Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-10451-07.12.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27-ը դեկտեմբերի 1997 թվական, ՀՕ-183) 7-րդ հոդվածի «ա» կետի վերջում «նպաստների» բառից հետո ավելացնել «(որոնց մեջ չեն ներառվում հղիության եւ ծննդաբերության նպաստները)» արտահայտությունը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման հիմքը նախեւառաջ սոցիալական արդարության վերականգնման նպատակն է: Մեր պետության առաջնային խնդիրներից մեկը ծնելիության բարձրացմանը նպաստելն է, սակայն այս Օրենքի արդյունքում տեղի է ունենում ճիշտ հակառակը:

Նախագծով առաջարկվում է գոնե վերականգնել նախկին դրությունը` հղիության եւ ծննդաբերության նպաստը սահմանել միջին աշխատավարձի չափով (ոչ թե ավելացնել նպաստների չափը):

Օրենքի 27-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության նպատակն է նպաստները կամավոր վերադարձնելու պատրաստակամություն ունեցող անձին ազատել հարկադիր կատարման ծախսերից եւ ավելորդ չծանրաբեռնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը:

Հիմնավորված չէ Օրենքում ամրագրված այն մոտեցումը, ըստ որի` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձի հիման վրա` ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով բազմապատկելով, իսկ վարձու աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի հիման վրա: Առաջարկվում է նպաստի հաշվարկման միասնական կարգ սահմանել:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխության նպատակը հղիության եւ ծննդաբերության նպաստները չհարկելն է` հաշվի առնելով դրանց խիստ նպատակային նշանակությունը եւ երկրում առկա` հետզհետե ավելացող գնաճը:

Ուսումնասիրվել է մի շարք երկրների, այդ թվում Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի Դաշնության, համապատասխան օրենսդրությունը, որոնցում նույնպես ամրագրված են նմանաբովանդակ դրույթներ:

 Օրենքում առկա հիշյալ դրույթներով  խախտվում է նաեւ Հյաստանի մասնակցությամբ գործող Եվրոպական սոցիալական խարտիայի նույնիսկ նախաբանում ամրագրված նպատակը, ոտնահարվում է աշխատող կանանց` մայրության դեպքում հատուկ պաշտպանվածության իրավունքը (Խարտիայի 1-ին մասի 8-րդ կետ, 2-րդ մասի 8-րդ հոդված):  Նշենք, որ Խարտիան հիշյալ նորմերից որեւէ բացառություն չի նախատեսում:

Բացի վերը նշվածը, Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկում /ՀՀ Նախագահի 2009թ. մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրության հավելված/ հստակ ամրագրված է. «իրականացնել Եվրոպական սոցիալական խարտիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Եվրոպական կառույցների հետ համագործակցության զարգացում, Եվրոպական սոցիալական խարտիայի չափանիշներին համապատասխան բարեփոխումների ծրագրի մշակում եւ իրականացում»:

Սույն նախագծով ապահովվում է վորոնշյալ միջազգային պարտավորությունների կատարումը` մեր քաղաքացիների եւ միջազգային հանրության առջեւ: