Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ին ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածը:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով
«Հոդված 17.1. Ներմուծվող չափման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը
Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող չափման միջոցների վերաբերյալ չափագիտության ազգային մարմնին տրամադրում են ամսական տեղեկատվություն»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունն պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2008-2012 թվականների ծրագրով ու դրա կատարումն ապահովող 2008-2012թթ. միջոցառումների 4.3.2 կետով ինչպես նաեւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով ընդգծվել է գործարար միջավայրի հրատապ բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ:
Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը եւ արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը Հայաստանը Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2012» դասակարգման մեջ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Չնայած նախորդ տարիներին իրականացված բարեփոխումներին Հայաստանը «Գործարարությամբ զբաղվելը 2011» դասակարգման մեջ 183 երկրների շարքում զբաղեցնում է 48-րդ դիրքը, նախորդ տարվա համեմատ զիջելով 4 կետով: Սրա պատճառներից են Հայաստանում իրականացվող որոշ բարեփոխումների ընթացքի մեջ գտնվելը, իսկ որոշները` դասակարգման մեջ չներառելը: Հիմնական խնդիրներ կայանում է նրանում, որ այլ երկրների կողմից իրականացվող բարեփուխումները շատ ավելի խորը եւ ծավալուն են, քան Հայստանում իրականացվողները: Ելնելով վերոնշյալից առաջարկվում է իրականացնել արագ եւ լայնամասշտաբ բարեփոխումներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գործարարությամբ զբաղվելը 2012» դասակարգումը հրապարակվելու է 2011 թվականի սեպտեմբերին եւ ընդգրկելու է մինչեւ 2011 թվականի մայիս ամսվա դրությամբ կատարված բարեփոխումները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Գործարար միջավայրի բարելավման բնագավառում իրականացվող բարեփոխումների համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 25.09.2008թ. թիվ 39 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն» համազգային նախագիծ» հայեցակարգը:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում Հայաստանը Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2012» դասակարգման մեջ 183 երկրների շարքում պետք է ընդգրկվի լավագույն 10%-ում: