Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 9.6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) 9.6.1. հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար`
9.6.1.1. | հանրապետական սփռման համար` տարեկան | բազային տուրքի 20000-ապատիկի չափով |
9.6.1.2. | մայրաքաղաքային սփռման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
9.6.1.3. | մեկ մարզի տարածքում սփռման համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
9.6.1.4 | մայրաքաղաքից դուրս մեկ մարզի առանձին քաղաքների եւ գյուղերի տարածքում սփռման համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
9.6.1.5. | մեկից ավելի մարզերի ամբողջ տարածքում սփռման համար` տարեկան | բազային տուրքի 150-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) նպատակն է արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին եւ չեղյալ համարել տարածքային/մարզային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններից գանձվող պետական տուրքի անհիմն բարձրացումը: Խոսքը մեկ մարզի տարածքում սփռում ապահովող հեռուստաընկերությունների մասին է, որոնք մեծ մասամբ սահմանափակված են մարզային մեկ քաղաքի տարածքով: Սակայն հատկանշական է այն, որ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-121-Ն) օրենսդիրը անտեսել է մեկ մարզի առանձին քաղաքում, գյուղում եւ մեկ մարզի ամբողջ տառածքում, ինչպես նաեւ մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակվող հեռուստաընկերությունների տարբերությունը, անտեսելով մի քանի կարեւոր հանգամանք: Դրանք են`
- մարզերի առանձին տարածքներում գործող հեռուստաընկերությունների` առաջիկա արտոնագրման մրցույթին չմասնակցելը եւ հետեւաբար իրենց գործող լիցենզիաների երկարացումը մինչեւ 2015 թվական պահպանում է անալոգային հեռարձակման համար տրված լիցենզիաների թե` իրավունքները, թե` պարտավորությունները, այդ թվում ֆինանսական,
- տեղական հեռուստաընկերությունների հանրային դերը տեղական մակարդակով լրատվություն տարածելու գործում անփոխարինելի է,
- սփռման գոտիների գովազդային շուկաների տարբերությունը եւ հետեւաբար եկամուտների ստացման էական տարբերությունը:
Այսպիսով, հավասար մրցակցության համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ, որոնք իրականում վտանգել են մարզերում գործող տեղական հեռարձակողների գոյությունը:
Կարեւոր ենք համարում նաեւ ընդգծել այն, որ որոշ մարզային հեռուստաընկերությունների տարեկան եկամուտը կազմում է առաջարկվող պետական տուրքի 30%-ը, ինչը չափազանց մեծ գումար է փոքր հեռուստաընկերությունների համար եւ հարցականի տակ է դնում պետական տուրքի չափի ողջամտությունը:
Առաջարկվող նախագիծը կոչված է ապահովելու մրցակցության հավասար պայմաններ, ինչպես նաեւ սահմանելու բազային տուրքի ողջամիտ չափը:
Եզրափակելով, հարկ ենք համարում սույնով արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին եւ հայտնել, որ պետական տուրքերի չափերի վերանայումը հրատապ լուծում պահանջող հարց է, որը պետք է արժանանա գործադիր եւ օրենսդիր իշխանությունների լուրջ ուշադրությանը: