Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-8931-03.05.2010,13.12.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքում լրացնել նոր` 45.2-րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 45.2. Հարկ վճարողների կողմից չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակները «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածով սահմանված ժամկետներում» չվերադարձնելու կամ տարածքային հարկային տեuչությունների կամ տարածաշրջանային մաքսատների կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված դրոշմապիտակների թվին, տեuակին համապատաuխան հարկ վճարողի կողմից ավելացված արժեքի հարկի մասով հաշվարկվում են հարկային պարտավորություններ:

Հարկային պարտավորությունները հաշվարկվում են հիմք ընդունելով նախորդ կիսամյակում հարկ վճարողի նույն տեսակի ապրանքի համար կիրառած միջին գները: Նախորդ կիսամյակում նույն տեսակի ապրանքի իրացումների բացակայության դեպքում սույն հոդվածով սահմանված հարկային պարտավորությունները հաշվարկվում են ելնելով նախորդ կիսամյակում հարկ վճարողի նույնանման ապրանքի համար կիրառած միջին գներից, իսկ նման իրացումների բացակայության դեպքում` համեմատելի հանգամանքներում այլ հարկ վճարողների կողմից կիրառված գներից: Սույն հոդվածին համապատասխան հարկային պարտավորություններ հարկ վճարողի կողմից չհաշվարկվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում են հարկային մարմնի կողմից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հիմնավորում

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը բխում է տնտեսության մեջ որոշ ապրանքների շրջանառության իրական ծավալներն արձանագրելու եւ դրանով իսկ հարկումից խուսափելու հնարավորությունները սահմանափակելու քաղաքականությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով հաշվառման համակարգ կիրառվում է միայն ենթաակցիզային ապրանքների նկատմամբ, մինչդեռ ինչպես վկայում է միջազգային առաջավոր փորձը, հաշվառման համակարգ կիրառվում է նաեւ լայն սպառման համար նախատեսված որոշ ապրանքների համար: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս բացակայում են օրենսդրորեն ամրագրված այնպիսի վարչարարական լծակները, որոնք թույլ կտան վերահսկել այդ ապրանքների շրջանառության իրական ծավալները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը բխում է հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման քաղաքականությունից:

Նախագծով առաջարկվում է ներդրնել որոշ ապրանքների հաշվառման այնպիսի համակարգ, որը կբարձրացնի տվյալ ապրանքների հաշվառման նկատմամբ կիրառվող հարկային վարչարարության արդյունավետությունը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծերի փաթեթի կարգավորման նպատակը հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակումն է: Նախագծերի ընդունումը հնարավորություն կընձեռի հասնելու դրա կարգավորման նպատակին, քանի որ նախագծերով նախատեսվում է կիրառել հարկումից խուսափելու դեմ պայքարի նոր գործիքներ` դրանով իսկ սահմանափակելով հարկումից խուսափելու հնարավորությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: Նախագծի մշակմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան մասնագետները:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ որոշ ապրանքների հաշվառման համակարգի ներդրումը կբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը, որն էլ իր հերթին թույլ կտա ստեղծել լրացուցիչ պայմաններ պետական եկամուտներ հավաքագրելու, երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ ապրանքների կեղծումներից սպառողների շահերը պաշտպանելու նպատակով: