Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-051-25.07.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԲԱԺԻՆ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության բնագավառում ծագող այն հարաբերությունները, որոնք ի հայտ են գալիս քաղաքացիների հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման գործընթացում:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Զբոսաշրջություն – ճանաչողական, հանգստի, առողջարարական, սպորտային, կրոնական, ազգականների այցելության, մասնագիտական, գործնական եւ այլ նպատակներով, բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչեւ մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեություն:

Այցելու – իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչեւ մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացի, որի ճանապարհորդության հիմնական նպատակը ժամանման վայրում (երկրում) վճարովի աշխատանքային գործունեությունը չէ, եւ որը ժամանման վայրում (երկրում) չի վարձատրվում իր հիմնական աշխատանքային գործունեության դիմաց:

Զբոսաշրջիկ - այցելու, որը ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման վայրում (երկրում) անցկացնում է առնվազը մեկ գիշերակաց:

Զբոսաշրջային գործունեություն - իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեություն:

Զբոսաշրջային ծառայություններ - զբոսաշրջիկներին մատուցվող եւ նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսիոն, սննդի կազմակերպման եւ մատուցման, մշակույթային, սպորտային բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման եւ այլ ծառայություններ:

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտ - զբոսաշրջային օպերատոր եւ զբոսաշրջային գործակալ:

Զբոսաշրջային օպերատոր – իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձեւավորման, խթանման եւ իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ:

Զբոսաշրջային գործակալ – իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման եւ իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ:

Զբոսաշրջային արդյունք - զբոսաշրջային ծառայությունների ամբողջական համալիր:

Զբոսաշրջային միջոցառում - զբոսաշրջային արդյունք, որը բաղկացած է մեկ ծրագրում համակցված առնվազն երկու զբոսաշրջային ծառայությունից, տրամադրվում է միասնական սակագնով եւ մատուցվում է առնվազը 24 ժամից ոչ պակաս ժամանակահատվածում, կամ ընդգրկում առնվազը մեկ գիշերակաց:

Տուր - զբոսաշրջային միջոցառում, որ նախատեսում է զբոսաշրջիկների կացության վայրի փոփոխություն:

Զբոսաշրջային փաթեթ - զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազը 2 գործառույթ՝ կապված տրանսպորտային (եւ դրա հետ առնչվող), հյուրանոցային (եւ դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաեւ այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային եւ հյուրանոցային ծառայությունների հետ եւ զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տեւողությունը պետք է գերազանցի 24 ժամը, կամ ներառի առնվազը մեկ գիշերակաց:

Զբոսաշրջային խումբ - զբոսաշրջիկներից բաղկացած խումբ, որի անդամները ճանապարհորդում են միասին, նույն երթուղով եւ նույն սպասարկման պայմաններով:

Զբոսաշրջային խմբի ղեկավար - զբոսաշրջիկներին ուղեկցող, զբոսաշրջային ծառայությունների պայմանագրի պայմանների կատարումն ապահովող անձ, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ներկայացուցիչն է եւ հանդես է գալիս նրա անունից:

Զբոսավար – զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն եւ մասնագիտական օգնություն մատուցող անձ:

Ուղեկցորդ - զբոսաշրջիկներին զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասին պայմանագրի սահմաններում կազմակերպչական ծառայություն եւ մասնագիտական օգնություն մատուցող անձ:

Զբոսաշրջային տարածաշրջան եւ կամ կենտրոն - առաջնահերթ զարգացման ենթակա, բնական եւ սոցիալ-մշակութային ռեսուրսների կենտրոնացմամբ, զբոսաշրջության համար կարեւոր նշանակություն ունեցող տարածք, որի սահմանները եւ կարգավիճակը որոշում ու հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Զբոսաշրջային ռեսուրսներ - զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական եւ այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակույթային, կրոնական բնույթի, բնական, մարդկային, սոցիալ-տնտեսական եւ այլ ռեսուրսներ:

Զբոսաշրջային երթուղի - զբոսաշրջային ծառայությունների համալիրով (ամրագրում, տեղավորում, կերակրում, հանգստի կազմակերպում, տրանսպորտ, էքսկուրսիա եւ այլն) ապահոված, որոշակի երթուղով եւ կոնկրետ ժամկետներով զբոսաշրջային ճանապարհորդություն (ուղեւորություն):

Զբոսաշրջային օբյեկտ - զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակույթային, բնական գրավչության օբյեկտ:

Քաղաքացի - Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետությունների քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ:

Հոդված 3. Զբոսաշրջային գործունեության իրավական կարգավորումը

1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:

ԲԱԺԻՆ 2.

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

1. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

-աջակցել զբոսաշրջային գործունեությանը եւ ստեղծել նրա զարգացման համար բարենպաստ իրավական, տնտեսական եւ կառուցվածքային պայմաններ;

-սահմանել զբոսաշրջության զարգացման գերակա ուղղությունները;

-իրականացնել Հայաստանի Հանրապետության՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձեւավորումը;

-ստեղծել պայմաններ զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար;

-իրականացնել զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը:

Հոդված 5. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակները, գերակա ուղղությունները եւ միջոցները

1. Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են.

-քաղաքացիների զբոսաշրջության ընթացքում ծագած իրավունքների ապահովումը;

-շրջակա միջավայրի պահպանությունը;

-զբոսաշրջային այնպիսի համակարգի ստեղծումը, որը բավարարում է ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների պահանջմունքները, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, պետության եւ նրա քաղաքացիների եկամուտների ավելացմանը, միջազգային կապերի զարգացմանը, զբոսաշրջային գրավչություն ունեցող ռեսուրսների պահպանմանը, պատմամշակույթային ժառանգության եւ բնության ռացիոնալ օգտագործմանը:

2. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության գերակա ուղղություններ են ներգնա եւ ներքին զբոսաշրջության զարգացումն ու աջակցումը:

3. Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է.

-զբոսաշրջիկների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաեւ նրանց անվտանգությունը ապահովելու միջոցառումների;

-զբոսաշրջային համակարգում լիցենզավորման, որակի համակարգի ներդրման, ստանդարտացման;

-զբոսաշրջության զարգացման նպատակով Հայասատանի Հանրապետություն մուտքի եւ ելքի կանոնների սահմանման;

-ձեւավորված զբոսաշրջային արդյունքը ներքին եւ արտաքին զբոսաշրջային շուկաներում ներկայացնելու գործին աջակցման;

-զբոսաշրջության բնագավառում պետական նպատակային ծրագրերի մշակման եւ իրականացման նպատակով ֆինանսավորման;

-զբոսաշրջային համակարգում ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորման;

-զբոսաշրջային համակարգի կադրային ապահովման;

-հարկային եւ մաքսային քաղաքականության;

-զբոսաշրջային համակարգի գիտական հետազոտությունների զարգացման;

-միջազգային զբոսաշրջային միջոցառումներին հայրենական զբոսաշրջային համակարգի տնտեսվարող սուբյեկտների եւ զբոսաշրջիկների մասնակցության աջակցման եւ այլ միջոցներով:

Հոդված 6. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

-սահմանում է զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական եւ սոցիալական բազայի զարգացման հեռանկարները եւ ուղղությունները;

-սահմանում է հյուրանոցային ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները;

-սահմանում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերն ու որակավորման ընթացակարգը;

-սահմանում է զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ եւ երթուղիներ, որոշում է ընդգրկել դրանք Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման եւ տարածքային զարգացման ծրագրերում;

-իր իրավասության սահմաններում կնքում է զբոսաշրջության բնագավառում միջազգային պայմանագրեր:

Հոդված 7. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունները

1. Զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին), որի լիազորությունները զբոսաշրջության ոլորտում սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ:

2. Լիազոր մարմինը սույն օրենքով վերապահված իրավասության սահմաններում.

ա) մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական եւ սոցիալական բազայի զարգացման հեռանկարների եւ ուղղությունների վերաբերյալ;

բ) համագործակցում է նախարարությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հետ՝ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղեւորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձեւավորման, զարգացման ծրագրերի մշակման եւ մարկետինգի իրականացման ուղղություններում, վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրություն;

գ) նպաստում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային եւ հրատարակչական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը;

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ, երթուղիներ եւ օբյեկտներ սահմանելու եւ դրանք Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման եւ տարածքային զարգացման ծրագրերում ներառելու վերաբերյալ;

ե) իրականացնում է օրենքով նախատեսված զբոսաշրջային բնագավառում գործունեության տեսակների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների կատարման հսկողությունը;

զ) որոշում է ընդունում օրենքի պահանջների խախտման համար տնտեսվարող սուբյեկտներին տուգանելու մասին;

է) տրամադրում եւ փոփոխում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգը, մերժում է որակավորման կարգ ստանալու համար ներկայացված հայտը, զրկում է որակավորման կարգից, հսկողություն է իրականացնում որակավորման պայմանների նկատմամբ;

ը) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը;

թ) տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում նրանց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների եւ օբյեկտների վերանորոգման, բարեկարգման եւ պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ;

ժ) աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը եւ նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը;

ի) այլ երկրների համապատասխան մարմինների եւ միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքմանը:

ԲԱԺԻՆ 3.

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 8. Հյուրանոցային ծառայություններ

1. Հյուրանոցային ծառայություններն են տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման եւ մատուցման, ինչպես նաեւ կեցության հետ կապված այլ վճարովի ծառայությունները: Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են հետեւյալ ամենօրյա ծառայությունները. անկողնու հարդարում, հաճախորդներին տրամադրված կացարանի եւ սանհանգույցի մաքրում:

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներն են հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան եւ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատենական եւ ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները:

Հոդված 9. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները

1. Հյուրանոցները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազը 10 սենյակ, որոնցից առնվազը 5-ը` մեկ կամ 2 տեղանոց համարներով:

2. Մոթելները այն հյուրանոցներն են, որոնք գտնվում են ճանապարհների հարեւանությամբ եւ, որտեղ մատուցվում են ավտոմեքենաների կայանման եւ տեխնիկական սպասարկման ծառայություններ:

3. Հյուրանոցատիպ հանգրվանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, ունեն առնվազը 5 սենյակ:

4. Առողջարանները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, մատուցվում է նաեւ հատուկ կարգի սպասարկում, այդ թվում առողջարանային, բուժական եւ վերականգնողական:

5. Հանգստյան եւ մասնագիտացված ճամբարները կամ տներն հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ, շինության կամ նրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, սկաուտական, սպորտային, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման, ալպինիստական եւ այլն) վարող անձանց:

6. Պանսիոններն հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, մատուցվում են օրեկան առնվազը 3-անգամ սննդի կազմակերպման եւ մատուցման ծառայություններ:

7. Զբոսաշրջային բնակատեղիները (համալիրներ) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են զբոսաշրջիկների կացության հետ կապված ծառայություններ, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ եւ որոնք ունեն գիշերելու համար առնվազը 20 ննջատեղ:

8. Մանկապատանեկան բնակատեղիները (համալիրները) այն զբոսաշրջային բնակատեղիներն են, որոնք նախատեսված են դպրոցահասակ զբոսաշրջիկների համար:

9. Ճամբարային բնակատեղիները (համալիրները) հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մատուցվում են վրաններով գիշերակացի, սննդի պատրաստման եւ ավտո-մոտո տրանսպորտի կայանման ծառայություններ:

10. Զբոսաշրջային տները հյուրանոցային տնտեսության այն օբյեկտներն են, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում են գիշերակացի եւ սննդի կազմակերպման եւ մատուցման ծառայություններ:

Հոդված 10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը

1.Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:

2.Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը իրականացվում է կամավոր սկզբունքով:

3.Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը իրականացնում է լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված որակավորման կարգերի եւ ընթացակարգի համապատասխան:

4. Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է համապատասխան վկայական:

5. Որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային եւ սույն օրենքում շարադրված նվազագույն պահանջներին:

6. Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցները եւ մոթելները որակավորվում են որակավորման 5 կարգով, որոնք նշվում են հնգաթեւ աստղերով:

ա) Հյուրանոցատիպ հանգրվանները, հանգստյան տները, առողջարանները որակավորվում են որակավորման 4 կարգով, որոնք նշվում են հնգաթեւ աստղերով:

բ) Հանգստյան եւ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, երիտասարդական ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են որակավորման երեք կարգով, որոնք նշվում են հռոմեական թվանշաններով:

7. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք, որոնք սահմանված կարգով ստացել են հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգ, հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման համար, գովազդային եւ այլ նպատակների համար պետք է օգտագործեն սույն օրենքի հոդված 9-ում նշված անուններին համապատասխան անուններ եւ սույն հոդվածի 6 կետում նշված որակավորման կարգերը:

8. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք կարող են օգտագործել միայն սահմանված կարգով ստացված հյուրանոցային օբյեկտների որակավորման կարգեր:

Հոդված 11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ պահանջները

1. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդների համար տեսանելի տեղերում տեղադրել հետեւյալ բովանդակությամբ տեղեկատվություն.

ա) հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվան եւ որակավորման կարգի (եթե առկա է) մասին տեղեկատվություն,

բ) մատուցվող ծառայությունների ցանկը եւ կացությանը առնչվող հիմնական ծառայությունների գնացուցակը (գիշերակացը եւ, եթե կա, սննդի համալիր ապահովումը).

գ) հաշմանդամներին ծառայություններ մատուցելու հնարավորությունը հավաստող տեղեկատվություն:

2. Կետ 1-ի ա) եւ գ) ենթակետերում նշված տեղեկատվությունը պետք է տեսանելի լինի նաեւ դրսից:

3. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը հաճախորդի եւ նրա գույքի անվտանգությունը ապահովելու համար պետք է հաստատի եւ կիրառության մեջ դնի ներքին կանոնակարգ:

4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտին վերաբերող համապատասխան անվան եւ որակավորման կարգի պահանջների սահմանումները, ինչպես նաեւ ծառայությունների ամբողջական գնացուցակը պետք է մատչելի լինեն հաճախորդին եւ տրամադրվեն առաջին իսկ պահանջով:

Հոդված 12. Զբոսաշրջային գործունեության տեսակների լիցենզավորումը

1. Զբոսավարների եւ ուղեկցորդների գործունեությունը լիցենզավորվում է:

2. Լիցենզիա է ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով որակավորում ստացած անձը:

3. Լիցենզավորման գործընթացի արդյունքում ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ »Լիցենզավորման մասին« Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Սույն հոդվածում նշված գործունեության տեսակների լիցենզիաների տրման համար պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման) »Պետական տուրքի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափերով:

Հոդված 13. Զբոսաշրջային օպերատոր եւ գործակալ

1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն են իրականացնում այն անձինք, որոնք ձեւավորում եւ իրացնում են.

ա) տուրեր եւ կեցության կազմակերպման ծառայություններ;

բ) տուրերի եւ կեցության կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայություններ, մասնավորապես, փոխադրման պայմանագրերի կամ տոմսերի իրացման, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղերի ամրագրման, ինչպես նաեւ զբոսաշրջիկների տեղաբաշխման եւ սննդի կազմակերպման ու մատուցման ծառայություններ;

գ) զբոսաշրջիկների հանգստի եւ ճանաչողական նպատակներով, մասնավորապես թանգարանների եւ հուշարձանների այցելությունների կազմակերպված ծառայություններ;

դ) զբոսաշրջային փաթեթներ,

ե) կոնգրեսների, համաժողովների եւ այլ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելիս եւ անցկացնելիս, սույն կետի ա), բ), գ) ենթակետերում ընգրկված ծառայություններ:

2. Սույն հոդված-ի 1 կետի դրույթները չեն տարածվում

ա) այն անձանց սույն հոդվածի կետ 1-ի ա) եւ բ) ենթակետերում նշված գործունեության վրա, եթե այդ գործունեության արդյունքում տվյալ անձինք մատուցում են իրենց կողմից արտադրված արդյունքը:

բ) որոնք զբաղվում են վերգետնյա ուղեւորափոխադրումների իրացմամբ եւ օգտվում են մեկ կամ մի քանի ուղեւարատար տրանսպորտի փոխադրողների միջնորդավորված ծառայություններից:

գ) որոնք սույն հոդվածի կետ 1-ում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն օդային փոխադրումների եւ դրանց հետ կապված իր կամ այլ փոխադրողների կողմից լրացուցիչ տրանսպորտային ուղեւորափոխադրումներ:

դ) որոնք սույն հոդվածի կետ 1-ում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն երկաթուղային փոխադրումներ եւ դրանց հետ կապված իր կամ այլ փոխադրողների կողմից լրացուցիչ տրանսպորտային ուղեւորափոխադրումներ:

3. Զբոսաշրջային գործակալի գործունեությունը զբոսաշրջային արդյունքի միջնորդավորված իրացման գործունեություն է եւ ընդգրկում է սույն հոդվածում շարադրված զբոսաշրջային օպերատորի գործունեության արդյունքում ձեւավորած արդյունքի, այդ թվում զբոսաշրջային փաթեթների իրացումը:

Հոդված 14. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների նկատմամբ պահանջները

Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող անձի նկատմամբ պահանջն է՝ գրասենյակային տարածքի առկայությունը. սեփականության կամ օգտագործման հիմունքներով:

Գրասենյակը պետք է սարքավորված լինի հետեւյալ պահանջներին համապատասխան.

- զբոսաշրջային օպերատորի անվանումը եւ գործունեության բնույթը ներկայացնող ցուցատախտակի առկայություն,

- հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն,

-հաճախորդների համար սպասարկման համապատասխան տեղերի (աթոռ, բազկաթոռ) առկայություն:

Հոդված 15. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների պարտավորությունները

1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է գրասենյակում՝ հաճախորդների համար տեսանելի մասում, տեղադրել հետեւյալ տեղեկատվությունը.

-պետական գրանցման վկայականի պատճենը,

-սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը,

-զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձեւակերպվող փաստաթղթերի օրինակները,

-իր կողմից ձեւավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութեր:

-Հայաստանը գովազդող տեղեկատվական, գովազդային պրակների եւ այլ նյութեր:

2. Զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է գրասենյակում՝ սպառողներին տեսանելի մասում, տեղադրել հետեւյալ տեղեկատվությունը.

- պետական գրանցման վկայականի պատճենը,

- սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը,

-զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձեւակերպվող փաստաթղթերի օրինակները,

- ձեւավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութեր,

- ժամանման երկրները գովազդող տեղեկատվական, գովազդային պրակներ եւ այլ նյութեր:

-վտանգավոր վարակներով երկրների ցանկը.

-անձնագրային եւ վիզային ձեւակերպումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր,

-ժամանման երկրների ազգային սովորույթների, կրոնական ծեսերի, սրբավայրերի, բնության, մշակույթի, պատմության եւ այլ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների, հատուկ պահպանվող հուշարձանների, օրենսդրական, կրոնական պահանջների եւ արգելքների վերաբերյալ այնպիսի տեղեկատվական նյութեր, որոնք անհրաժեշտ են համապատասխան շրջագայության ընթացքում:

3. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցելիս զբոսավարների եւ (կամ) ուղեկցորդների ծառայություններից օգտվելիս, պարտավոր են օգտվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող զբոսավարների եւ (կամ) ուղեկցորդների ծառայություններից:

ԲԱԺԻՆ 4.

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ, ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Զբոսաշրջիկների օրինական շահերի պաշտպանությունը

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային արդյունքը տրամադրվում է սպառողի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր պայմանագրի կնքմամբ:

1. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը մինչ պայմանագիր կնքելը պարտավոր է զբոսաշրջիկին տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների

ա) անձնագրային, մուտքի եւ ելքի պահանջների;

բ) ժամանման կամ տարանցիկ երկրներում` առողջության հետ կապված սահմանափակումների եւ պահանջների (անհրաժեշտ ներարկումներ եւ այլն);

գ) տրանսպորտային տուրքերի եւ հատուկ գանձումների;

դ) ուղեւորային փոխադրումների ընթացքում պահանջվող մաքսային սահմանափակումների;

ե) դրամային փոխարժեքի;

զ) դժբախտ պատահարների դեպքում, ինչպես նաեւ առողջության ու կյանքի ապահովագրության հետ կապված պահանջների կամ երաշխավորությունների մասին:

2. Մինչ զբոսաշրջային փաթեթի մատուցումը, զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է հաճախորդներին

ա) տեղեկացնել իր այն գործընկերների գտնվելու վայրերը (հասցեները) ու հեռախոսահամարները, որոնց զբոսաշրջիկները կարող են դիմել խնդիրներ ծագելու պարագայում,

բ) մատուցել մանկական զբոսաշրջային միջոցառումների դեպքում երեխայի կամ պատասխանատու անձի հետ ժամանման վայրում ուղիղ կապ ապահովելու միջոցների մասին տեղեկատվություն,

գ) տեղեկացնել պլանավորած ճանապարհորդության տեւողությունը, կանգառների եւ կայանումների տեղերն ու ժամկետները:

3. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտի եւ զբոսաշրջիկի միջեւ կնքվում է գրավոր պայմանագիր: Պայմանագրում պարտադիր կարգով նշվում են.

ա/ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, ինչպես նաեւ ստորագրողի անուն, ազգանունը,

բ/ զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը եւ (կամ) շրջագայության երթուղին,

գ/ զբոսաշրջային երթուղու տեւողությունը կամ զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամկետները,

դ/ ուղեւորության ընթացքում մատուցվող ծառայությունների տեսակները, որակական ցուցանիշները եւ ժամկետները, այդ թվում.

ե/ զբոսաշրջային փաթեթի գինը` բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի եւ տուրքերի /եթե դրանք ներառված չեն գնի մեջ/ մանրամասնություններով, ինչպես նաեւ պարզ ձեւակերպված այն հանգամանքները, որոնք կարող են բերել գնի փոփոխմանը,

զ/ վճարման ձեւը եւ պայմանները,

է/ զբոսաշրջային ապահովագրության տեսակը եւ չափը, եթե այն առկա է:

4. Պայմանագրով որոշված զբոսաշրջային փաթեթի գինը չի կարող փոփոխվել միակողմանիորեն, եթե պայմանագրի մեջ նշված չէ դրա հնարավոր փոփոխման հիմքերի մասին, ընդ որում, գնի աճի դեպքում զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է փաստաթղթերով հիմնավորել այդ աճը, որը կարող է վերաբերել միայն.

ա) տրանսպորտային ծախսերին,

բ) մաքսային գանձումներին, այն տուրքերին եւ գանձումներին, որոնք առնչվում են օդանավակայաններին եւ նավահանգիստներին,

գ) տարադրամի փոխարժեքին:

Պայմանագրում նշված գինը չի կարող աճել մեկնման ժամկետին նախորդող մինչեւ 20-րդ օրը ներառյալ ժամանակահատվածում:

5. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը զբոսաշրջային խմբի ղեկավարին, իսկ նրա բացակայության դեպքում, զբոսաշրջիկներին զբոսավարով կամ ուղեկցորդով ապահովելու դեպքում, պետք է զբոսավարին կամ ուղեկցորդին տրամադրի գրավոր հանձնարարական, ուր նշված կլինեն զբոսաշրջային ծառայությունների մատուցման վայրը եւ տեւողությունը, ինչպես նաեւ զբոսաշրջային միջոցառման անցկացման շրջանակներում լիազորությունները հաստատող փաստաթուղթ:

6. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը, արտագնա զբոսաշրջային ուղեւորություններ կազմակերպելիս, պետք է ապահովի ժամանման երկրում համընդհանուր օգտագործվող լեզվի իմացությամբ կամ արտասահմանի գործընկերոջ հետ պայմանագրում համաձայնեցված լեզվի իմացությամբ զբոսավարի առկայությունը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

7. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը, ներգնա ուղեւորությունները կազմակերպելիս պետք է ապահովի զբոսաշրջիկների հետ անկաշկանդ շփման համար անհրաժեշտ լեզվի կամ արտասահմանցի գործընկերոջ հետ պայմանագրում համաձայնեցված լեզվի իմացությամբ զբոսավարներ կամ ուղեկցորդներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 17. Զբոսաշրջիկի իրավունքները

Ժամանակավոր բնակության եւ տարանցման վայրերում զբոսաշրջիկն իրավունք ունի՝

ա/ ստանալ պայմանագրով եւ շրջագայության ծրագրով նախատեսված զբոսաշրջային ծառայությունների համալիրը,

բ/ անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի իրավունքների եւ գույքի պաշտպանության,

գ/ պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան,

դ/ իր համար հասկանալի լեզվով՝ զբոսաշրջային գործունեության սուբյեկտից ստանալ լրիվ եւ օբյեկտիվ տեղեկատվություն` ժամանման երկրի (վայրի)՝ զբոսաշրջության հետ առնչվող օրենքների եւ բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորությունների, հասարակական եւ կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակույթային, հնագիտական, ճարտարապետական, պատմական եւ բնական արժեքների, ապահովագրության պայմանների, զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանագրի պայմանների մասին:

Հոդված 18. Զբոսաշրջիկի պարտականությունները եւ պատասխանատվությունը

1. Ժամանակավոր կացության եւ տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պարտավոր է՝

ա/ պահպանել զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պայմանները եւ կանոնները,

բ/ հարգել ժամանման երկրի (տեղանքի) քաղաքական եւ սոցիալական կարգը, ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները,

գ/ չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները եւ կատարել ժամանման երկրի տարածքում գործող օրենքների պահանջները,

2. Ժամանակավոր կացության եւ տարանցիկ վայրերում զբոսաշրջիկը պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում իր ապօրինի գործողությունների հետեւանքով առաջացած նյութական վնասի փոխհատուցմամբ:

Հոդված 19. Օտարերկրյա պետություններում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

Օտարերկրյա պետությունում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են ժամանման երկրի օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով:

Հոդված 20. Պետության պարտավորությունները օտարերկրյա զբոսաշրջիկների եւ օտարերկրյա պետություններում զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ

1. Պետությունն ապահովում է օտարերկրյա զբոսաշրջիկների իրավունքները եւ օրինական շահերը՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Պետությունը պարտավոր է հնարավորինս բոլոր միջոցները ձեռնարկել արտագնա զբոսաշրջային ճանապարհորդություն իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանությունը ապահովելու համար:

ԲԱԺԻՆ 5.

ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Զբոսաշրջիկի անվտանգության ապահովման համակարգը

1. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները մշակում են միջոցառումներ, իրենց կողմից կազմակերպվող զբոսաշրջային ճանապարհորդություններին, արշավներին, էքսկուրսիաներին եւ այլ միջոցառումներին մասնակցող զբոսաշրջիկների անվտանգության ապահովման, վնասվածքների եւ դժբախտ պատահարների կանխարգելման համար:

2. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները պարտավոր են պետական համապատասխան մարմիններին անհապաղ տեղյակ պահել զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին:

ԲԱԺԻՆ 6.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Զբոսաշրջային բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը

1.Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքի Հոդված 10-ի 7-րդ եւ 8-րդ կետերի պահանջների խախտումը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:

3. Սույն օրենքի Հոդված11-ի պահանջների խախտումը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված բազային տուրքի հիսունապատիկի չափով:

4. Լիազոր մարմնի որոշմամբ նշանակված տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարվելու դեպքում յուրաքանչյուր ուշացված օրվա, բայց ոչ ավել քան 365 օրվա համար, հաշվարկվում է տույժ՝ գումարի 0,15 տոկոսի չափով:

5. Պատասխանատվության կիրառումը սահմանող վարույթը իրականացվում է »Վարչական իրավախախտումների վերաբերյալ« ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով:

ԲԱԺԻՆ 7.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 23. Անցումային դրույթներ

1.Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում զբոսաշրջային գործունեություն իրականացնող եւ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը սույն օրենքի պահանջներին: