Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ոստիկանությունը պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ օրինական շահերը` անկախ նրա սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:
Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու արժանապատվությունը, կյանքի, պատվի ու բարի համբավի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքը, ինչպես նաեւ մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ սահմաններում:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.2-րդ կետով`
«6.2) կենսաբանական ծագում ունեցող հանցագործության հետքերով ծանր եւ առանձնապես ծանր, ինչպես նաեւ սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված եւ նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ:
Հաշվառման ենթակա են հանցագործության դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձանց եւ մեղադրյալից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերցված նմուշներից դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:
Փորձագիտական հիմնարկները, դատագենետիկական փորձաքննությունը ավարտելուց հետո, 5-օրյա ժամկետում պարտավոր են էլեկտրոնային եղանակով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոստիկանությանը տրամադրել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:
ԴՆԹ բնութագրերը պահվում են 80 տարի ժամկետով, բացառությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշում կայացվելու կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքերի, որոնց պարագայում ԴՆԹ բնութագիրը ենթակա է ոչնչացման` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից այդ մասին տեղեկատվությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում: Եթե դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձի ԴՆԹ բնութագիրը նույնացվում է քրեական գործի քննությամբ հետագայում պարզված եւ հանցագործության մեջ չմեղադրվող անձի հետ, ապա այդ մասին ոստիկանությունում տեղեկատվություն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տվյալ ԴՆԹ բնութագիրը ոչնչացվում է:
ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման եւ հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ չունեցող էլեկտրոնային համակարգերի միջոցով ԴՆԹ բնութագրերի հաշվառումն արգելվում է:
ԴՆԹ բնութագրերը չեն կարող օգտագործվել սույն կետով չնախատեսված նպատակներով:
Սույն մասի պահանջների նկատմամբ հսկողությունն իրականցնում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: