Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` օրենք) հոդված 13-ի 4-րդ մասը լրացնել 10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«10) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ազգային մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Հոդված 2. Օրենքի հոդված 17-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 17 Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը
Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետություն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման վերաբերյալ ազգային մարմնին եւ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին տրամադրում են տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Հոդված 3. Օրենքի հոդված 18-ում «միջազգային պայմանագրերին» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին» բառերը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունն պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2008-2012 թվականների ծրագրով ու դրա կատարումն ապահովող 2008-2012թթ. միջոցառումների 4.3.2 կետով ինչպես նաեւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով ընդգծվել է գործարար միջավայրի հրատապ բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ:
Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը եւ արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը Հայաստանը Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2012» դասակարգման մեջ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Չնայած նախորդ տարիներին իրականացված բարեփոխումներին Հայաստանը «Գործարարությամբ զբաղվելը 2011» դասակարգման մեջ 183 երկրների շարքում զբաղեցնում է 48-րդ դիրքը, նախորդ տարվա համեմատ զիջելով 4 կետով: Սրա պատճառներից են Հայաստանում իրականացվող որոշ բարեփոխումների ընթացքի մեջ գտնվելը, իսկ որոշները` դասակարգման մեջ չներառելը: Հիմնական խնդիրներ կայանում է նրանում, որ այլ երկրների կողմից իրականացվող բարեփուխումները շատ ավելի խորը եւ ծավալուն են, քան Հայստանում իրականացվողները: Ելնելով վերոնշյալից առաջարկվում է իրականացնել արագ եւ լայնամասշտաբ բարեփոխումներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գործարարությամբ զբաղվելը 2012» դասակարգումը հրապարակվելու է 2011 թվականի սեպտեմբերին եւ ընդգրկելու է մինչեւ 2011 թվականի մայիս ամսվա դրությամբ կատարված բարեփոխումները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Գործարար միջավայրի բարելավման բնագավառում իրականացվող բարեփոխումների համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 25.09.2008թ. թիվ 39 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն» համազգային նախագիծ» հայեցակարգը:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում Հայաստանը Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2012» դասակարգման մեջ 183 երկրների շարքում պետք է ընդգրկվի լավագույն 10%-ում: