Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10181-07.12.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բնօգտագործման վճար`պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաեւ բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման եւ (կամ) իրացման համար սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճարն է:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) «բ» կետը «պինդ օգտակար հանածոների» բառերից հետո լրացնել «,բացառությամբ մետաղական օգտակար հանածոների,» բառերով,

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) ռոյալթին` արդյունահանված մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում.

1) 3-րդ կետից հանել առաջին եւ երրորդ պարբերությունները,

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-ից 9-րդ կետերով.

«7. Ոչ մետաղական պինդ oգտակար հանածոների (բացառությամբ աղի) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում հանածոյի մարված պաշարների ծավալների, այդ ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի դրույքաչափի (սույն կետում այսուհետ` դրույքաչափ) հիման վրա, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) եւ դրույքաչափի արտադրյալը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի հաստատագրված դրույքաչափը (սույն կետում այսուհետ` հաստատագրված դրույքաչափ):

Ոչ մետաղական պինդ oգտակար հանածոների (բացառությամբ աղի) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հաստատագրված դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանում oգտակար հանածոների մարված պաշարների ծավալներով բազմապատկելով`

ա) եթե հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) եւ դրույքաչափի արտադրյալը չի գերազանցում հաստատագրված դրույքաչափը,

բ) եթե հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել,

գ) եթե իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար,

դ) բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների եւ վճարողների կողմից հարկային եւ լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ:

Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից oգտակար հանածոների առանձին տեuակների սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ: Եթե հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների համար սահմանված օգտակար ելքի չափերի, ապա դրանք կիրառվում են ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած եւ հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի ելքի առանձին ցուցանիշների: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի բացակայության դեպքում հաստատագրված դրույքաչափը կիրառվում է պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով ելքի առանձին ցուցանիշների բացակայության դեպքում նախագծի ելքի ցուցանիշներին համապատասխան հաստատված հաստատագրված դրույքաչափը կիրառվում է պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների ծավալի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարի համար սահմանված վճարի դրույքաչափի եւ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ քարի միջազգային շուկայական միջին գնի հիման վրա` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը: Արտարժույթով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկելիս որպես փոխարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը:

9. Uույն oրենքի իմաստով oգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ oգտակար հանածոյի արդյունահանված եւ արդյունահանման ընթացքում ընդերքում կորuված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուuափելի կորուuտների:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր`2.1-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 2.1

ՌՈՅԱԼԹԻՆԵՐ

Հոդված 13.1. Ռոյալթիի հասկացությունը

Ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաեւ մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:

Հոդված 13.2. Ռոյալթի վճարողները

Ռոյալթի վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն ունեցող եւ (կամ) Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող Հայաuտանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք:

Հոդված 13.3. Ռոյալթիի հաշվարկման բազա

1. Ռոյալթիի հաշվարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված հանքաքարի, մետաղի (մետաղի օքսիդի) խտանյութի, ձուլվածքի կամ վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` արտադրանք) իրացումից հասույթը` առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ` իրացումից հասույթ):

2. Սույն հոդվածին համապատասխան իրացումից հասույթի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13.4. Ռոյալթիի դրույքաչափերը եւ դրանց սահմանման կարգը

1. Ռոյալթիի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) միասնական դրույքաչափ, եթե ռոյալթի վճարողի շահութաբերության նորման չի գերազանցում 25 տոկոսը:

2. Ռոյալթի վճարողի շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցելու դեպքում, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով որոշված դրույքաչափից բացի, 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր 0.8 տոկոսային կետի համար ռոյալթիի դրույքաչափը սահմանվում է ռոյալթիի հաշվարկման բազայի 0.1 տոկոսի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ոչ ամբողջական 0.8 տոկոսային կետի համար ռոյալթիի դրույքաչափը կիրառվում է 0.8 տոկոսային կետում դրա տեսակարար կշռին համամասնորեն:

4. Սույն հոդվածով սահմանված շահութաբերության նորման որոշվում է որպես ռոյալթիի հաշվարկման բազայի եւ <Շահութահարկի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված նվազեցումների) տարբերության հարաբերություն ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ:

5. Ռոյալթիի հաշվարկման նպատակով շահութաբերության նորմայի հաշվարկման համար <Շահութահարկի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումներից հաշվի չեն առնվում ռոյալթի վճարողի`

1) հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների մաշվածությունը,

2) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը,

3) նախորդ տարիների հարկային վնասները,

4) ծախս կամ կորուստ չհանդիսացող այլ նվազեցումները:

Հոդված 13.5. Ռոյալթիի հաշվարկման կարգը

Ռոյալթին հաշվարկվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, ելնելով ռոյալթիի հաշվարկման բազայից եւ սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերից:

Հոդված 13.6. Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը

Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը եւ յուրաքանչյուր տարին:

Հոդված 13.7. Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունները

1. Ռոյալթի վճարողները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար, մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամuվա 20-ը ներառյալ, լիազոր մարմնի սահմանած ձեւով ռոյալթիների հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին, որում արտացոլվում են սույն օրենքի 13.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկվող ռոյալթին: Գործունեություն չիրականացնելու, ինչպեu նաեւ ռոյալթիի հաշվարկման օբյեկտի բացակայության դեպքում վճարողը կարող է ներկայացնել գրավոր հայտարարություն, որը համարվում է հարկային մարմին ներկայացվող հաշվարկների ամփոփ ձեւ:

