Armenian ARMSCII Armenian
Կ-10431-06.12.2010-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 3-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերությունը «հասույթը» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների կոմիսիոն հիմունքներով վաճառքի դեպքում` վաճառված ապրանքների ընդհանուր արժեքը (ներառյալ  ԱԱՀ-ն)» բառերով.

2) երրորդ պարբերության «Սույն հոդվածի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում`» բառերը փոխարինել «Սույն հոդվածով սահմանված ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում`» բառերով.

3) երրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» եւ «թ» կետերով.

«ը) այն անձանց նկատմամբ, որոնց «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով առեւտրային գործունեության (վաճառքի) նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծած` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների (որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ չի գանձվում) իրացման գործարքներից առաջացող հարկվող շրջանառությունը հաշվետու տարվա որեւէ պահին գերազանցում է 1 մլն դրամը:

Սույն կետով նախատեսված դեպքում անձը համարվում է ԱԱՀ վճարող 1 մլն դրամի շեմը գերազանցելու պահից մինչեւ տվյալ օրացուցային տարվա ավարտը` 1 մլն դրամը գերազանցող մասի եւ այլ հարկվող գործարքների մասով:

Սույն կետի իմաստով առեւտրական գործունեության (վաճառքի) նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանք է դիտվում այն գույքը, որն առանց օգտագործվելու (շահագործվելու) օտարվել է.

թ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1 հոդվածով սահմանված` հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: