Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10431-06.12.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

1) երկրորդ մասում «հասույթը» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների կոմիսիոն հիմունքներով վաճառքի դեպքում` վաճառված ապրանքների ընդհանուր արժեքը (ներառյալ` ԱԱՀ-ն)» բառերը,

2) երրորդ մասում «Սույն հոդվածի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում`» բառերը փոխարինել «Սույն հոդվածով սահմանված ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում» բառերով,

3) երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» եւ «թ» կետերով.

«ը) այն անձանց նկատմամբ, որոնց կողմից «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով առեւտրային գործունեության (վաճառքի) նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ չի գանձվում, իրացման գործարքներից առաջացող հարկվող շրջանառությունը հաշվետու տարվա որեւէ պահին գերազանցում է 1 մլն. դրամը:

Սույն կետով նախատեսված դեպքում անձը համարվում է ԱԱՀ վճարող 1 մլն. դրամի շեմը գերազանցելու պահից մինչեւ տվյալ օրացուցային տարվա ավարտը` 1 մլն. դրամը գերազանցող մասի եւ այլ հարկվող գործարքների մասով:

Սույն կետի իմաստով առեւտրական գործունեության (վաճառքի) նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանք է դիտվում այն գույքը, որը առանց օգտագործվելու (շահագործվելու) օտարվել է:

թ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1 հոդվածով սահմանված` հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը բխում է հարկումից խուսափելու հնարավարությունների սահմանափակման քաղաքականությունից:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս գործող օրենսդրության համաձայն`

ա) թեեւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված են տնտեսավարող սուբյեկտների փոխկապակցվածության որոշ դեպքեր (որոնց պարագայում ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմը չի կիրառվում), այնուամենայնիվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կիրառական հարթության վրա տնտեսավարող սուբյեկտները, ունենալով փոխկապակցվածության այլ դրսեւորումներ (որոնք ներկայումս սահմանված չեն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով), օգտվում են ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմից,

բ) ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմի կիրառությունը կարող է տարածվել նաեւ այն կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն են ներմուծում այնպիսի ապրանքներ, որոնց համար մաքսային սահմանին ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում եւ չի գանձվում: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս կան բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ, որոնք զբաղվում են վերոնշյալ ապրանքների ներմուծմամբ` միաժամանակ օգտվելով ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմից: Այսինքն, ստացվում է, որ նշյալ տնտեսավարող սուբյեկտները ավելացված արժեքի հարկի վճարումից ազատվում են ինչպես ներմուծման ժամանակ, այնպես էլ` հետագա իրացումների փուլում` հարկվող շրջանառության 58.35 մլն. դրամի չափով: Արդյունքում, ստեղծվում են հարկումից խուսափելու իրական հնարավորություններ,

գ) ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմի չափի որոշման համար հաշվի չի առնվում ապրանքների կոմիսիոն վաճառքից ստացված հասույթը, ինչի արդյունքում նույնպես ստեղծվում են հարկումից խուսափելու իրական հնարավորություններ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը բխում է հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման քաղաքականությունից:

Նախագծով առաջարկվում է`

ա) ավելացված արժեքի հարկի շեմի կիրառության իմաստով կիրառել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-րդ հոդվածով սահմանված` փոխկապակցվածության դեպքերը, որոնք իրենց չափանիշներով ավելի խիստ են եւ հետեւաբար, դրանց կիրառությունը էլ ավելի կսահմանափակի փոխկապակցված անձանց` ավելացված արժեքի հարկի չհարկվող շեմից օգտվելու հնարավորությունները,

բ) սահմանել, որ ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմի կիրառությունը չի տարածվում այն առեւտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որոնց մոտ հաշվետու տարվա որեւէ պահին «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով առեւտրային գործունեության (վաճառքի) նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ չի գանձվում, իրացման գործարքներից առաջացող հարկվող շրջանառությունը գերազանցում է մեկ մլն. դրամը,

գ) սահմանել, որ ավելացված արժեքի հարկով չհարկվող շեմի չափի որոշման ժամանակ հաշվի է առնվում նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների կոմիսիոն վաճառքից ստացված հասույթը,

դ) որպես փոխկապակցված անձինք դիտարկել ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործունեություն իրականացնող իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձանց,

ե) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1-րդ հոդվածով սահմանված` չափագրման արդյունքներն օգտագործելու վերաբերյալ դրույթները տարածել ոչ միայն ավելացված արժեքի հարկ վճարող համարվող հարկ վճարողների (կամ դրան փոխարինող հաստատագրված վճար վճարողների) վրա այլ բոլոր հարկ վճարողների վրա ընդհանրապես:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծերի փաթեթի կարգավորման նպատակը հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակումն է: Նախագծերի ընդունումը հնարավորություն կընձեռի հասնելու դրա կարգավորման նպատակին, քանի որ նախագծերով նախատեսվում է կիրառել հարկումից խուսափելու դեմ պայքարի նոր գործիքներ` դրանով իսկ սահմանափակելով հարկումից խուսափելու հնարավորությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: Նախագծի մշակմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան մասնագետները:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կսահմանափակվեն հարկումից խուսափելու հնարավորությունները: