Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1050-10.12.2010-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին»Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-21 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր` 4.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 4.1 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման եւ փորձաքննական եզրակացություն տրամադրելու համար սույն գլխով սահմանված ժամկետները չեն տարածվում քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վրա:

2. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ձեռնարկողին է տրվում փաստաթղթերն ստանալուց առնվազն 15-օրյա ժամկետում: Uույն կետով uահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից ձեռնարկողին պատաuխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական:

3. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: »:

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու  մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

 Սույն նախագծի նպատակն է, ելնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից, պարզեցնել քաղաքաշինական գործունեության իրականացման համար օրենքով պահանջվող` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության /այսուհետ` փորձաքննություն/ իրականացման ընթացակարգը: Ելնելով նշվածից` նախագծով նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետ սահմանել առավելագույնը 15 օր` օրենքով նախատեսված 120-օրյա ժամկետի փոխարեն:

Միաժամանակ, նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ` պահպանելով օրենքով ամրագրված սկզբունքները, որը հնարավորություն կտա պարզեցված կարգով եւ առավել սեղմ ժամկետներում նախաձեռնողին տրամադրել փորձաքննական եզրակացություն: ՀՀ կառավարության հիշյալ կարգում կարող է հաշվի առնվել նաեւ հետագայում, ելնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, էլեկտրոնային համապատասխան համակարգի ներդրմամբ խնդրո առարկա ոլորտը կանոնակարգել նաեւ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացմամբ եւ փորձաքննական եզրակացության էլեկտրոնային տրամադրմամբ, ինչն էապես կնպաստի քաղաքաշինության ոլորտում իրականացվող գործունեության բարելավմանը: