրականացման կարգը, այն իրականացնող մարմինները, արդյունքների արտացոլման ձեւաչափերը: Միեւնույն ժամանակ` սահմանվել է, որ իրավական մշտադիտարկման ենթարկվում են նորմատիվ իրավական ակտերը, իսկ իրավական մշտադիտարկման չեն ենթարկվում` Սահմանադրությունը, դրանում կատարվող փոփոխությունները:

Նախագծով տրված նոր իրավակարգավորումներից են նաեւ օրենքի եւ իրավունքի անալոգիայի հասկացությունների սահմանումը եւ դրանց կիրառման շրջանակը: Մասնավորապես, նախագծով տրվել է օրենքի եւ իրավունքի անալոգիայի հասկացությունը հետեւյալ կարգավորումներով: Այսպես, եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա): Օրենսդրության մեջ կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմի բացակայության եւ օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են տվյալ իրավահարաբերության էությանը համապատասխան իրավունքի ընդհանուր սկզբունքները կամ իրավունքի տվյալ ճյուղի սկզբունքները (իրավունքի անալոգիա): Բացի այդ, օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները եւ կարգը:
Նախագծում նախատեսվել են իրավական ակտերի մեկնաբանման եւ պարզաբանման ինստիտուտների վերաբերյալ դրույթներ: Միաժամանակ մեկնաբանման կանոնները բավականին ընդլայնվել են` հաշվի առնելով մեկնաբանման տեսական մոտեցումները եւ իրավակիրառ պրակտիկան:

Նախագծով լրամշակվել են նաեւ գործող օրենսդրական տեխնիկայի դրույթները` առկա բացերն ու թերի կարգավորումները վերացնելու նպատակով, տրվել է նորմատիվ իրավական ակտերի համակարգի եւ աստիճանակարգության նոր կարգավորումներ, աստիճանակարգության համատեքստում հակասությունների լուծման նոր կանոններ: Հարկ է ընդգծել, որ օրենքի նախագծով սահմանվել է նաեւ իրավական կոլիզիաների լուծման կառուցակարգերը:

Յուրաքանչյուր երկրում իրավական պետության կայացման համար էական նշանակություն ունի արդյունավետ իրավական կարգավորման համակարգի առկայությունը: Այդ պատճառով իրավական ակտերի մշակման տեխնիկական, այդ թվում` իրավական ակտի լեզուն, որոշիչ նշանակություն ունեն:

Կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ օրենսդրական ակտերի միջեւ կոլիզիաների դեպքում ճիշտ լուծում տալը: Այս տեսանկյունից էլ օրենքի նախագծով սահմանվել է իրավական կոլիզիաների լուծման նոր ընդհանուր կառուցակարգեր: Իհարկե կոլիզիաների առկայությունը ոչ ցանկալի երեւույթ է, սակայն միեւնույն ժամանակ նաեւ բնական եւ օբյեկտիվ է: Այդ իսկ պատճառով նոր օրենքի նախագծով սահմանվել է այդ իրավիճակների լուծման հակիրճ եւ հստակ կարգավորումը:

Առաջարկվում է սահմանել առանձին հոդված իրավական կոլիզիաների լուծման կանոնների վերաբերյալ, ըստ որի այն դեպքերում, երբ հակասում են երկու օրենսդրական ակտերի նորմեր, գործում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմը: Երբ առկա են կոլիզիաներ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի միջեւ, ապա կգործի այն մարմնի ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը, որին նման ակտ ընդունելու լիազորությունը տրված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենսդրական ակտով:

Հնարավոր են դեպքեր, սակայն, որ վերոնշյալ կանոնները չգործեն, այս դեպքում նախագծով սահմանվել է, որ եթե միեւնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերի` միեւնույն իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված  ընդհանուր նորմի  եւ հատուկ նորմի միջեւ կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը: Իսկ այս կանոնի չգործելու դեպքում կիրառելի է մեկ այլ կանոն, համաձայն որի` միեւնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի միջեւ կոլիզիաների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:

Նախագծի համաձայն` նույն նորմատիվ իրավական ակտի տարբեր նորմերի միջեւ կոլիզիաների դեպքում գործում են այն նորմերը, որոնք բխում են տվյալ նորմատիվ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավունքի սկզբունքներից:

Այն դեպքում, երբ  նորմատիվ իրավական ակտում սահմանվում են ընդհանուր եւ հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջեւ կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած եւ հանրաքվեով ընդունված օրենքների միջեւ կոլիզիայի դեպքում գործում են հանրաքվեով ընդունված օրենքի նորմերը:

Սահմանելով որոշակի կանոններ, այդուհանդերձ նախագծով սահմանվել է, որ այն դեպքում երբ սահմանված կանոնների կիրառելի չեն, ապա հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջեւ կոլիզիաների դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը:

Նախագծով պարզեցվել են եւ համապատասխանեցվել են օրենքում օգտագործվող հասկացությունները` իրավակիրառողի համար դրանց օգտագործումը դյուրացնելու նպատակով: Նախագծով հանվել են այն հասկացությունները եւ սահմանումները, որոնք պետք է տեղ գտնեն տեսական գրականության մեջ:

Նոր Սահմանադրությամբ նախատեսվել էր անհետաձգելի համարվող օրենքների նախագծեր ընդունելու հնարավորություն: Նախագծով նախատեսվել է նաեւ համանման կարգավորում ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար` միաժամանակ սահմանելով նշված ակտերի ընդունման ընթացակարգի առանձնահատկությունները:

Գործող օրենքի համաձայն` օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին: Մինչդեռ օրենսգիրքը ընդամենը իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող նորմերը համակարգված ձեւով շարադրված օրենքն է: Այս հիմքով, նախագծում օրենսգրքին տրվել է օրենքին հավասար ուժ:

Նախագծի հիմնավորումը փոխարինվել է ավելի լայն հասկացությամբ` բացատրագրով: Բացատրագրի կառուցվածքը ավելի լայն է եւ ընդգրուն, քան հիմնավորմանը: Բացատրագիրը ներառում է`

ա. կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ` հարցի) սահմանումը, ինչպես նաեւ թիրախային խմբի վերաբերյալ տեղեկություններ,

բ. առկա իրավիճակը,

գ. կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

դ. հարցի կարգավորման հնարավոր տարբերակները.

ե. հարցի կարգավորման հնարավոր տարբերակների առաջացող ծախսերի եւ օգուտների առաջացման հնարավորության վերաբերյալ նշում.

զ. հարցի կարգավորման հնարավոր տարբերակների համեմատություն.

է. հարցի կարգավորման նախընտրելի տարբերակի առաջադրում.

ը. հարցի կարգավորման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման անհրաժեշտությունը, իսկ սույն օրենքով սահմանված դեպքում նաեւ` ցանկը.

թ. նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակման նախաձեռնողների, հեղինակների, ինչպես նաեւ մշակմանը մասնակցող անձանց վերաբերյալ տեղեկություններ,

ժ. տեղեկություն` այն աղբյուրների վերաբերյալ, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս:

Միաժամանակ,  բացատրագիրը որոշ դեպքերում կարող է ներառել ավելի հակիրճ տեղեկատվություն կամ ընդհանրապես չներկայացվել` կախված նախագծի հրատապությունից կամ կարգավորման առարկայից: Այսպես, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի եւ անհետաձգելի համարվող օրենքի դեպքում բացատրագրով ներկայացվում է ավելի հակիրճ տեղեկատվություն: Մինչդեռ, բացատրագիր չի ներկայացվում ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի եւ  ռազմական կամ արտակարգ դրության հայտարարելու մասին որոշումների դեպքում:

Իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետների համար մշակվել է հստակ ընթացակարգ: Որպես հիմնական կանոն սահմանվել է, որ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում: Միաժամանակ, նորմատիվ իրավական ակտն մշակող մարմի վրա դրվել է պարտականություն սահմանել ավելի ուշ ժամկետ, եթե ընդունվող նորմատիվ իրավական ակտով նախատեսվել են ծավալուն փոփոխություններ, որոնց համար անձից պահանջվելու է որոշակի ժամանակահատված այդ ակտի կիրարկումն ապահովելու համար կամ այդ ակտով նախատեսվել են անձի իրավական վիճակը վատթարացնող նորմներ:

Հարկ է նշել, որ ուժի մեջ մտնելու ժամկետների առնչությամբ սկզբունքային է համարվել այն կարգավորումը համաձայն որի` նորմատիվ իրավական ակտը չի կարող ուժի մեջ մտնել ավելի շուտ, քան դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: Այս կանոնից բացառություն է սահմանվել այն դեպքը, երբ օրենքով հստակ կսահմանվի, որ ակտը կարող է ուժի մեջ մտնել հրապարակման պահից:

Անհատական իրավական ակտերի համար սահմանվել է հետեւյալ կարգավորումը` անհատական իրավական ակտը ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը: Այս դրույթը հնարավություն է ընձեռնում հետագայում կիրառել նաեւ էլեկտրոնային ծանուցումների եղանակը:

Նախագծով սահմանվել են նաեւ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման եւ գործողության դադարեցման նոր իրավական լուծումներ եւս:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:
 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

««Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ներկայացված տարբերակով ընդունման դեպքում շրջակա միջավայրի վրա կառաջանան բացասական հետեւանքներ, քանի որ նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման պարտադիր բնագավառների շարքում ներառված չէ բնապահպանության բնագավառը:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է եւ  ներկայացված տարբերակով ընդունման դեպքում այն չի հակասի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին, եթե հաշվի առնվեն ՀՀ բնապահպանության նախարարության  առաջարկները:
 
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսված փոփոխությունները  պայմանավորված են 2015 թվականին իրականացված Սահմանադրական փոփոխություններով, մասնավորապես` նախագծով օրենքի կարգավորման շրջանակը սահմանափակվել է միայն նորմատիվ իրավական ակտերի համակարգի եւ աստիճանակարգության, դրանց պլանավորման, մշակման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, նորմատիվ իրավական ակտերի ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման եւ գործողության դադարեցման, հանրային քննարկումների անցկացման, իրավական մշտադիտարկման, պարզաբանման հետ կապված հարաբերությունների կարգավորմամբ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)`  գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:       Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով կարգավորվում են նորմատիվ իրավական ակտերի պլանավորման, մշակման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման եւ գործողության դադարեցման, հանրային քննարկումների անցկացման, իրավական մշտադիտարկման եւ պարզաբանման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են  օրենսդրական տեխնիկայի կանոնները: Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ` ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հանել հաշվառված նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար պետական տուրք վճարելու` գործող օրենսդրությամբ սահմանված դրույթը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Միեւնույն ժամանակ նախագծով սահմանվում են ընթացակարգային մի շարք դրույթներ, որի դեպքում Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական եւ ՀՀ համայնքների բյուջեներից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության, իսկ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հնարապետության  օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`
 
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
 
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
              պարոն   ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի  նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1202-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 
Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