2. Հաշվետու տարվա ավարտից հետո մինչեւ մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ ներկայացվում է ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվություն, որում արտացոլվում է նաեւ սույն օրենքի 13.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկվող ռոյալթին:

3. Յուրաքանչյուր տարվա երրորդ եռամսյակի համար ներկայացվող հաշվարկ- հաշվետվությունում, ներառվում են նաեւ ընթացիկ տարվա չորրոդ եռամսյակի եւ հաջորդ տարվա (ըստ եռամսյակների) գործունեության տարեկան ծրագրի վերաբերյալ լիազոր մարմնի սահմանած ձեւով պահանջվող տեղեկություններ:

4. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում վճարողների կողմից uխալներն ինքնուրույն հայտնաբերվելու դեպքում վճարողները կարող են հարկային մարմին ներկայացնել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա հարկային մարմինը կատարում է այդ ժամանակաշրջանների համար ռոյալթիների պարտավորությունների վերահաշվարկ:

5. Հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող uտուգումների ընթացքում կամ uտուգումների ավարտից հետո վճարողների կողմից հարկային մարմինների կողմից uտուգվող կամ արդեն uտուգված ժամանակաշրջաններին վերաբերող ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ չեն ներկայացվում:

6. Արտադրանքի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի հաշվարկման օբյեկտի եւ ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են եւ դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվություններում):

Հոդված 13.9. Ռոյալթիի վճարման կարգը

1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիները Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամuվա 20-ը ներառյալ:

2. Եթե նախորդ օրացուցային տարվա ընթացքում ռոյալթի վճարողի սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված շահութաբերության նորման գերազանցել է 25 տոկոսը, ապա ռոյալթի վճարողը յուրաքանչյուր եռամսյակի ռոյալթիի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետում կատարում է նաեւ ռոյալթիի կանխավճար` տվյալ եռամսյակում հաշվարկված ռոյալթիի կրկնակի չափով:

3.Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի եւ տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարի դրական տարբերությունը վճարվում է պետական բյուջե մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը:

4. Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարի նկատմամբ տարվա ընթացքում ավել վճարված ռոյալթիի կանխավճարի գումարը (ավել մասը) հաշվանցվում կամ վերադարձվում է սույն օրենքի 13,9-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Uույն oրենքով uահմանված կարգով հաշվարկված ռոյալթիների գումարներից ավել վճարված գումարները, այդ թվում տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարի` ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվությունում արտացոլված ռոյալթիի պարտավորության գերազանցող մասը, վճարողի դիմումի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի uահմանած կարգով վերադարձվում է դիմումն uտանալու oրվանից հետո` 30-oրյա ժամկետում:

Հոդված 13.8. Ռոյալթիի հաշվարկման եւ վճարման նկատմամբ վերահսկողությունը

Ռոյալթիների հաշվարկման եւ վճարման նկատմամբ հսկողությոնն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:>:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում`

1)  2-րդ կետի երկրորդ պարբերությունը <9-րդ կետում> բառերը փոխարինել <9-րդ եւ 10-րդ կետերում> բառերով,

2) 3-րդ կետում <Վճարումներն> բառից հետո լրացնել <(այդ թվում ռոյալթիների կանխավճարների կատարումը)> բառերով

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 10-րդ կետով.

<10. Եթե ռոյալթի վճարողների կողմից ներկայացված` գործունեության տարեկան ծրագրի վերաբերյալ տեղեկությունները (այդ թվում` փոխկապակցված անձանց հետ կատարված գործարքների գները) կամ լիազոր մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքներով արձանագրված տվյալները 20 տոկոս եւ ավելի չափով շեղվում են նույն ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ–հաշվետվություններում արտացոլված համապատասխան տվյալներից, ապա հարկային մարմինն իրավունք ունի ռոյալթիի հաշվարկման բազան որոշելու նպատակով վճարողից պահանջել ներկայացնելու համապատասխան հիմնավորումներ (այդ թվում` անկախ փորձագետների ներգրավման եղանակով) եւ բանակցել հաշվարկման բազայի վերանայման համար:

Եթե բանակցությունների արդյունքում գրավոր համաձայնություն ձեռք չի բերվում, ապա հարկային մարմինն օգտվում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված իր իրավունքից:

Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված իր իրավունքից օգտվելիս հարկային մարմինը իրացումից հասույթը կարող է որոշել մատակարարված արտադրանքում յուրաքանչյուր մետաղի կամ մետաղի օքսիդի (այսուհետ` մետաղ) ֆիզիկական ծավալի համար պայմանագրի հիման վրա որոշված մետաղի հաշվարկային արժեքների հանրագումարով` առանց ավելացված արժեքի հարկի:>:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համապատասխան ռոյալթի վճարող հանդիսացողները 2011 թվականի ընթացքում սույն օրենքով սահմանված ռոյալթիի եռամսյակային կանխավճարները կատարում են 2010 թվականի ընթացքում հաշվարկված ռոյալթիների մեկ քառորդի չափով:

2012 թվականի եւ հետագա տարիների համար ռոյալթիի եռամսյակային կանխավճարները կատարվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակն է մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար ռոյալթիի որպես բնօգտագործման վճարի սահմանումը, ինչպես նաեւ մետաղական օգտակար հանածոների համար ներկայումս ՀՀ  օրենսդրությամբ ռոյալթիների հաշվարկման գործող դրույթների հստակեցումը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Հանքարդյունահանողները ներկայումս մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար վճարում են բնօգտագործման վճարներ (համաձայն` ,Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի), ինչպես նաեւ կոնցեսիոն վճար եւ ռոյալթի (համաձայն ,Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի): Հանքարդյունահանման լիցենզառուն եւ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն շահութաբերության նորման 25%-ը գերազանցելու դեպքում հաշվարկում եւ վճարում են  ռոյալթի տվյալ ժամանակահատվածում իրացված oգտակար հանածոյի համախառն հաշվարկային արժեքի 0.1%-ի չափով` շահութաբերության նորման 25%-ը գերազանցող յուրաքանչյուր 0.8%-ի համար:

Սակայն, ռոյալթիների հաշվարկման սխեմայում հստակ սահմանված չեն շահութաբերության նորմայի հաշվարկման համար օրենքով սահմանված դրույթները: Մասնավորապես, ռոյալթիի հաշվարկման համար պետք է հիմք ընդունվի հանքաքարի, թե դրա մշակման հետագա փուլում ստացված խտանյութի իրացման արժեքը, որ ծախսերն են համարվում կապիտալ եւ համապատասխանաբար չեն նվազեցվում որպես շահագործման ծախսեր, արդյոք չպետք է ռոյալթիի հաշվարկման համար դիտարկել օրենքով սահմանված մատակարարում գործարանի պահեստից պայմանը, որի դեպքում բոլոր ծախսերը բաժին են ընկնում գնորդին եւ մատակարարի փաստացի կատարած ծախսերը ռոյալթիի հաշվարկման իմաստով չպետք է ներառվեն հաշվարկային արժեքում եւ շահագործման ծախսերում եւ այլն: Արդյունքում, հանքարդյունահանողների մոտ ռոյալթիների հաշվարկման ընթացքում առաջացել են բազմաթիվ խնդիրներ:

Միաժամանակ, ,Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ,Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքը, որով նաեւ ուժը կորցրած են ճանաչվելու մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիները եւ կոնցեսիոն վճարները:

Նշվածով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ,Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Առկա խնդիրների լուծման նպատակով ներկայացված նախագծով առաջարկվում է`

- Ներկայումս մետաղական օգտակար հանածոների համար ,Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնօգտագործման վճարի եւ  ,Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարի եւ ռոյալթիի փոխարեն արդյունահանված մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար սահմանել ռոյալթի:

- Ռոյալթին հաշվարկել յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, ելնելով ռոյալթիի հաշվարկման բազայից եւ սահմանված դրույքաչափերից: Ընդ որում նախատեսվում է, որ ռոյալթիի համար ՀՀ կառավարությունը սահմանում է ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) միասնական դրույքաչափ, եթե ռոյալթի վճարողի շահութաբերության նորման չի գերազանցում 25 տոկոսը:

- Ռոյալթի վճարողի շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցելու դեպքում, սահմանված կարգով որոշված դրույքաչափից բացի, 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր 0.8 տոկոսային կետի համար ռոյալթիի դրույքաչափը սահմանել ռոյալթիի հաշվարկման բազայի 0.1 տոկոսի չափով: Շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ոչ ամբողջական 0.8 տոկոսային կետի համար ռոյալթիի դրույքաչափը կիրառել 0.8 տոկոսային կետում դրա տեսակարար կշռին համամասնորեն:

-   Ռոյալթիի հաշվարկման բազա համարել հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված հանքաքարի, մետաղի (մետաղի օքսիդի) խտանյութի, ձուլվածքի կամ վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացումից հասույթը` առանց ավելացված արժեքի հարկի:

-   ռոյալթիի հաշվարկման նպատակով շահութաբերության նորմայի հաշվարկման համար ,Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցումներից հաշվի չառնել ռոյալթի վճարողի` հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների մաշվածությունը, ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը, նախորդ տարիների հարկային վնասները, ինչպես նաեւ ծախս կամ կորուստ չհանդիսացող այլ նվազեցումները:

2.  Կարգավորման առարկան. Նախագիծը կարգավորում է մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիների, ինչպես նաեւ ոչ մետաղական օգտակար հանածոների եւ գունագեղ քարերի համար վճարվող բնօգտագործման վճարների հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է.

- արդյունահանված մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիների, ինչպես նաեւ ոչ մետաղական օգտակար հանածոների եւ գունագեղ քարերի համար վճարվող բնօգտագործման վճարների հաշվարկման եւ վճարման հետ կապված դրույթների ,Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում ամրագրում,

- արդյունահանված մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիների հաշվարկման մեխանիզմների հստակեցում եւ պարզեցում,