Armenian ARMSCII Armenian
Կ-10181-07.12.2010-ՏՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Բնօգտագործման վճար` պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաեւ բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման եւ (կամ) իրացման համար սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճարն է.»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) «բ» ենթակետը «պինդ օգտակար հանածոների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ մետաղական օգտակար հանածոների,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`

«դ) ռոյալթին` արդյունահանված մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1)  3-րդ կետից հանել առաջին եւ երրորդ պարբերությունները.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով.

«7. Ոչ մետաղական պինդ oգտակար հանածոների (բացառությամբ աղի) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում հանածոյի մարված պաշարների ծավալների, այդ ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի դրույքաչափի (սույն կետում այսուհետ` դրույքաչափ) հիման վրա, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) եւ դրույքաչափի արտադրյալը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարների համար սահմանված վճարի հաստատագրված դրույքաչափը (սույն կետում այսուհետ` հաստատագրված դրույքաչափ):

Ոչ մետաղական պինդ oգտակար հանածոների (բացառությամբ աղի) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հաստատագրված դրույքաչափի եւ հաշվետու ժամանակաշրջանում oգտակար հանածոների մարված պաշարների ծավալների բազմապատկումով`

ա) եթե հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոյի իրացման փաստացի գնի (առանց ավելացված արժեքի հարկի) եւ դրույքաչափի արտադրյալը չի գերազանցում հաստատագրված դրույքաչափը.

բ) եթե հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել: Եթե հաշվետու ժամանակաշրջանում իրացվել է այդ ժամանակաշրջանում մարված պաշարների մի մասը, ապա մարված պաշարների իրացված մասի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան, իսկ մարված պաշարների չիրացված մասի համար՝ հաստատագրված դրույքաչափերով.

գ) եթե իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքը, կամ եթե օգտակար հանածոն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար.

դ) բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների եւ վճարողների կողմից հարկային եւ լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ:

Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից oգտակար հանածոների առանձին տեuակների համար սահմանված հաստատագրված դրույքաչափերը սույն կետին համապատասխան կիրառվում են օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի առնելով փորձաքննություն անցած եւ հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի ելքի առանձին ցուցանիշները, եթե հաստատագրված դրույքաչափերը սահմանված են ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի բացակայության դեպքում, ըստ օգտակար հանածոյի պաշարների օգտակար ելքի չափերի, ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը կիրառվում է պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գունագեղ քարերի տեսակների մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների ծավալի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ հանածոյի մարված պաշարի համար սահմանված վճարի դրույքաչափի եւ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ քարի միջազգային շուկայական միջին գնի հիման վրա` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը: Արտարժույթով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության դրամով հաշվարկելիս որպես փոխարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը:

9. Uույն oրենքի իմաստով oգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ oգտակար հանածոյի արդյունահանված եւ արդյունահանման ընթացքում ընդերքում կորuված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուuափելի կորուuտների:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 2.1

ՌՈՅԱԼԹԻՆԵՐ

Հոդված 13.1. Ռոյալթիի հասկացությունը

Ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաեւ մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:

Հոդված 13.2. Ռոյալթի վճարողները

Ռոյալթի վճարողներ են համարվում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող եւ (կամ) մետաղի խտանյութ արտադրող հանդիսացող Հայաuտանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք:

Հոդված 13.3. Ռոյալթիի հաշվարկման բազան

1. Ռոյալթիի հաշվարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված` հանքարդյունաբերության արտադրանքի իրացումից հասույթը` առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ` իրացումից հասույթ):

2. Սույն օրենքի իմաստով հանքարդյունաբերության արտադրանք է համարվում մետաղի խտանյութը (այսուհետ` խտանյութ):

3. Եթե իրացվում է ոչ թե խտանյութը, այլ ձուլվածքը կամ խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքը (այսուհետ` խտանյութի հետ միասին` արտադրանք), ապա սույն հոդվածով սահմանված կարգով ռոյալթիի հաշվարկման բազայի որոշման համար հիմք է ընդունվում մատակարարված արտադրանքում պարունակվող կամ օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը:

4. Սույն հոդվածին համապատասխան` իրացումից հասույթի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13.4.  Ռոյալթիի դրույքաչափը

Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի հաշվարկման բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) դրույքաչափ, որի մեծությունը որոշվում է հետեւյալ բանաձեւով`
 

R = 4 + [Շ/(Հx8)]x100, որտեղ`
 

R - ռոյալթիի դրույքաչափն է տոկոսով,

Շ - շահույթն է նախքան հարկումը` դրամով: Այն որոշվում է որպես ռոյալթիի հաշվարկման բազայի եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի եւ նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն,

Հ - արտադրանքի իրացումից հասույթն է` առանց ԱԱՀ-ի` դրամով:

Հոդված 13.5. Ռոյալթիի հաշվարկման կարգը

Ռոյալթին հաշվարկվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` ելնելով ռոյալթիի հաշվարկման բազայից եւ սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափից:

Հոդված 13.6. Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը

Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր տարին:

Հոդված 13.7. Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունները

1. Ռոյալթի վճարողները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու տարվա համար, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ, լիազոր մարմնի սահմանած ձեւով ռոյալթիների հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնել իրենց հաշվառման հարկային մարմին, որում արտացոլվում է սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափով հաշվարկվող ռոյալթին: Գործունեություն չիրականացնելու, ինչպեu նաեւ ռոյալթիի հաշվարկման օբյեկտի բացակայության դեպքում վճարողը կարող է ներկայացնել գրավոր հայտարարություն, որը համարվում է հարկային մարմին ներկայացվող հաշվարկների ամփոփ ձեւ:

2. Յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվության հետ մեկտեղ վճարողները ներկայացնում են նաեւ հաշվետու տարվան հաջորդող տարում իրականացվելիք` արտադրանքի մատակարարումներին վերաբերող` արտադրանքի մատակարարման պայմանագրերի պատճենները` հայերեն բովանդակությամբ կամ դրանց հայերեն թարգմանությամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանագրերը հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ժամկետից հետո կնքվելու կամ հարկային մարմին ներկայացրած պայմանագրերի փոփոխությունների դեպքերում դրանց պատճենները հարկային մարմին են ներկայացվում պայմանագրի կնքման (փոփոխությունների կատարման) ամսաթվին հաջորդող 30-օրյա ժամկետում: Արտադրանքի մատակարարման կնքված պայմանագրերը լուծվելու դեպքում դրանց վերաբերյալ լիազոր մարմնի սահմանած ձեւի տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում պայմանագրի լուծման ամսաթվին հաջորդող 30-օրյա ժամկետում:

4. Նախորդ հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում վճարողների կողմից uխալներն ինքնուրույն հայտնաբերվելու դեպքում վճարողները կարող են հարկային մարմին ներկայացնել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա հարկային մարմինը կատարում է այդ ժամանակահատվածների համար ռոյալթիների պարտավորությունների վերահաշվարկ:

5. Հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող uտուգումների ընթացքում կամ uտուգումների ավարտից հետո վճարողները հարկային մարմինների կողմից uտուգվող կամ արդեն uտուգված ժամանակահատվածներին վերաբերող ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ չեն ներկայացվում:

6.Արտադրանքի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի հաշվարկման օբյեկտի եւ ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են, եւ դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակահատվածում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակահատվածի հաշվարկ-հաշվետվություններում):

Հոդված 13.8 Ռոյալթիի վճարման կարգը

1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված ռոյալթիները Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ հաշվետու տարվան  հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ:

2. Նախքան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիների վճարումը վճարողները յուրաքանչյուր եռամսյակի համար մինչեւ տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 15-ը ներառյալ, սույն հոդվածով սահմանված կարգով, կատարում են ռոյալթիի կանխավճարային վճարումներ` նախորդ տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարի (ներառյալ տվյալ տարվա ընթացքում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներին վերաբերող ռոյալթիների լրացուցիչ գումարները) մեկ քառորդի չափով:

3. Մինչեւ նախորդ տարվա ռոյալթիի գումարի հաշվարկումը (մինչեւ ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ներկայացումը) վճարողները ռոյալթիի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար կատարում են նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս:

Նախորդ տարվա ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության ներկայացումից հետո հաշվարկ-հաշվետվության ներկայացմանը անմիջապես հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչեւ հաշվարկ-հաշվետվության ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճողական հանրագումարով, ելնելով սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված չափից:

4. Եթե յուրաքանչյուր եռամսյակի առաջին երկու ամիսների արդյունքներով մատակարարված խտանյութի միջազգային շուկայական միջին գինը 20 տոկոս եւ ավելի ցածր է նախորդ տարվա արդյունքով խտանյութի միջազգային շուկայական միջին գնից, ապա վճարողները կարող են մինչեւ տվյալ եռամսյակի համար կանխավճարի կատարման ժամկետը իրենց հաշվառման հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձեւի հայտարարություն եւ հայտարարության հիման վրա տվյալ եռամսյակի կանխավճարը պակաս վճարել` խտանյութի գնի նվազման գործակցով պակաս չափով:

Եթե յուրաքանչյուր եռամսյակի առաջին երկու ամիսների արդյունքներով մատակարարված խտանյութի միջազգային շուկայական միջին գինը 20 տոկոս եւ ավելի բարձր է նախորդ տարվա արդյունքով խտանյութի միջազգային շուկայական միջին գնից, ապա վճարողների տվյալ եռամսյակի ռոյալթիների կանխավճարների գումարներն ավելացվում են խտանյութի գնի բարձրացման գործակցով ավել չափով:

Սույն կետի կիրառման առումով միջազգային շուկայական միջին գինը որոշելու համար հիմք է ընդունվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարած գինը:

5. Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի եւ տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի դրական տարբերությունը վճարվում է պետական բյուջե մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը:

6. Ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվության հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարի նկատմամբ տարվա ընթացքում ավելի վճարված ռոյալթիի կանխավճարի գումարը (ավելի մասը) հաշվանցվում կամ վերադարձվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

7. Uույն oրենքով uահմանված կարգով հաշվարկված ռոյալթիների գումարներից ավելի վճարված գումարները, այդ թվում` տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարի` ռոյալթիի տարեկան հաշվարկ-հաշվետվությունում արտացոլված ռոյալթիի պարտավորության գերազանցող մասը, վճարողի դիմումի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի uահմանած կարգով վերադարձվում է դիմումն uտանալու oրվանից հետո` 30-oրյա ժամկետում:

Հոդված 13.9.  Ռոյալթիի հաշվարկման եւ վճարման նկատմամբ հսկողությունը

Ռոյալթիների հաշվարկման եւ վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:»:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը «փաստացի ծավալների» բառերից հետո լրացնել «կամ ռոյալթիի հաշվարկման բազայի» բառերով.

2) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Եթե հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում պարզվում է, որ ռոյալթի վճարողների կողմից հաշվետու տարին ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով արտադրանքի իրացումից հասույթը 10 տոկոս եւ ավելի չափով ցածր է նույն ամսվա արդյունքներով խտանյութի միջազգային միջին գների հիման վրա հաշվարկված հասույթի մեծությունից, ապա հարկային մարմինները վերահաշվարկում են իրացումից հասույթի մեծությունը` այդ ամսվա համար կիրառելով խտանյութի միջազգային միջին գների 90 տոկոսը` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա տվյալ ամսվա համար հայտարարված գինը:».

3) 3-րդ կետը «Վճարումներն» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռոյալթիների կանխավճարների կատարումը)» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համապատասխան ռոյալթի վճարող հանդիսացողները 2012 թվականի ընթացքում սույն օրենքով սահմանված ռոյալթիի եռամսյակային կանխավճարները կատարում են 2011 թվականի ընթացքում մետաղական օգտակար հանածոների համար հաշվարկված բնօգտագործման վճարների եւ ռոյալթիների հանրագումարի մեկ երրորդի չափով: 2013 թվականի եւ հետագա տարիների համար ռոյալթիի եռամսյակային կանխավճարները կատարվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

2011 թվականին կամ դրան նախորդող ժամանակահատվածներում մետաղական օգտակար հանածոների փաստացի մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում այդ մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար սույն օրենքով սահմանված ռոյալթի չի հաշվարկվում:

Օրենքի 13.7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ 2012 թվականին վերաբերող արտադրանքի մատակարարման պայմանագրերի պատճենները հարկային մարմին են ներկայացվում մինչեւ 2012 թվականի ապրիլի 15-ը ներառյալ: