Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք)`
1) 11.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված նաեւ այն դեպքերում, եթե նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
Սույն օրենքի, հարկային հարաբերությունները կարգավորող այլ օրենքների եւ այլ իրավական ակտերի իմաստով իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու, ինչպես նաեւ սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ, հինգերորդ կետերով, երրորդ մասի առաջին կետով, չորրորդ մասի առաջին եւ երկրորդ կետերով սահմանված դեպքերում հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ` հիմք ընդունելով երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները: Սույն հոդվածով սահմանված հիմքերով ընդունված հարկային մարմնի ղեկավարի որոշումը չեղյալ կարող է համարվել միայն դատարանի վճռով:»:
2) 22.1-րդ հոդվածում «Ավելացված արժեքի հարկ (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար) վճարողների (այսուհետ սույն հոդվածի իմաստով` հարկ վճարողներ)» բառերը փոխարինել «Հարկ վճարողների» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: