Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի 4-րդ հոդվածում`
1. «աուդիտ իրականացնող անձ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբարությամբ.
«աուդիտ իրականացնող անձ` աուդիտորական կազմակերպությունը.»,
2. հանել «անհատ աուդիտոր` աուդիտորական ծառայություններ իրականացնող անհատ ձեռնարկատերը.» բառերը:
Հոդված 2. Օրենքը 4-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1-րդ հոդվածով.
«Հոդված 4.1. Փոխկապակցված անձինք
1. Սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
ա) նրանցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) քսան եւ ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները.
բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձեւով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.
գ) նրանցից մեկի խորհրդի նախագահը, խորհրդի անդամը, վարչության նախագահը, վարչության անդամը, գործադիր տնօրենը, ֆինանսական կառավարման գծով նրա տեղակալը, ֆինանսական ստորաբաժանման ղեկավարը, հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու անձը, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, անդամը կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը կամ նման այլ մարմինների անդամը (այսուհետ` կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ), ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որեւէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:
2. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միեւնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:
3. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝
ա) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.
բ) օրենքով չարգելված այլ ձեւով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
գ) տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:
4. Սույն օրենքի իմաստով միեւնույն ընտանիքի անդամ են համարվում երեխան, ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները, ինչպես նաեւ ամուսնու երեխան, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`
1. 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) ակտիվների եւ (կամ) պարտավորությունների եւ (կամ) իրավաբանական անձի բաժնետոմսի (փայի, բաժնեմասի եւ այլ մասնակցության) գնահատում.»:
2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Աուդիտորական ծառայություն չի կարող իրականացնել`
ա) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը տվյալ աուդիտի ենթարկվող անձին մատուցել է սույն հոդվածի երկրորդ մասի «ա», «գ», «դ» կամ «ե» կետերում նշված ծառայությունները կամ կատարել է այդ մասերով նախատեսված աշխատանքները` տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար.
բ) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).
գ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).
դ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձին փոխկապակցված անձ.
ե) աուդիտորը` իրեն փոխկապակցված անձանց մոտ.
զ) աուդիտորական կազմակերպությունը` իրեն փոխկապակցված անձանց մոտ:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Աուդիտի եւ հարակից ծառայությունների փաստաթղթավորումը պարտադիր իրականացվում է հայերեն լեզվով, բացառությամբ աշխատանքային փաստաթղթերի` աուդիտ իրականացնող անձի ներքին կանոնակարգերով սահմանված դեպքերում: Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված հսկողությունն իրականացնող անձանց պահանջով` աուդիտ իրականացնող անձը պարտավոր է ողջամիտ ժամկետում տրամադրել աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հայերեն թարգմանված տարբերակները:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունը
1. Սույն օրենքի իմաստով ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունն այն աուդիտորական եզրակացությունն է, որը կազմվել է առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու, ինչպես նաեւ այն եզրակացությունը, որը հակասում է աուդիտի ենթարկվող անձի կողմից ներկայացված եւ աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի բովանդակությանը:
2. Աուդիտորական եզրակացությունը ոչ հավաստի է ճանաչվում լիազորված մարմնի որոշմամբ: Լիազորված մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել աուդիտորական եզրակացության ոչ հավաստիության հատկանիշների հայտնաբերման ուղղությամբ ստուգումների ընթացակարգը:»:
Հոդված 6 . Օրենքի 3-րդ գլխի վերնագրից հանել «Աուդիտորը,» բառը:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում`
1. 1-ին մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ե) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ» կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում հրաժարվել աուդիտորական ծառայությունների իրականացումից եւ վաղաժամկետ լուծել պայմանագիրը կամ հրաժարվել աուդիտորական կարծիք արտահայտելուց` աուդիտի ստանդարտներին համապատաս-խան.»:
2. 2-րդ մասի «գ» կետից հանել «կամ 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ» կետերով»բառերը:
3. 2-րդ մասը «գ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ.1» կետով.
«գ.1) oրենքով սահմանված դեպքերում աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմնին տաս աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտադիր աուդիտի դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել հրաժարվելու պատճառների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:»:
4. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «թ», «ժ» եւ «ժա» կետերով.
«թ) ապահովել պայմաններ լիազորված մարմնի համապատասխան աշխատակիցների, այդ թվում` լիազորված մարմնի կողմից ներգրավված մասնագետների (պետական ծառայող չհանդիսացող մասնագետների դեպքում գաղտնիության պահպանման հայտարարագիր տրամադրելու պայմանով) համար սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված հսկողությունն իրականացնելու համար եւ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն եւ փաստաթղթեր, այդ թվում` գաղտնիք կազմող, որոնք անհրաժեշտ են համոզվելու համար, որ աուդիտ իրականացնող անձն աուդիտն իրականացրել է աուդիտի ստանդարտներին համապատասխան.
ժ) ունենալ ինտերնետային կայք, որում մինչեւ յուրանքաչյուր տարվա ապրիլի 1-ը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ աուդիտի ենթարկված անձանց ցանկը.
ժա) գործադիր տնօրենի, ինչպես նաեւ առկայության դեպքում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, խորհրդի անդամների եւ նախագահի (այսուհետ` կազմակերպության ղեկավար) փոփոխություն կատարելու համար ստանալ լիազորված մարմնի հաստատումը` սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջներին կազմակերպության նոր ղեկավարի համապատասխա-նության վերաբերյալ:»:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.
«3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ճանաչվել օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից, ինչպես նաեւ Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) հավաստագիր ունեցող` Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից ՀՄԴ կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդի-տորների որակավորումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է իրավասություն վերապահվել լիազորված մարմնին` սահմանելու միջազգային ճանաչում ունեցող այն կառույցների ցանկը, ում կողմից անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը ճանաչվում է:»:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական» բառերը փոխարինել «երկու» բառով:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:»:
Հոդված 13. Օրենքի 24.1-րդ հոդվածի`
1. 1-ին մասում`
1) «բ» կետում «կեղծ» բառը փոխարինել «ոչ հավաստի» բառերով:
2) «գ» կետում հանել «կողմից» բառը:
3) «դ» կետում «որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեու-թյամբ զբաղվելու» բառերը փոխարինել «որեւէ պաշտոն զբաղեցնելու» բառերով:
2. 2-րդ մասում ««ա», «բ», «գ» եւ «ե» կետերով» բառերը փոխարինել ««ա», «գ» եւ «ե» կետերով» բառերով:
3. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով վկայականի գործողության դադարեցման դեպքում անձին թույլատրվում է աուդիտորների որակավորման քննությանը մասնակցել վկայականի գործողությունը դադարեցվելուց հինգ տարի հետո:»:
Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում`
1. 1-ին մասում «որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած աուդիտորը, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպությունը` անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձեւից, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների, եթե կազմակերպության» բառերը փոխարինել «որպես փակ բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցված իրավաբանական անձը, եթե միաժամանակ» բառերով:
2. 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) կազմակերպությունն ունի առնվազն 5 աշխատող աուդիտորներ, որոնցից առնվազն 3-ը այլ գործատուի մոտ չեն աշխատում` բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական բնույթի աշխատանքներ կատարելու դեպքերի»:
3. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «գ» կետով.
«գ) կազմակերպության ղեկավարն ունի` բարձրագույն կրթություն եւ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա ստաժ` պետական կամ համայնքային ծառայության ոլորտում` քաղաքական կամ հայեցողական պաշտոնում կամ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնում կամ գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում կամ պետական կամ համայնքային հիմնարկի, իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամի (գործադիր մարմնի ղեկավարի, նրա տեղակալի), խորհրդի նախագահի, հաշվապահական հաշվառման առումով խոշոր կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:»:
4. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.
«3. Աուդիտորական կազմակերպության ղեկավար չի կարող լինել.
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվա-ծություն ունեցող անձը.
բ) դատավճռով ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված անձը.
գ) անձը, որը չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին.
դ) անձը, որը լիցենզիա ստանալու համար դիմում (հայտ) ներկայացնելու օրվա դրությամբ քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
ե) անձը, որը սնանկ չի ճանաչվել եւ չմարված (չներված) պարտավորություններ չունի.
զ) անձը, որի գործողությունները չեն հանգեցրել այլ անձի սնանկության (անվճարունակության):»:
Հոդված 15. Օրենքը 26-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 26.1-րդ եւ 26.2-րդ հոդվածներով.
«Հոդված 26.1. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը
1. Լիցենզիա ստանալու համար, սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները (այսուհետ` հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում ՀՀ կառավարության կողմից հաստատված լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը:
2. ՀՀ կառավարության կողմից հաստատված լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը լիազորված մարմին մուտք լինելուց հետո 30-օրյա ժամկետում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման նպատակով լիազորված մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով) քննում է դրանք եւ կայացնում է որոշում` հայտատուին լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջվելու կամ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով լիցենզավորող հանձնաժողովի որոշմամբ վերոնշյալ ժամկետը կարող է կասեցվել: Կասեցման ժամկետը չի կարող 10 օրից ավել լինել: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո հայտի քննարկումը վերսկսելու որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչեւ կասեցումն ընկած օրերի եւ մեկամսյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:
Հոդված 26.2. Լիցենզիա ստանալու հայտի մերժումը
1. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել աուդիտորական ծառայությունների իրականացմամբ.
դ) հայտատուն չի համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին.
ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիազորված մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ քան 30-օրյա ժամկետում: Սույն օրենքի 26.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիցենզավորող հանձնաժողովի կողմից 30-օրյա ժամկետը կասեցվելու դեպքում` այդ ժամկետը սույն մասով սահմանված ժամկետի մեջ չի հաշվարկվում:
3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ եւ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում լիազորված մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:
5. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը լիազորված մարմնի կողմից ուղարկվելու օրվանը հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր կամ չի վերացնում ներկայացված փաստաթղթերում կամ նյութերում առկա թերությունները: Փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ լիազորված մարմինը նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
6. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:»:
Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Լիցենզիայի գործողության կասեցումը
1. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, ինչպես նաեւ`
ա) սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջը խախտվելու դեպքում,
բ) սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որեւէ մեկը խախտվելու դեպքում, եթե աուդիտ իրականացնող անձը այդ մասին տեղեկացրել է լիազորված մարմնին` խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում.
գ) սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն տուգանքի կիրառումից հետո 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը երրորդ անգամ թույլ տալու դեպքում.
դ) սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջը խախտելու հիմքով տուգանքի կիրառումից հետո 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը երրորդ անգամ թույլ տալու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը լիազորված մարմնի կողմից կասեցվում է վեց ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որեւէ մեկը խախտվելու օրվանից:
Սույն մասով նախատեսված կասեցումը վերացած է համարվում համապատասխան խախտումը վերացնելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը լիազորված մարմնին ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից:
4. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետերով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցվում է 6 ամիս ժամկետով:
5. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում աուդիտ իրականացնող անձին չի արգելվում շարունակելու եւ ավարտելու միայն այն աուդիտի պայմանագրերի կատարումը, որոնց իրականացումը սկսվել է լիցենզիայի կասեցման վարույթը հարուցվելուց առաջ:»:
Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածում`
1. 1-ին մասի «ա» կետում «կեղծ» բառը փոխարինել «ոչ հավաստի» բառերով:
2. 1-ին մասի «զ»կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«զ) աուդիտ իրականացնող անձի նկատմամբ սույն օրենքի 31.3րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» կամ «դ» կետերով սահմանված պատասխանատվության միջոցներից որեւէ մեկը կիրառելուց հետո երկու տարվա ընթացքում երրորդ անգամ նույն հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տրվելու դեպքում:
3. 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված աուդիտորական եզրակացությունը սույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ոչ հավաստի ճանաչվելու վերաբերյալ լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:»:
4. 3-րդ մասում ««ա», «բ» եւ «գ»» տառերը փոխարինել ««գ» եւ «ե»» տառերով:
5. Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձը, ինչպես նաեւ դրա որեւէ հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ) կողմից հիմնադրված առեւտրային կազմակերպությունն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց հինգ տարի հետո:»:
Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածում`
1. 1-ին մասի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«է) կազմակերպում եւ իրականացնում է հսկողություն` աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների, մասնագիտացված կառույցի կողմից հավատարմագրի պայմանների պահպանման նկատմամբ, աուդիտորների վարքագծի նորմերի պահպանման, ինչպես նաեւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ: Հսկողության ընթացքում կարող են ներգրավվել մասնագիտացված կառույցի եւ (կամ) աուդիտորական կազմակերպու-թյունների ներկայացուցիչներ, մասնագետներ` լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով եւ չափանիշներով»:
2.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «է. 1» կետով.
«է.1) հրապարակում է աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը ինտերնետում:»:
3.Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.
«3. Լիազորված մարմինը` աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ (կամ) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ.1» կետով նախատեսված պարտադիր աուդիտին վերաբերող ծանուցում ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հրապարակում է տեղեկություններ իր ինտերնետ կայքում:»:
Հոդված 19 . Օրենքի 31.1-րդ հոդվածի «ա» կետում «վերացնելու» բառից հետո լրացնել «եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու» բառերով:
Հոդված 20. Օրենքի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասում «այդ» բառը փոխարինել «դրանց» բառով:
Հոդված 21. Օրենքի 31.3-րդ հոդվածում`
1. 2-րդ մասում «100 000» եւ «150 000» թվերը փոխարինել «200 000» թվով, իսկ «300 000» թիվը փոխարինել «600 000» թվով:
2. 2-րդ մասի «դ»կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կամ «գ.1» կետերով սահմանված պահանջները` յուրաքանչյուր խախտման (կետի) համար` 500 000 դրամի չափով, իսկ լիցենզիայի բացակայության դեպքում աուդիտորական ծառայություններ իրականացնելու դեպքում` օրենքով սահմանված չափով եւ կարգով.»:
3. 2-րդ մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ե) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով սահմանված պահանջը` յուրաքանչյուր չգրանցած պայմանագրի համար 400 000 դրամի չափով, յուրաքանչյուր այլ տեսակի խախտման համար` 200 000 դրամի չափով.»:
4. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «թ» կետով.
«թ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով սահմանված պահանջը` 200 000 դրամի չափով:»:
5. 3-րդ մասում «2 տարվա» բառերը փոխարինել «3 տարվա» բառերով:
Հոդված 22. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը անհատ ձեռնարկատեր հանդիսացող աուդիտորներին տրված լիցենզիաները գործում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո վեց ամիս, որից հետո դրանց գործողությունը համարվում է դադարեցված լիազորված մարմնի որոշմամբ եւ անհատ աուդիտորների կողմից աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են վեց ամսվա ընթացքում իրենց լիցենզիաները համապատասխանեցնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին` թվով առնվազն 3 աշխատող աուդիտորների մասով, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` նաեւ 5 աշխատող աուդիտորների մասով:
4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված նվազագույն քանակից պակաս աշխատող աուդիտոր ունեցող աուդիտորական կազմակերպությունների կողմից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամանակահատվածում լիցենզավորմանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանեցվելու դեպքում դրանց լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված եւ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:
5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են դիմել լիազորված մարմին` կազմակերպության ղեկավարի նկատմամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պահանջները ապահովելու նպատակով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում: Նշված ժամկետում օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով լիազորված մարմին չդիմելու կամ նշված պահանջների կատարման ապահովումը հիմնավորող փաստաթղթեր կամ տեղեկություններ չներկայացնելու դեպքում կազմակերպության լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված եւ լիցենզիայի համար վճարված տարեկան պետական տուրքի գումարների վերահաշվարկ կամ վերադարձ չի կատարվում:
6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետով սահմանված` ինտերնետային կայք ունենալու պահանջը եւ սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատժամիջոցը ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) 1-ին, 6-րդ, 7-րդ հոդվածներով, 8-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ պարբերությամբ եւ 14-րդ հոդվածով ներկայացված փոփոխությունները առաջարկվել են հաշվի առնելով աուդիտորական ծառայությունների առանձնահատուկ բնույթը` տարբեր ոլորտների հետ առնչվելու եւ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտության, ինչպես նաեւ այդ ոլորտներում մասնագիտական բազմակողմանի գիտելիքներ ունեցող մասնագետներ պահանջվելու տեսանկյունից: Մասնավորապես, որակյալ մասնագիտական ծառայությունների իրականացում ապահովելու նպատակով աուդիտորական կազմակերպությունները ստեղծում են մեթոդաբանական, որակի վերահսկողության, մասնագետների պարբերաբար վերապատրաստման եւ հետեւողական կատարելագործման համակարգեր: Նման համակարգերի ստեղծումը առավել իրատեսական է կազմակերպություններում: Միաժամանակ նախագծի 14-րդ հոդվածի առաջին մասով ներկայացված փոփոխությամբ հստակեցվում է աուդիտ իրականացնող անձանց` աուդիտորական կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձեւը:
Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կնպաստեն աուդիտի ստանդարտների կիրառման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ աուդիտորական ծառայությունների որակի բարձրացմանը:
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` օրենք) սահմանել «Փոխկապակցված անձինք» հասկացությունը, որը հնարավորություն կտա հստակեցնել նշված հասկացությունը եւ առավել արդյունավետ դարձնել անկախության պահանջի նկատմամբ հսկողությունը:
Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է աուդիտ իրականացնող անձի գործունեության սահմանափակումները լրացնել նաեւ այն դեպքերով, երբ աուդիտ իրականացնող անձի կողմից տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար տվյալ սուբյեկտի մոտ իրականացվել են նաեւ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» եւ «ե» կետերով նախատեսված ծառայությունները, այն է` հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում, կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն: Փոփոխությունը բխում է աուդիտ իրականացնող անձի պրոֆեսիոնալ պարտականությունները կարգավորող վարքագծի սկզբունքների, մասնավորապես, անկախության սկզբունքի պահանջներից: Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ եթե աուդիտ իրականացնող անձը տվյալ կազմակերպությունում հաշվետու ժամանակաշրջանում իրականացնում է վերոնշյալ ծառայություններից որեւէ մեկը (որոնք լայն մասշտաբի եւ խորը վերլուծություն ու գնահատում են ենթադրում), տվյալ ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացումը որոշ առումներով կհակասի աուդիտորի անկախության սկզբունքներին:
Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը բխում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներից, բացի այդ պայմանավորված է գործնականում աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ լիազորված մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքում ծագած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ` աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի կազմումը օտար լեզվով` առանց հայերենով զուգակցելու, էական բարդություններ է առաջացնում ստուգումն իրականացնելիս:
Նախագծի 5-րդ հոդվածով եւ 17-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է աուդիտորական եզրակացությունը ոչ հավաստի ճանաչելու լիազորությունը վերապահել լիազորված մարմնին, որը, ինչպես նաեւ նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասով եւ 8-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններով առաջարկվող փոփոխությունները լիազորված մարմնի կողմից աուդիտորական ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության մեխանիզմն առավել գործուն դարձնելու, լիազորված մարմնին վերապահված վերահսկողական լիազորությունները ավելի լիարժեք, ժամանակին եւ արդյունավետ իրականացնելու նպատակ են հետապնդում:
Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնելու աուդիտորի գործողությունները օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «բ» կետերով սահմանված (աուդիտի ենթարկվող անձի կողմից աուդիտի շրջանակների սահմանափակման) դեպքերում, միաժամանակ տեղեկացնելու լիազորված մարմնին աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պատճառների վերաբերյալ:
Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող լրացումը բխում է Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով կազմակերպված (թե օտարերկրյա պետությունների, թե Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից) քննությունների արդյունքում որակավորված աուդիտորներին տրված մասնագիտական որակավորման փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու, ինչպես նաեւ օրենքի դրույթները «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:
Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի գործունեության դադարեցմամբ:
Նախագծի 13-րդ եւ 17-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նախատեսվել են հաշվի առնելով ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն տալու հիմքով վկայականը կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքերում պատասխանատվությունը խստացնելու, աուդիտորական գործունեության լիցենզավորման բնագավառում խիստ կանոններ կիրառելու եւ աուդիտորների պատասխանատվության զգացումը բարձրացնելու անհրաժեշտությունը:
Նախագծի 14րդ հոդված 3-րդ եւ 4-րդ մասերով առաջարկվում է որպես լիցենզավորման պայման սահմանել կազմակերպության ղեկավարի կրթության եւ մասնագիտական գործունեության տեսանկյունից ներկայացվող պահանջները, միաժամանակ հստակ սահմանվում են աուդիտորական կազմակերպության ղեկավար լինելու իրավունք չունեցող անձինք: Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն խիստ վերահսկել աուդիտի ոլորտ մտնող սուբյեկտներին:
Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվող լրացումների նպատակն է հստակեցնել լիցենզիա ստանալու հայտի մերժման դեպքերը:
Նախագծի 16-րդ հոդվածով լրացվել են լիցենզիայի կասեցման դեպքերը աուդիտ իրականացնող անձանց կողմից շարունակական խախտումների դեպքում, մասնավորապես, առաջարկվում է 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող որոշ խախտումներ (առանց որակավորում ունեցող աուդիտորի մասնակցության աուդիտ իրականացնելու, աուդիտորական եզրակացությունը եւ կազմված լինելու դեպքում` աուդիտորական հաշվետվությունը, աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը սահմանված կարգով եւ ժամկետներում չպահպանելու դեպքերում) երրորդ անգամ թույլ տալու դեպքում` 6 ամսով կասեցնել լիցենզիայի գործողությունը: Առաջարկվող փոփոխությունները աուդիտ իրականացնող անձանց պատասխանատվությունը բարձրացնելու եւ իրենց պարտականությունները ավելի հետեւողական կատարելու նպատակ են հետապնդում:
Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով առաջարկվող լրացումներով լիազորված մարմնին նոր լիազորություններ են տրվում, մասնավորապես oրենքով սահմանված դեպքերում աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, ինչպես նաեւ աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը` ինտերնետում հրապարակելու համար:
Նախագծի 19-րդ հոդվածով առաջարկվող լրացումը նախատեսվել է հաշվի առնելով որպես պատասխանատվության միջոց` նախազգուշացումը եւ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականի գործնականում կիրառման նախադեպերը:
Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է օրենքով նախատեսված տուգանքների նվազագույն չափը սահմանել 200.000 դրամ` ներկայիս 100.000 եւ 150.000 դրամի փոխարեն, իսկ ներկայիս 300.000 դրամ չափի տուգանքները սահմանել 600.000 դրամ: Հոդվածի 1-ին, 5-րդ մասերով առաջարկվող փոփոխությունները աուդիտ իրականացնող անձանց կողմից իրենց պարտականու-թյունների ավելի հետեւողական կատարման նպատակ են հետապնդում: Հոդվածի 2-րդ մասով սահմանվում է պատժամիջոց նաեւ աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու եւ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում հրաժարվելու պատճառների մասին աուդիտ իրականացնող անձի կողմից լիազորված մարմնին տաս աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտադիր աուդիտի դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում չտեղեկացնելու դեպքում: Հոդվածի 3-րդ մասով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է գրանցամատյանը չլրացնելու եւ ոչ ճիշտ լրացնելու դեպքերի համար կիրառվող տուգանքի չափերը տարանջատելու անհրաժեշտությամբ: Հոդվածի 4-րդ մասով առաջարկվող լրացումով սահմանվում է պատժամիջոց սույն նախագծով աուդիտ իրականացնող անձանց համար սահմանված նոր պարտականությունը չկատարելու համար, մասնավորապես ինտերնետային կայք ունենալու պահանջը չապահովելու համար: